***
Ես քեզ չե՞մ սիրում…
Երբ դու գնում ես,
Ես բացակա եմ
Ինքս ինձանից…
Օրվա ժամերը
Սառույց են թվում…
Ու երբ հալչում են
Կաթիլ առ կաթիլ,
Ինձ թվում է, թե
Ամեն հատիկը
Լցված է քեզնով.
Օրվա բիբերից
Կաթկթում է ցած…
Աղի համ ունի…
Մանանաներ են
Երկնքից գալիս…

***
Ո՞ւր վազեցիր,
Զգույշ, օր, զգույշ,
Ծնկներիդ արյուն կա.
Քերծվել են…
Դու ցած ես ընկել
Քո հեծանիվից
Երեխայի պես
Ու ծեր ես հիմա,
Մի խոստացիր ինձ
Որ ջրաներկով
Կնկարես ինձ…
Մութը կծածկի
Ինձ հետ՝ նաև քեզ…

***
Փետրվարի մեջ
Իմ ամռան օրն է,
Գոլորշու նման
Ապակին ծածկեց:
Արդ հայելու մեջ
Պատկերն իմ չկա…
Անստվեր մի խանդ
Կարծես ամառվա
Մաստակը լինի,
Կպել է ձմռան հողաթափերիս…
Ես տեսնում եմ քեզ
Գոլորշու միջո՜վ
Առանց աչքերի…

***
Աշունը չխաբեց, եկավ,
Կարծես թե լինի
Դեղնածամ աղջիկ,
Ու ես չեմ ուզում,
Որ երկար մնա
Մայթերի վրա
Միայնակ, մոլոր…
Մնում եմ կողքին
Ու տուն չեմ գնում…

***
Ծովի կորած ալիքները
Հիշեցնում են
Քո բացական.
Արտասուքս դարձավ փոշի
Ու հայտնվեց
Նեղ մայթերին:
Քո բացական
Շատ էր ցավոտ…
Սպիացող վերքս դարձիր,
Որ սկիզբը համարեմ ես
Մի ձնծաղիկ
Աշնանային,
Կամ էլ կապիր ճամպրուկներդ
Ու հեռացիր…
Օդանավը կտանի քեզ
Երկնածովը, որտեղ պիտի
Ապաշխարես
Առանց խաչի…

***
Կարոտս
Խաղալիք է տոնածառի՝
Կախված օրվա մերկ ճյուղից…
Նրա համար
Չկա տարվա սկիզբ ու վերջ…
Փայլփլում է,
Տրվում քամուն…
Ես իմ սիրտը
Տեսնում եմ դառն բաժակի մեջ
Տաքը սուրճի,
Եվ ուզում եմ գուշակ լինել
Ու հավատալ
Պատկերներին,
Որոնք միայն
Սև գույն ունեն…
Փրփուրները
Թվում են ինձ
Չապրած օրեր…
Քո սերը ի՜նձ
Կտա թևեր,
Որ բաժակը
Օվկիան թվա ձկներով լի…
Որտեղ երկո՜ւ
Կարապներ լույս
Լող են տալիս…

***
Ո՞ւմ սերն ես պահել
Գրպանիդ մեջ,
Եվ ո՞ւմ թաշկինակի
Արցունքն ես փնտրում,
Ասա՛, լսում եմ…
Քանի՞ ժապավեն
Ունի պատկերս,
Որ հիշողության
Կարկատան դառնա՝
Կորցնելով միշտ
Ասեղը անթել,
Ասա՛, լսում եմ…
Եթե չես հիշում,
Լռությունը քո
Դի է երազի…
Քեզ ինչպե՞ս սիրեմ…

***
Էլ չեմ վախենում
Վերելակներից,
Երբ նստում եմ,
Փնտրում եմ այնտեղ
Հայելիների արտացոլանքը,
Որտեղ ինձ տեսնեմ
Քո իսկ աչքերով…
Աստիճանները
Ինձ վերև տանող
Կարծես թե լուցկու
Հատիկներ լինեն…
Վախերս անցան,
Ու քեզ սիրելը
Մեծ քաջություն է…
Էլ չեմ վախենում
Վերելակներից…
Բայց և չեմ ուզո՜ւմ
Առանց քեզ նստել…

***
Ես սիրում եմ իմ աչքերը,
Որոնք նայում են քեզ,
Իմ ամառը
Արտասվում է նոյեմբերին…
Մեր ճաքերը խորանում են,
Եվ ես չունեմ
Այն սոսինձը,
Որ ապակին ամբողջանա,
Բայց ուզում եմ
Իմ ափերը
Վահան դառնան
Ու փայփայեն
Այն, ինչ մնաց…
Նոյեմբերը
Դուռ է բացել
Ամառվա մեջ…
Հանդիպումին
Կգա՜ս գարնան
Գույներ հագած…

Մայրամուտի համանվագ

Ես ամեն գիշեր
Մոխրանում եմ
Իմ վառած խարույկի մեջ,
Ու հիշողության ժապավեններում
Մնում եմ երկար,
Շղթայվածի պես…
Իսկ առավոտը
Դարձնում է ինձ
Այն վերմակը ցեցոտ,
Որ բրդից է, ճերմակ,
Ու պիտի արևոտվի…
Ես ցատկել գիտեմ
Պատուհաններից,
Որ պատ են նաև.
Թռչում եմ, որ հասնեմ
Իմ երազներին,
Որտեղ երբևէ
Գիշեր չի լինում…
Ես մոխրանում եմ
Առանց վկայի…

***
Երբ հեռանում են
Սիրելիները,
Ցավը դառնում է
Իմաստնության ատամ,
Սիրտը լինում է
Ճմլվող տերև
Փակ ափերի մեջ…
Օրը թվում է
Հարյուր տարեկան
Կաղող ծերունի,
Եվ սլաքները
Ժամացույցների
Դառնում են դանակ՝
Թվերի վրա…
Գնացողներին
Մենք չենք հասկանա,
Թե ինչ են տանում,
Բայց մահացողը
Ապրողն է լինում…

***
Դու տաքսի կանգնեցրիր.
Ես տեսա
Հեռացող գույները իմ,
Որոնք ինձ տարան
Անհայտների մեջ
Մոլորեցնելու…
Ես չունեցա քեզ,
Իսկ օտարները
Իրար չեն կարող
Կորցնել այդպես…
Առանց հրաժեշտի…
Քեզ տաքսին տարավ,
Ամեն մի ծառը
Նմանվում է քեզ,
Ու տերևները
Զարդեր են թվում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն