հանուն շնորհակալության

քեզ գտնելուց առաջ ջրի մեջ գցված սերմ էի, որը հողի մասին միայն հեռուն սավառնող ճանապարհորդներից էր լսել,
ողջերին մեռած քաղաքների մասին պատմող հին շաման էի՝ երբեք չապրած ու չտեսած կործանումը ծեսի ու անքնության արանքում սեղմված վիշապների, որոնք աններելի գրավիչ են քսմսվում երկնաքարերին,
հանգչող ժամանակ էի, ում թևերը կծկվել էին, սառել, դեֆորմացվել ու շարժման տձևության հետ սերտաճել այս անիծյալ մարմնում,
կսկիծն էի ծաղիկի ցողունում ապրող, որը մի օր պիտի աճեր ու ավելորդ ստվերի պես հետևեր այս ընթացքին,
նյարդային ցնցում էի, պատին հենված հուսահատություն, կտրտված երակներով անցորդ էի, բաց վերք, որի վրայով վազում էր քաղաքը,
տիեզերքում ընկած անսեռ փոշեհատիկ էի՝ խոր իմացությանն ու արբանքին անհաղորդ լինելու ընդվզմամբ,
վառված անտառ էի՝ չիմանալով, որ ամենագեղեցիկ արևածագը մոլորակի այն հատվածում է, որտեղ տեղակայված եմ, ու հողագործիդ անհանգստությունը՝ իմ մեջ նոր ծառատունկ կազմակերպելու ինձ նորից չմեռնելու հնարավորություն է տալիս,
քարանձավի պատերին աստղային քարտեզներ նկարող արիացի էի՝ ով հավաքում էր լեռների վրա աճող թփերը, իր ներսի լիճը ճահճի վերածելու համար,
մեծ, շատ մեծ գերեզմանոց էի, էս մոլորակում ներփակված բոլոր ձկների, գույների ու մեռելների համար,
անձրևից գունազրված քար էի՝ երիտասարդ մեռնելու գայթակղությամբ, ով ապրելով դագաղում պառկածի տխրությունը, պարտաճանաչ աշակերտի պես խմում էր ամենօրյա դեղերը,
անհեռատես ունկնդիր էի դեպի փամփուշտ վազող ու սեփական ալարկոտության մեջ լողացող, լողացող դեպի սահմնանագիծը խորը վիրավորանքի՝ ծավալվելով հայրիկի նյարդային հայացքում,
հողի մեջ սավառնող թռչունների անսահմանությունն էի՝ լիակատար հաճույքի ու ընդվզման սպասումով, որ մի օր վերջապես կգտնեմ այն տունը, ուր վերադառնալը խաղաղության սերմեր կցանի մեջս,
իսկ քո ափին տեսա ճանապարհը մեռած արագիլների փետուրներով լցված ու խիզախեցի այս հնամաշ լեռնաշխարհում ջուր լինել, հետո հող, որտեղից նորից կծնվես՝ բոլորովին ուրիշ դիմագծերով, մարմնով ու ես նորից կվազեմ հետևիցդ փնտրելով սերը, որ առավելապես կրծքավանդակումս է
և չհեգնելով միասին եզերվող արշավանքի կարևորությունը, ես ցանկանում եմ միայնակ քնել հատակին՝ վերապրելով փոքրիկ աղջկա հանդգնությունը տնից փախչելու ու կրկնելու, որ մայրիկը իր մեջ փոքր վտառ է տեղադրել ու ինքը պիտի շրջանցի լացը, որպեսզի այնտեղ ապրող ձկները հանկարծ քարեր չդառնան,
և չթաքցնելով անորոշությունը հայացքիս՝ քեզանից անջատ կառուցվող լեռների կորությունը իմ մեջ կլլելու ու հեռվում վառվող անտառների հոտից խեղդվելու. ես ուզում եմ կանգնել բաց տիեզերքի առաջ՝ զգալով սկիզբն ու անկումը գոյի
որովհետև այս մահը, սերը, լամպը՝ մեր ներսի, հասունության հետ միասին վաղուց քայքայվել են, իսկ ես քարի ջուր լինելու ցանկությունն եմ և քո սֆերայում լինելը փոքրացնում է ազատությունս՝ լինելու ոչինչ
ներողություն:

հ.գ.
վերապրելով ձանձրույթը դեպի արևմուտք սահող նավերի
ու նկուղում դրված թակարդների անասելի տխրությունը
ու ճահիճների երկայնքով աճող ծաղիկների հոտը,
մեջս թպրտացող սերը՝ աչքիցդ կախ,
ու ցամաքի մասին կարոտը կարթի շուրջը խլրտացող ձկների,
տերևների սոսափյունը թաց ասֆալտին՝ կեսօրվա պորտալարին գամված
ու հասունությունն ու շփոթը պատուհանագոգին աճող մամռոտած քարերի՝
հավերժորեն սիրահարված ու երիտասարդ, բոլոր խորտակված ինքնաթիռների նման,
ու արևածագին սպասող սերմերի նուրբ գլխիկները դեպի վեր ձգվող,
ապստամբությունը հողի տակ դարանակալած փղերի անսեռ ոսկորների,
խորությունը իրերի և գթությունը տերևի՝ ի սեր համերաշխության տառապանքի հետ
և հիանալով կողք-կողքի լողացող ծովախեցիների խեղդվող մենակությամբ.
ես հանդգնում եմ անհուն ու ընթացիկ լինել ու մամռակալել բառերի հետ,
ու հասու լինել թռիչքին ու անկմանը՝ քեզանից անջատ,
ու ներփակվել ջղաձգումից առաջ արարված աշխարհում:
ներիր ավելորդ երջանկության ու լարման համար:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն