Բարձր,
Բարձրագույն
Քաղաքակրթություն
Մոլորակը խիստ բեռնված ավտոբուս է,
Որի տոմսը արժե միայն կոկիկ հագուստ,
Ուռած գրպան, օծանելիք,
Ճարտար լեզո՛ւ, և ո՛չ երբեք խելոք գլուխ,
Եվ աքացի այն հետույքին,
Որի տեղը քո՛նը պիտի պինդ սոսնձվի
Այնքան ամուր, որ չստանաս
Քո նմանի անակնկալ աքացին…
Երբ հաջողվեց, ու նստեցիր,
Ոչ մի վայրկյան չվարանես,
Նամանավանդ, եթե ճարպիկ ճանկեր ունես,
Ու հատկապես, երբ պատրաստ ես`
Մինչև դրկից կոկորդ հասնես,
Վերջին հացն էլ քեզնով անես:
Հափշտակեցի՞ր,
Ատամներ պիտի շատ սուր ունենաս,
Որ հաջորդ թաթը կծել հասցնես:
Պիտի հաստանա՜ս ու հարստանա՜ս,
Մինչ կողքիդ նստածն աթոռից ընկնի,
Որ քո՛ ժառանգին կողքդ սոսնձես…
Եվ սրան կասեն, կշաղակրատեն,
-Բա՜րձր, բարձրագո՜ւյն
Քաղաքակրթություն…
Թեև կրթվածին անտառն է հաճո,
Ուր առյուծն առյուծ է, իսկ կատուն` կատու,
Եվ չկան գայլեր գառան մորթիով…
Դու, որ ազնիվ ես,
Թե հաջողակ ես, երբ հաջողացնես,
Քո պես շիվարած նմանիդ գտնես,
Շինի՛ր մի փոքրիկ, մի հարմար անկյուն
Բոլորից թաքուն.
Էնպիսի մի տեղ, ուր չեն
արածում գել ու գազաններ,
Ուր չեն աղմկում, չեն աղաղակում.
— Բա՜րձր, բարձրագու՜յն
Քաղաքակրթություն…
Ու սերմդ ցանիր քո՛
անմոլորակ այլմոլորակում…
Ոչի՛նչ…
Ես և այն շենքն եմ քրտնած ուսերով,
Որ կռացել է վարագույրի տակ,
Որ չնկատի չնկատելը քո…
Եվ այն մերկ ծառը՝
Վաղուց չորացած իր լեզուներով,
Որ չեն սոսափում խուլ բամբասանքներ…
Եվ ջրափոսը,
Որի մեջ քար են նետում փոքրերը,
Ճիշտ այնպես,
Ինչպես զվարճանում են փոքր մեծերը…
Եվ այն տերևն եմ ցեխոտ մայթեզրի,
Որի մեջ կյանք կար միառժամանակ…
Ես ամենուր եմ, ամեն տեղ, քիչ-քիչ…
Ու երբ պատահմամբ ոտնակոխ անես՝
Հետո՞ ինչ, ոչինչ…
Գուցե փշրվեմ ու դողամ մի քիչ…