Թափանցիր մեջս մորեմերկ
մտիր մեջս,
կլանվիր ընդերքս
ալիք-ալիք անցիր տակս
խորքս սուզվիր
ընկղմվիր մարմնովդ ողորկ
ու լպրծուն ներսս
թաց
պահիր շունչդ
ափերովդ, բազուկներովդ
բացիր ինձ, փխրեցրու
մեծացրու խորքերս
ընդարձակիր սիրտս
թաթախվիր, սողոսկիր
խորշերս
անտակությունս քեզնով արա
ներքաշվիր, թափանցիր
ոտքերովդ մղվելով առաջ
ոտնաթաթերովդ ջրերս հետ մղելով
մարմինդ, խոնավությունդ
մերկությունդ մեջս շաղելով
վարարելով ձգվիր
իմ առաձգականությունից
գրգռված
իմ քնքշությունից
մեղկացած
լուծվիր մեջս
գլխով հարելով փափկությունս
գլխահարելով
անդիմադրողականությունս
մինչև կներշնչվեմ
քթանցքներովդ
հրելով թոքերդ
հուր անելով խոռոչդ
ու սուզվելով մեջդ
մեղմ ու մորեմերկ
կառնեմ քեզ անցքերս
խորքերովդ կանցնեմ
ու կմիանամ ինձ
ներսս կծծեմ քեզ
կլուծեմ
հանգստությանս մեջ
սառնությանս մեջ
անշարժությանս մեջ
***
ծովում կորած երեխաներին չեն գտնում
նրանց հաշվից դուրս են հանում
ու լուռումունջ կանգնում ափին
ես կանգել էի մետրոյի մուտքի մոտ
իսկ հետևումս աշունն արդեն մտնում էր
ձմեռվա մեջ
դու չես երևում
երևի տուն գնամ
քամին սառում է,
ոտքերս սկսեցին քարանալ
ավտոբուսում ինչպես միշտ
խեղդոց է
ծովում կորած երեխաներին չեն գտնում
նրանց համար գերեզման չեն գնում
ու հաճախ չեն նրանց մասին
խոսում
մետրոյի մուտքի մոտ
հիմա էլ չեմ կանգնում
արագ քայլերով մտնում եմ ու
դուրս գալիս
ավտոբուսներում բոլորն են
խեղդվում
ու ես էլ եմ երևի
ամբողջ ուժով շնչում ու
արտաշնչում ու կոտրում եմ
ինչ-որ
մեկի կրծքավանդակը
***
Տրոփիր երակներիս մեջ
գանգիս մեջ ծիլ ու շիվ տուր
վերածնվիր
սնվիր շիճուկովս
բջիջներիս տակի հանքերով
ձգիր արմատներդ
ու քոքիցս ներքաշիր
սերմերս
պարարտացրու քեզ
սնիր ինձնով քեզ
ոսկրածուծդ փարթամեցրու, պնդացրու
հասկերդ ուռեցրու
կոնքերդ փքիր, պարանոցդ կորագծիր
քամիր միջիցս կերպարանքդ,
ձայնդ, հոտդ
մրզիր այգիներիս ոսկին
ու արծաթը կոկորդիդ մեջ,
կուլ տուր ախորժակով
կանոնավոր
ու անթաքույց
անհագուրդ
իմ ամպերի մեջ քնիր
ու լող տուր լճերումս
իմ անտառներում խաղ արա
իմ մեջ մնա
իմ մեջ կյանք ու սեր արա
իմ մեջ մնա
իմ մեջ ճամփա ընկիր
ու հետդ երեկո բեր տուն
իմ մեջ մնա
եղիր տեր
ու թևածիր
իմ մեջ
***
Դրսում ցուրտ է,
ձմեռ
ու սառը
տանն էլ մի բան չէ
ձեռքերս ճաքճքել են
ու կոշտացել
մրսելուց սովորաբար քեզ եմ տեսնում
այս բարձրությունից
ցուրտը թվում է
մանկական աչքերով
նիհար- միհար
փոքր կրծքերով
անընդհատ խոսող
աղջիկ
սառցալուլա ձեռքերով
սառցալուլա ոտքերով
այս տարածությունից
ճանապարհները սառցակալած են
կիսամթին փողոցից տուն գնալ չի լինում
մնում ես ճաքճքած դեղին լույսի
բռունցքի տակ
նիհար-միհար ձմեռվա մեջ
վերարկուիդ մեջ
մտած