Ես հոգնած էի ու չկարողացա փշաքաղվել: Փնտրեցի ինչ-որ հարմարանք: Գտա: Պարզվեց աթոռ է:
Ձախ կողմում վառվող գազօջախ կա: Գազօջախի վրա կաթսան է: Կաթսայի մեջ` շերեփը: Ինչ-որ ձախ ձեռք խառնում է կաթսայի պարունակությունը, իսկ աջը գրպանում է: Երկմտելու կարիք չկար. նա է: Շոշափեցի: Ես էի` նորից աթոռին նստած:
Ճաշեցինք: Ընթացքում անձեռոցիկը ճմրթվեց, հյութը թափվեց սփռոցին, բաժակը կոտրվեց ու ապակին կտրեց մատս: Վերջում մոռացվեց ու մոռացանք խոսել:
Գուլպայի թելը կարմիր է, փափուկ, բայց քիչ: Երևի վերջում ստիպված լինենք սև թել ավելացնել: Ես նստեցի գետնին` կծիկը պահելով ափերիս մեջ: Այսպես նրան ավելի հետաքրքիր կլինի գործել: Նա դիտմամբ կտրուկ կքաշի թելը` իբր կծիկը քանդելու համար: Շարժումը կփոխանցվի կծիկին: Կծիկը խուտուտ կտա: Ափերիս միջով խուտուտը կբարձրանա վերև` արմունկներով, ուսերով, պարանոցով, ու ես կժպտամ:
Սովորաբար նա ավելի արագ է գործում, քան ես. հատկապես երաժշտության ներքո: Հարկավոր է ուղղակի որսալ ռիթմը, և աշխատանքն ավելի արդյունավետ կլինի:
— …
— Ի՞նչ: Չլսեցի: Կրկնի՛ր:
— Տխուր եմ,- ասաց նա:
— Կարող ես պարել:
Նա հենց սկզբից չկարողացավ զգալ երաժշտության ռիթմը ու սկսեց անկանոն շարժվել: Օրորվում էր հարբածի պես: Թափթփված մի շարժումով մոտեցավ ինձ ու տարավ պարելու: Այժմ երկուսով էինք օրորվում: Ձեռքերս դրեցի նրա կոնքերին ու զգացի մարմնի գոլությունը: Երևի նա էլ նույնը զգաց: Մենք սովորաբար ջինսե տաբատներ ենք հագնում, որոնք լայն են ու կոնքերից ներքև:
— Ուզում եմ, որ համբուրես ինձ,- ասաց նա:
Դա ասվեց այն պահին, երբ արդեն սեղանին էինք: Մոտեցա, որ համբուրեմ շուրթերը:
— Ո՛չ, չեմ ուզում այդպես: Մի տեսակ ամաչում եմ: Ծունկս համբուրի՛ր,- ու ցույց տվեց աջ ծունկը:
— Դու ստիպված կլինես հանել տաբատիդ աջ փողքը:
Նա Ժպտաց: Մի քանի կտրուկ շարժումով պատռեց ջինսը, ու ես համբուրեցի: Այսպիսով` մենք էականորեն տարբերվում ենք…
Արդեն ոչ: Նա հենց նոր պատռեց և իմ տաբատը:
Անձայն ժամացույցը հյուսիսային պատին էր: Ժամացույցը նաև հնաոճ էր ու անտեսված: Ինչ վերաբերում է պատին, ապա այն դեղնականաչավուն է: Այսինքն` ոչ դեղին, ոչ կանաչ: Ուզում եմ ասել դեղին է, ուղղակի տեղ-տեղ խոնավությունից կանաչել է` հատկապես առաստաղի մոտ:
— Սենյակները հավաքե՞լ ես:
— Այո,- ասաց նա:
— Բոլո՞րը:
Գլխով դրական շարժում արեց:
— Վստա՞հ ես:
Չպատասխանեց:
Դա այն պահն էր, երբ պատուհանից դուրս նայեցինք, բայց մութ էր, ու ոչինչ չերևաց: Ցուցադրաբար հորանջեցինք` միմյանց հուշելու, որ քնելու ժամանակն է:
Սենյակի պատին ամրացված դարակները լայն են: Կարելի է ասել` նաև փոշոտ, ծանրաբեռնված միատեսակ իրերով:
— Այստեղ չես հավաքել,- իրար ետևից իրերը նետեցի հատակին,- երևի մոռացել ես:
Նա նայեց ուղիղ աչքերիս մեջ: Երևի բարկացավ: Ես ուշադրություն չդարձրի:
— Ուզում եմ քնել: Անջատի՛ր լույսը:
Երբ պառկեցի, նա անջատեց լույսն ու մոտեցավ ինձ: Մութ էր, չկարողացա կռահել ու կանխել նրա գործողությունները: Նա գեր չէր, բայց համենայնդեպս ծանր էր ինձ համար: Ես դա ավելի սուր զգացի, երբ պառկեց ինձ վրա:
Խնդրեցի նրան տեղափոխվել.
— Վեր կաց, մազերդ խանգարում են շնչել: Իսկ թիակներիդ ոսկորները ցավեցնում են մարմինս: Այսպես երկար չեմ դիմանա:
Բայց նա վաղուց հարմար տեղավորվել էր: Ձեռքերը խաչել էր կրծքին, հայացքը ուղղել առաստաղին: Եվ այսպես մինչև այն պահը, երբ դրսից լսվեց շների ոռնոցն ու զարթուցիչի փոխարեն հիշեցրեց լուսաբացի մասին:
Մյուս պատը հարավային կողմում էր: Նրան նայելը մի փոքր անհետաքրքիր էր: Ի տարբերություն նախորդի` վրան ժամացույց կամ բորբոսի հետքեր չկային: Ընդամենը մի քիչ ճաքճքված էր, ոտքերով գետնին խփելիս ցնցվում էր:
— Հիշո՞ւմ ես, երեկ ես դասավորել էի բոլոր դարակները,- ասաց նա,- իսկ դու թափեցիր:
— Հիշում եմ:
— Այսպիսով` ես որոշեցի:
Նա բռնեց մազերս ու տարավ հայելու մոտ: Հայելին անդրադարձրեց մեր պատկերները: Մենք գեղեցիկ չենք և նման ենք միմյանց: Հետո հայելին անդրադարձրեց հատակին փունջ-փունջ ընկնող մազերը անկանոն, անհավասար կտրված:
Հարցրի. «Մազերս խուզելո՞ւ ես»:
Ասաց. «Ո՛չ, միայն կկտրեմ»:
Հայելին անդրադարձրեց իմ այլայլված դեմքը, բայց ցավը չկարողացավ արտացոլել:
Մենք սովորաբար մոռանում էինք, բացի այդ` չէինք կարող ենթադրել կամ առավել ևս հանդուրժել օտար մեկի ներկայությունը:
Իսկ ժամանակը հիշեցրեց, որ ժամանակն է հիշել իր գոյության մասին: Հյուսիսային պատի ժամացույցի միջից անծանոթ կենդանի դուրս եկավ ու ասաց.
— Կո՛ւ-կո՛ւ:
Զարմացանք: Մինչ այդ նրան չէինք տեսել:
— Կո՛ւ-կո՛ւ:
Ո՛չ գազան էր, ո՛չ սողուն, ո՛չ կաթնասուն, իմիջիայլոց, սկյուռիկ էլ չէր:
— Կո՛ւ-կո՛ւ:
Երկու ոտք, մի գլուխ, երկու թև…
— Կո՛ւ-կո՛ւ:
Բազե՞: Ո՛չ: Ծիծեռնա՞կ: Ո՛չ: Համենայնդեպս, ոչ էլ արծիվ կամ թութակ:
— Կո՛ւ-կո՛ւ,- ասաց թռչունն ու մտավ իր բույնը:
Թռչունը չէր կարող և չպետք է խանգարեր մեր առօրյա հանգիստը: Նախկին անդորրը վերականգնելու պատրվակով առաջարկեցի կտրել նրա մազերը:
— Զբաղված եմ: Քո պատճառով գուլպան կիսատ եմ թողել,- ասաց նա:
Դա ինձ չի խանգարում: Շարունակիր գործել, միայն գլուխդ շատ չշարժես: Մազերը փունջ-փունջ ընկան բազմոցի հենակին, նրա ուսերին, երբեմն` կծիկի վրա: Խառնվեցին կարմիր թելի հետ ու դարձան գործվածքի բաղկացուցիչ մասը:
Սանրվածքն իր վարպետությամբ աչքի չէր ընկնում, բայց ես գոհ էի: Երբ վերջացրել էի, ասաց.
— Ոտքիս եղունգներն էլ կտրիր:
Մի փոքր անհանգստացա: Ուրիշի եղունգներ կտրելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ինձ առաջին անգամ էին նման խնդրանքով դիմում: Վերջապես, ես սովոր էի միայն իմ եղունգները կտրել: Մի քանի դիրքեր փորձեցի: Վերջում որոշվեց, որ ոտքը դնի գոգիս: Այս դիրքը երկուսիս էլ հարմար էր:
— Կո՛ւ-կո՛ւ:
Թռչունը խանգարում էր` շեղում ուշադրությունս:
— Կո՛ւ-կո՛ւ:
Ես ավելի նյարդային դարձա: Ակամա հայացքս ուղղում էի ժամացույցին:
— Կո՛ւ-կո՛ւ:
Մկրատը դողաց: Եղունգը խորը կտրելով` վնասեցի ճկույթը:
Նա ճչաց:
Լսվեց.
— Կո՛ւ-կո՛ւ:
Եկավ գիշերը: Նույնիսկ ժամն եմ հիշում` 1:44: Սպասումի ուժից չէինք կարողանում քնել: Պարբերաբար լսվող «կու-կու»-ն խախտել էր գիշերային լռությունն ու մեր ապահովագրված անդորրը: Այլևս չէինք կարող հանդուրժել:
Որոշեցինք մտնել մահճակալի տակ ու սպասել լուսաբացին: Նա թաքնվել էր իմ ետևում և ասում էր, որ ուղիղ նշան բռնեմ բնին, ու կրակելիս աչքերս հանկարծ չփակեմ:
Թռչունը չկար.
— Երևի վախեցրել ենք,- ասացի:
— Նա մեզնից չի վախենում:
— Ուրեմն քնած է:
— Հնարավոր է: Այդքան «կու-կու» ասելուց ուժասպառ է եղել,- հետո հանարծակի շարունակեց,- որոշել եմ, ես եմ կրակելու: Հաստատ: Չհակառակվես: Ասում եմ, ուրեմն այդպես պիտի լինի:
Տեղերով փոխվեցինք: Նա մի կերպ եկավ առաջ, ես թաքնվեցի թիկունքում:
— Հիշում ես, չէ՞, որոշել ենք վիրավորել, բայց ոչ սպանել:
— Հիշում եմ,- ասաց նա:
— Կրկնի՛ր:
— …
— Ավելի արագ:
— …
Նա ինձ չհամոզեց:
Թռչունը բնից դուրս եկավ: Երկուսով քարացանք:
— Կո՛ւ-կո՛ւ:
Շունչներս պահեցինք:
— Կո՛ւ…
Կրակեց: Դիպուկ էր: Թռչունն ընկավ: Իրար հրելով ու աքացի տալով` մի կերպ դուրս եկանք մահճակալի տակից:
Սատկել էր: Փամփուշտը հանել էր թռչունի աջ աչքը: Հենվեցի արևմտյան պատին ու լաց եղա:
Արևմտյան պատը երևի նույն շարվածքն ուներ, ինչ մյուսները: Վստահ չեմ կարող ասել` պատն այնքան քանդված չէր, որ համեմատեի: Այնպիսի զգացողություն ունեի` մյուսներից ավելի երկար է, հաստ ու ամուր, հետևաբար` ավելի ճնշող: Կարծես առաստաղն այս կողմում ավելի ցածր էր:
Մրջյունի` արևմտյան պատը բարձրանալու պահին նախաճաշը վերջացրել էինք: Երբ մրջյունին հաջողվեց, հավաքում էինք սեղանը, իսկ պատի կեսն անցնելու ժամանակ ես մի կողմ դրեցի գուլպան ու ասացի.
— Հիշո՞ւմ ես, ես ասել էի` «Վիրավորե՛լ, բայց ո՛չ սպանել»:
— Հիշում եմ:
— Ինչո՞ւ սպանեցիր: Պատասխանի՛ր:
— Հեռո՛ւ գնա,- թեթևակի մի կողմ հրեց:
Ես ապտակեցի նրան: Պատասխանը չուշացավ: Հետո քաշքշեցինք միմյանց ու ընկանք հատակին: Նրա հարվածները ծանր էին ու ցավեցնող: Ամեն անգամ ամբողջ մարմնով ցնցվում էի: Ես, հակառակը, ավելի հաճախ էի հարվածում, թեթև ու ոչ արդյունավետ:
Մրջյունը առաստաղի կենտրոնում էր:
Այժմ արդեն հակառակորդի փորին էինք խփում: Նա` ավելի ու ավելի ուժգին, ես` արագ: Մեզնից մեկը կարող էր ծննդաբերել: Նա դրա բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ուներ: Վերջիվերջո, նա չդիմացավ ճնշմանն ու ասաց.
— Բավական է:
Որովհետև, չնայած ես ուժեղ չեմ, բայց ավելի հետևողական եմ ու աշխատասեր:
Երկու ուժասպառ մարմիններից մեկը (դա իմն էր) նետվեց դեպի բազկաթոռը, մյուսը` մնաց նույն տեղում ընկած:
Լռություն էր: Աստիճանաբար լսելի դարձավ նրա ծանր շնչառությունը: Հետո շնչառության ձայնը կամաց-կամաց հեռացավ: Դռան չխկոցից հետո նորից լսվեց` խառնված ջրի խշշոցին:
Ես գլուխս հազիվ բաձրացրի բազկաթոռի հենակից ու բացեցի աչքերս: Նա հատակին չէր: Մտովի վերականգնեցի գործողությունների հերթականությունը:
Նա սողալով հասել էր լոգարան, կողպել դուռն ու բացել ջրի ծորակը: Երևի մարմնին սառը թրջոցներ դնելու համար: Լոգարանից ինչ-որ թրմփոց լսվեց: Մոտեցա դռանը: Ասացի, որ այժմ թրջոց դնելու իմ հերթն է, բայց պատասխան չեղավ: Ես նրան չէի տեսնում, բայց ծանր շնչառությունը ներքևից էր լսվում: Այնպիսի զգացողություն ունեի, որ ընկած է հատակին:
Խնդրեցի բացել դուռը: Ես կարող էի օգնել նրան:
— Ո՛չ,- հազիվ լսելի ձայնով ասաց նա,- չեմ կարող:
Ես ամբողջ ուժով բախեցի դուռը: Դուռն ամուր էր, ուժերս` սպառված: Հանկարծ նա ասաց.
— Ես մերկ եմ, ամաչում եմ:
— Աչքերս կփակեմ, միայն բացի՛ր:
Արդեն ճանաչում էի նրան:
Նա այլևս ոչինչ չասաց, ու ես ոչինչ չէի կարող անել:
Հյուսիսային պատին ժամացույցն է: Հարավային պատը ճաքճքված է, արևմտյանը` երկար, հաստ ու ճնշող:
Ես կտրեցի երակներս: Արյան մի քանի կաթիլ քսվեց արևելյան պատին: Արևելյան պատը շագանակագույն դուռ ուներ, դուռը` պողպատյա բռնակ:
Իսկ ինչու ոչ, կարելի է և սենյակից դուրս գալ:
Արյունը կաթ-կաթ ծորում էր, ու լսվում էր նրա ծանր շնչառությունը:
Երբ դուրս եկա, ես դեռ չէի որոշել` ինչ էի անելու:
Տպագրվել է Գրեթերթ, 2010, թիվ 1