Վ.-ին
Անքուն գիշերների հաջորդականությունը խախտվում է ջրի պղպղջակների մեջ անհետացող դեղահաբերի համր գոյությամբ: Մահճակալին պառկած ես գոյությունս պահպանել եմ փոքր ու մեծ գալարումներ անելիս, երբ հատակը ճեղքվել-փլվել էր անդունդը ու ես մնացել էի օդի մեջ ՝ սավառնելով մայրամուտ ապրող երկնքում: Քարկտիկ խաղացող երեխան լապտերով լուսավորում էր աստղերը: Լուսափթիթ աստղի խոռոչի մեջ թաքնված՝ նա պատսպարվում էր գաղտագողի մոտեցող պարկով կնոջից, որ երեխա էր որսում օճառ պատրաստելու համար: Պարսատիկիս կրակոցից վախեցած՝ կինը դժգոհ դեմքով պարկը գցեց ուսը, և նրա հեռացող ձայնն ասաց ինձ՝ մի օր կընկնես ձեռքս, անատա՛մ ավազակ: Նայում եմ ճառագող դեղին լույսին, աստղի «փչակից» գլուխը դուրս հանած երեխան ձեռքով է անում ու բացականչում, որ անվախ գնամ տուն, բոլորը քնած են, ոչ ոք չի նկատի իմ ուշ վերադարձը: Տան պատերը ցնցվում են բարձր հեռախոսազանգից: Նա է, մտածում եմ ես, ու ծնկներս ծալվում են, քիչ է մնում ընկնեմ հատակին: Ուժերս հավաքած արտաբերում եմ՝ տարիներն անցնում են:
Կան աղջիկներ, խոսափողի միջից պատասխանում է բժիշկը, որ այլևս իմ կարիքը չունեն:
Մառախուղի միջից լսվում են ափսոսանքի հառաչանքներ, փքված կերպարանքները գրպանում ճմրթում են դեղատոմսը ու գնում մառախուղի մեջ անհետացած նույն շենքի ուղղությամբ: Հիվանդանոցն է: Մի ժամանակ ճերմակ թուխպերը իջնում էին տանիքին: Հեռվից նայելիս թվում էր՝ ձեռքդ բարձրացնես, կհասնես ամպերին, սակայն թանձր միգաշղարշը ծածկել էր տանիքը, ներթափանցել թուխ ապակիներից ներս ու վարագուրել տասներեքերորդ սենյակ տանող աստիճանները: Մտնում եմ սենյակ ու արագ փակում եմ դուռը, որ մառախուղը ներս չլցվի: Բժիշկը թղթերից գլուխը բարձրացնում է, նրա կնճռապատ պարանոցը ձգվում է վեր ու մեղմ ժպտում է՝ այցելուները ինձ սովորաբար գանգատվում են ածխաթթու գազի ավելցուկից: Խոսելիս շնչահեղձ են լինում ու ես բացում եմ պատուհանի միակ չմեխած օդանցքը: Նրանք պնդում են, որ սենյակում իրենց հետևող տեսակցիկներ կան և պահանջում են դուրս հրավիրել բուժքրոջը՝ իբրև անհայտ թշնամիների կողմից ուղարկված լրտեսի:
A և B տղամարդիկ զննում էին գերանների մոտ թաքցրած սպանված կենդանիների հետքերը: Պատրաստվում էին հետապնդել որսագողերին նախքան նրանք կհասնեն մայրուղի, երբ լսվեց օգնություն խնդրող առաջին կանչը: Մինչև կրծքավանդակը ցեխի մեջ խրված C կինը սուզվում էր ճահճի հատակը: Տիղմը փակել էր մարմնի ծակոտիները և նա զգում էր ինչպես է իր էությունը դառնում ճահճային, բանականությունը խցանվում է, շարժումները դառնում են կաշկանդված, որոնք ապարդյուն ջանքեր են խուսափելու վերահաս մահից: A և B տղամարդիկ մետաղադրամով վիճակ էին գցում, որպեսզի որոշեն, թե ով պետք է փրկի կնոջը, սակայն ամենակուլ ճահիճը զորեղ էր A տղամարդուց: Նրան օգնության հասած B-ն բռնեց կնոջ ձեռքերից և դուրս քաշեց ճահճից: Տիղմը քայքայել էր կնոջ՝ մինչև ծնկները հասնող զգեստը: Մերկության սպառնալիքից վախեցած՝ նա, որսորդից խույս տված կենդանու նման, թաքնվեց մոտակա թփերում, սակայն հրացանով զինված տղամարդիկ բռնեցին կնոջը և տարան իրենց հետ դեպի անհայտություն. իջնում էր խուլ երեկոն, նույնիսկ գորտերը բեղմնավորումից հետո զղջում են իրենց հանցանքի համար, որ սերունդ են թողնում ճահճում:
A և B տղամարդիկ ամիսը մի քանի անգամ վաղեմի ընկերների պես հանդիպում են դոմինո խաղալու և նրանցից մեկը (հավանաբար B) զննում է կնոջ նույնակերպ մերկությունը. այդ անփոփոխ, վախկոտ ձեռքերը դողում են պատահական հպումներից: Դոմինոյի հաղթողը միացնում է վայրկյանաչափը և առաջինն է սեղմում C կնոջ ձեռքը մինչև նա ճչա որպես աղետալի ձայնարկություն: A տղամարդը ցանականում է ունենալ կնոջ բոլոր ճիչերի հավաքածուն և, երբ ձանձրանում է կնոջից, միացնում է ձայնագրությունը, որպեսզի ցրի տաղտուկը, սակայն խոստացել է կնոջը ծննդյան առթիվ անակնկալ նվեր մատուցել՝ վերադարձնել ճիչերի հավաքածուն: B տղամարդը դիմում է A-ին՝ լսեցի˚ր, փոխանցիր ընկերոջդ:
Ինչ-որ տարօրինակ խշշոցի ձայներ եմ լսում, մարմինս կասկածում է լինելիության ճշմարտությանը, ձեռքերս աստիճանաբար օտարվում են ինձնից, և ես խրվում եմ մտքերի հորձանուտը: Մտքերը չեն հանգում որևէ կետի, քաոս-բջիջների նման անընդհատ շարժվում են, տարալուծվում: Պայթյունավտանգ օջախներ ստեղծելով՝ կուտակվում են և հարվածում հոգուն. ծնունդ է առնում մարմնացավ: Հետո ցաքուցրիվ են լինում և հեռանում անվտանգ մի տեղ, թվում է, թե անհետ:
C կինը կանգնած է անհետացման վտանգի առջև: Նրան ուղեկցող մտքերը չեն նկատում սարսափեցնող եղանակների, հազար ու մի գիշերների հերթափոխությունը: Նա հանդիպման օրը նշանակում է շաբաթ, որպեսզի A տղամարդը հոգնած չլինի աշխատանքից: Շաբաթ օրը գողտրիկ սրճարանի աթոռին նստած՝ ունկնդրում է շատրվանների հաճելի խշշոցը ու թմրած հորանջում: C կինը խնդրում է տղամարդուն հանել արևային գլխարկը, որ տեսնի այդքան ժամանակ թաքցրած դեմքը: Նրա առջև տղամարդը վերածվում է ճաղատացող ծերունու, ում դեմքին բացակայում են ժամանակի կնճիռները: Շաբաթ օրվանից C կինը սպասում է մահվան մոտալուտ գալստյանը: Ամեն առավոտ նայում է հայելու մեջ՝ համոզվելու, որ մազերը ճերմակել են: Ուզո˚ւմ ես շոշափել իմ գլուխը, ասում է տղամարդը, ձեռնափով զգալ մեկընդմեջ աճող մազմզուկներից առաջացած խուտուտը: Ինձ հետ արի մեր տուն, ես ցույց կտամ քեզ իմ ննջարանը, մայրս մեզ համար ակորդեոն կնվագի, ինչպես երիտասարդության տարիներին, դու կհայտնվես իմ գրկում, ու մենք կպարենք երկա՜ր — երկա՜ր: Կինը օգնություն խնդրող հայացքով նայում է շուրջը, սակայն սրճարանը մարդկանցից կտրված մի վայրում էր, այստեղ տապ ժամին թուլակամ մատուցողուհիները բոլորից թաքուն լիզում էին լցնովի պաղպաղակ: Մատուցված պիցցայի հոտը սրտխառնուք առաջացրեց C կնոջ մոտ, և նա փսխեց հենց սեղանի վրա՝ դատարկելով իր միջի ճահճաջուրը:
Այդ օրվանից C կինը հրաժարվում է հանդիպել տղամարդկանց հետ, վախենում է փսխելուց, սակային B-ի ուժգին սպառնալիքների ներքո տեղի է տալիս և հանդիպման վայր է ընտրում թունել-միջանցքի նմանվող բնակարանը, ուր տղամարդն ականջին շշնջալու էր, որ ուզում է ապրել կյանքը, քանի դեռ ժամանակը չի սպանել իրեն: Կինը հարմար տեղավորվում է մահճակալին, որ B տղամարդը մերսի մարմինը. հիմա նա այդպես էր գումար վաստակում, ուզում էր մերսման սրահ բացել, բայց գործերն այնքան էլ լավ չեն, որովհետև կանայք չեն վստահում իրենց մարմինը օտար տղամարդու: B տղամարդը լվանում է ձեռքերը և մոտենում կնոջը: C կինը պառկում է որովայնի վրա և թույլ տալիս, որ տղամարդու մատները սահեն ողերի վրայով՝ ափի մեջ ճզմելով մարմնի փափուկ զանգվածը: Հետո կինը, համբերությունը կորցած, մի կողմ է հրում տղամարդուն և լաց լինում. C կինը մխիթարանքի կարիք ունի, ոչ թե տղամարդու: Սակայն լինում են ժամանակներ, որ հանդիպում են եռանկյունու բոլոր անդամները հին և մոռացված օրերի նման՝ միասին խաղալու «հարբած խաղը»: Կինը կանգնում է պատի մոտ, գլխին գարեջրի շիշ է պահում, որ գնդակով հարվածեն: Խաղը ձգվում է մի քանի ժամ, մինչև նա այլևս չի կարողանում կանգնել ոտքերի վրա: Իրեն նետում է բազմոցին և դանդաղ հաշվում մարմնի քերծվածքները:
Ես ուզում եմ նախկինի պես ապրել առանց C կնոջ: Նա ստիպում է ինձ հաշվել մարմնի քերծվածքները, որոնք ամեն ժամադրությունից հետո ավելանում են: Կեսգիշերին զանգահարում է ինձ և ասում՝ ուզում է երեխաներից պատրաստած օճառով լվանալ մազերս: Այդ օրը լոգանք ընդունելուց հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, անհասկանալի փոխվեց: Ես պառկեցի անկողնում ու երեք օր չշարժվեցի, մինչև ինչ-որ բան հուշեց, որ պարզապես գլուխս ծանրացել է ու ինձ տանջում է ապագայի սարսափը:
C կինը տղմաթաթախ ոտնաթաթերով մտնում է տասներեքերորդ սենյակ ու ասում՝ որոշել եմ փախչել տղամարդկանցից, սակայն մառախուղը խանգարում է գտնել փախուստի ուղղությունը, վախենում եմ վերադառնալ ճահիճ, սակայն անարդար է առանց ցտեսություն ասելու թողնել ու գնալ: A և B տղամարդիկ կնեղանան ինձնից, և այլևս նրանց չեմ տեսնի: Ես չեմ ուզում ապրել մենակ, սակայն այլևս անտանելի է նրանց ներկայությունից ծնվող ցավը:
Բժիշկը շոկոլադե սալիկներ է մեկնում կնոջը՝ խնդրիր նրանց բաց թողնել ձեռքերդ:
Առանց նրանց ես կկորցնեմ հավասարակշռությունս ու կընկնեմ հատակին: A տղամարդը ինձ կտանի իր մոտ, ակորդեոնը կնվագի իր երգը, ու ես կհայտնվեմ նրա գրկում, և այդ ծանր շնչառությունը կուղեկցի ինձ ամենուր: Ես ամաչում եմ իմ մերկությունից, մարդիկ այսքան ժամանակ հետևել են իմ մարմնի մերկ գոյությանը, պահել ինձ իրենց կողքին, բայց խոստովանել, որ չեն սիրում:
C կինը ընկնում է հատակին ու սկսում թպրտալ: Բժիշկը խալաթը հանում է և գցում վրան, սպասում է մինչ նա կհանգստանա:
Ինձ հանգիստ թողեք՝ դիմում է A և B տղամարդկանց, ես այլևս չեմ կարող տանել ձեր ներկայությունը: Տղամարդիկ ազատ են արձակում, C կինը ձեռքերը աջ ու ձախ է տարածում, վախենում է ընկնել: Ոտնաթաթերով ամուր հենվում է հատակին, շնչառությունն արագանում է, անհանգիստ նայում է շուրջը՝ մառախուղ է : Ուզում է շոշափել տղամարդկանց, չի գտնում, մի˚թե ժամանակը սպանել է նրանց:
Հնչում է բժշկի ձայնը՝ սկզբում ճահիճն էր, հետո ի˚նչ պատահեց:
Մայրամուտ էր՝ պատասխանեցի ես: Տնից դուրս էի եկել ու հայտնվել անտառում: Ձայնում էի, սակայն ոչ ոք չէր լսում: Երկու անտառապահների հանդիպեցի: Ինձ ուղեկցեցին իրենց ժամանակավոր կացարանը. դա մի փայտե տնակ էր կաղնիների մոտ: Նոր կտրատված ցախով վառեցին բուխարին, և ես քնեցի հենց հատակին մինչև լուսաբաց: Տղամարդիկ օգնեցին ինձ գտնել նրանց, ում կորցրել եմ անտառում:
Բժիշկը ժպտաց՝ այսուհետ դու կարող ես անել՝ ինչ ցանկանում ես: Ես քեզ ազատություն եմ տալիս: Այս տարիների ընթացքում քեզ մատնել են լռության, սակայն քո երակներում հոսում է կյանքի կարմիր գետը, որ պատրաստ է վարարել թթվածնի նոր չափաբաժնից: Մի օր քեզ գուցե նվիրեն նոր քաղած քրիզանթեմներ և դեռ քո հասցեին կհնչեն ծույլ ծափահարություններ:
Մառախուղը ներթափանցել էր միջանցք: C կինը մառախուղի միջից սուլոցի ձայն էր լսում, ծանոթ ձայնը կանչում էր նրան: Հրաժեշտի փոխարեն նա հպվեց ուսիս, կինը հալչում էր մառախուղի մեջ, կորցնում էր իր մարդկային կերպարանքը, գոլորշիանում էր, հօդս էր ցնդում: Կարծես չէր էլ եղել:
Շոշափում եմ կանաչ զգեստիս գրպանում պահվող անակնկալ նվերը: Ամենամոտ ընկերներիցս մեկն է ուղարկել: Այսօր իմ ծննդյան օրն է: Տարիներն անցնում են, սակայն ինձ ժամանակ տվեք հասկանալու համար, որ սխալվել եմ: