Հայ ժողովրդի պատմության էջերում հաճախ ենք կարդում պատերազմների մասին, գրեթե ամեն սերունդ կյանքի այս կամ այն փուլում տեսել է պատերազմի սարսափելի դեմքը։ Այս սերունդն էլ բացառություն չէր։ Զարհուրելի պատերազմը մեզնից խլեց լուսե կյանքեր, երազանքներ, հավատ ու հայրենիք….
Եվ նորից կարող ենք վկայակոչել Խորենացու «Ողբը»…
Այս պատերազմում պարտվել ենք բոլորս. հաղթել են միայն նահատակված տղերքը, իրենց դիրքերի համար կենաց և մահու պայքար մղած ազնիվ քաջերը։ Մեր պարտությունը շատ խոր արմատներ ունի։
Մենք սիրում ենք միֆերով կերակրվել, հավատալ դրանց իրականությանը՝ հաճախ դրանց իրագործման համար գործնական որևէ քայլ չանելով։ Մեր հիշողությունը շատ կարճ է։ Արագ մոռանում ենք վտանգները, տրվում նեղ անձնական շահերին, կորցնում զգոնությունը….
Կարծում եմ, առաջինը՝ պարտությունը մեր մտածողության մեջ է։
Տարիներ շարունակ կրթության անմխիթար վիճակը, հետևողականորեն շարունակվող մշակութային սպանդը մեր հասարակության մեջ մեռցրել են շատ արժեքներ, ինչպիսին է՝ հայրենիքն անշահախնդրորեն սիրելը։ Մեզնից շատերը հայրենիքն ընդունել են որպես ստնտուի. քամել նրա բարիքները, վայելել ու փոխարենը ոչինչ չեն տվել….
Մեր կրթության պատասխանատուներն ամեն ինչ արել են, որ օտար լեզուներն ավելի գրավիչ ու հոգեհարազատ դառնան, քան հայոց լեզուն և հայ գրականությունը։
Նրանք նաև ամեն ինչ արել են, որ մտածող, վերլուծող մարդու փոխարեն ձևավորեն հեշտ կառավարվող, ընտրակաշառքը որպես աստվածային պարգև ընդունող մարդու, որին կառավարելը հեշտ է։
Մենք չսովորեցինք, որ պետությունը բացարձակ արժեք է, հայրենիքը սրբություն չէ, այլ մեր մի մասնիկը. սրբությունը մենք հեռահար ու հաճախ անգիտակցաբար ենք պաշտում, իսկ հայրենիքը պետք է սիրել հարազատի պես, լացել նրա ամեն ցավի համար, հպարտությունից խեղդվել նրա ամեն ձեռքբերումից, քո ուժերի սահմաններում և դրանից անդին ամեն բան անել, որ այն բարգավաճի, ծաղկի, ավելի հզոր և ամուր դառնա։
Մեր ազգը բացառիկ է բոլոր առումներով՝ թե՛ բացասական, թե՛ դրական։ Հայի տականքից ոչ մի տեղ չես գտնի, բայց հայի արարող, սրտացավ, գիտակից ու հայրենասեր տեսակից էլ չես գտնի որևէ տեղ։
Մեր երկրի հիմքը հենց այդպիսի անհատները պետք է լինեն։ Մենք անհատների ներուժի հաշվին առաջ գնացող ազգ ենք։ Ես ուզում եմ, որ այդ անհատները լինեն իսկական մտավորականները, անկաշառ ղեկավարները, սրտացավ բանվորն ու վարորդը, ուսուցիչն ու բժիշկը…
Դպրոցը հասարակության մանրակերտն է։ Մտե՛ք որևէ դպրոց և հենց մուտքից կզգաք՝ տնօրենն ինչ արժեքներ է դավանում, ինչ մթնոլորտ է ստեղծել։ Մեր հասարակությունը կարիք ունի հայրենիքն անվերապահորեն սիրող առաջնորդների, պետական պաշտոնյաների։ Պետությունը ներկայացնող մարդը պիտի գիտակցի, որ այն, ինչ թույլատրելի է հասարակ մարդկանց, թույլատրելի չէ պետական այրերին ու տիկնանց։
Առաջնորդվի ոչ թե անձնական շահերով, այլ հասարակական բարօրության տեսլականն ունենա իր մտքում։ Մեզ այս ճահճից դուրս գալու համար հզոր առաջնորդ է պետք։ Պատերազմը մեզ շատ չարացրեց. մեզ նաև շա՜տ սեր ու միասնականություն են պետք։ Միայն առողջ մթնոլորտում է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի։ Հայն ու հայաստանցին պիտի հասկանան՝ եթե ուզում ենք աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ապրել (գոյատևել բառից խուսափում եմ), և ապրել արժանապատիվ ու երջանիկ, պետք է ամենօրյա սթափ աշխատանք, գիտակցում, որ հայրենիքը բացարձակ արժեք է, վերանձնական շահեր։ Ու եթե մեր անձնական կյանքում մեղանչումները ներելի են, ապա հայրենիքի նկատմամբ մի չնչին իսկ զանցանքն անթույլատրելի է։
Միայն այս դեպքում մեր հաղթանակը մշտահաստատ կլինի, իսկ ես հավատում եմ մեր հաղթանակին։