Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
ես այսօր գործից, ընտանեկան ընթրիքից,
տղերքիս քնացնելուց, սերիալս նայելուց հետո,
մեծահոգաբար փորձեցի ժամանակ գտնել
վորդի նոր դոկ բացել, ընտրել իմ սիրած տառատեսակը
ու գրել քո մահվան առիթով
այս պոստմոդերնիստական հավակնութուններով ներբողը անսեթևեթ:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
մեկ անգամ որ գրեցի անունդ, արդեն հեշտորեն կարող եմ քոփիփեյսթել
ամեն հնգոտնյակը մեկ, ամեն, տոնացույցը մեկ, ամեն ռազմաշքերթը,
ամեն մահազդը մեկ մեր մյուս ախպերների, ամեն… չձգելու համար
միանգամից ասեմ, որ քեզ պատշաճ սգալու լիքը հեշթեգեր կան հերթապահ
խոսքի՝ հայրենիք, զինվոր, մատաղ, հերոս, փառապանծ, խոնարհվում եմ
խոսքի, նրանք ընկան որ մենք, նրանք չկան որ մենք, նրանց անունը մենք
միանգամից ասեմ, որ քեզ սգալու համար հստակ կանոնակարգ կա մշակված
և ժամանակավոր հանձնաժողով, որը ստեղծվելուց ի վեր չի ցրվել
հաստիքային աշխատող կա, որ ճիշտ պահին հանդիսավոր կլռի ու կարտասվի անգամ:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
քո մահն արդարացնելու համար էպիկական նախադեպեր կան
դեռ քո մշուշոտ նախնիների ձեռքով այս քարերին ծեծված
ու այս լռագրողների լեզուներին թույն լիզելուց չեչոտ մի դավադիր հաճույք
ու այս ցինիկ լրահոսում թսիկ սնոբներիս համար
հա վար, հա վար սքրոլ անելով քեզ ջնջելու, մոռանալու պահանջը կա:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
դու անտեղյակ ես, բայց քո փոքրիկ մահը թաղային ժեկից մինչև ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակ շարժման պոտեցյալ է ստեղծում այս ահռելի աշխարհի համար՝ մեկն ասում է, չի կարող չլինել երկնային արքայությունը, այլապես ուր պիտի մեր թագավոր ախպերը գնա, մեկն ասում է ինձ հանգիստ չկա, քանի չեմ խմել էդ բոզի տղա թուրքի արյունը, մեկն ասում է ընտրեք ինձ և ես էականորեն կկրճատեմ մահացության դեպքերը նորակոչկների շրջանում, մեկն ասում է առ այս փողն ու մխտռի քաղաքիդ պատերը խաղաղություն և հանդուրժողականություն խրախուսող արտ-պռոեկտներով, մեկն ասում է սա հայու գենի հաղթանակն է, մենք այսպիսի անձնազոհությունների գնով ենք գոյատևել հազարամյակներով, էն մեկն էլ չի ասում, բայց հասկացնում է՝ հեյ, դուք էդտեղ շատ մի խլվլացեք իմ կայսրության գավառում, թե չէ ձեր տղերքին էլ, տո ձեզ էլ… ու մենք չենք խլվլում:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
կներես, բայց ես ու կինս քնելուց առաջ ու ընթացքում հա ստուգում ենք Արարատին բացվող մեր դռներն ու Արարատին նայող լուսամուտները, ու համենայն դեպս մեր տղերքի ապագան լռելյայն պատկերացնում մի անշառ, ծովամերձ քաղաքում ուր չի կարող հասնել քեզ խոցած գնդակը, թեպետ այն հա շարունակում է թռչել ու հա շարունակում է խոցել տարածության ու ժամանակի միջով խոնարհ հեռացող մարտիրոսների ձեր գունդը:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
քո մահվան առթիվ ամենաազնիվը թախիծն է այս կույս ծիտիկների, որ անծաղիկ թոշնելու են առանց քո սիրո, իրենց երազներում իսկ չեն ճաշակելու քո ազդրերի մեղրը ու չեն ընկնելու խոցված քո փառապանծ տեգից, դեղձենու ծաղկագույնն այլևս մեռնում է նրանց շուրթերին քո անունը տալիս, նրանք կյանք են ուզում, զավակներ են ուզում, հիպոտեկով տուն են ուզում, Փարիզի ուղեգիր ու ուզում են զզված լինել քեզանից, տառապած քո ձեռը, քո անճարությունից հոգնած, բայց.․. չեն ուզում քեզ թաղել, ախպերս:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո,
ամենածանրը մորդ կոտրված սիրտն է, նրա հայացքի ավերակներում էլ գնարբուկներ չեն ծաղկելու ինչքան էլ հետմահու մեդալներ տանեն ձեր տուն, ինչքան էլ դրամահավաքներ անեն քո անունից, անշուք դասարաններ անվանակոչեն, ինչքան էլ քարոզարշավներով քաշ տան նրան ու օպեռաներում համերգներ հնչեցնեն՝ ստիպելով հա լինել որդեկորույս, հա սգավոր, հա սևավոր, հա հերոսական…
Մենք էլի սքրոլ կանենք ու կմոռանանք, բայց քո ճակատի սառնությունը հա այրելու է իր շուրթերը՝ այնկողմնային ամայության սարսափելի ակնարկով, սարսափելի ակնարկով, որ քեզ հավերժ մենակ է թողել: