Ես շախմատ էի խաղում, դու ճառ էիր կարդում դատարաններում,
ես նկարում էի կատուներ դռներին ու բազմոցի գլխին,
դու գրադարակին քեզ ծանոթ մարդկանց ծաղրանկարներն էիր անում
երբեմն մենք կռվում էինք, երբեմն գիրք կարդում միասին
դու ինձ էիր գրկում, ես` քեզ
ես պատահաբար ինչ-որ բաներ էի շրջում` հյութով լի բաժակ, աթոռ սրճարանում, աթոռ տանը, աթոռները գրեթե միշտ շրջվում էին անխտիր բոլոր վայրերում
դու ծիծաղում էիր
ես ամաչում էի ու տխրում
ես բարկանում էի ու ջարդում բաժակները
դու գրկում էիր ինձ ու լեզվով արցունքներս հավաքում
ես բարկանում էի ու ծաղկամանը ծաղիկներով շրջում քո գլխին
դու հիվանդանում էիր ու գրում, որ ճանկռած տեղերը մրմռում են,
որ ջերմությունդ 38,5-ից չի իջնում,
որ ես քեզ բնավ չեմ սիրում, իսկ այ դու շարունակում ես սիրել համառորեն, բոլորից շատ
մենք որդուդ տանում էինք գազանանոց, նա վախենում էր ամեն ինչից, սիրելիս,
դու ամաչում էիր ու տխրում ու նրա քաջությունն ամրապնդելու համար վարգում էիր ձիով կատաղի,
բայց որդիդ վախենում էր, սիրելիս,
ու որպեսզի մեր որդին էլ չմեծանա վախլուկ, մենք խնդրեցինք նրան հեռանալ,
և իմ սիսեռահատիկ քաջ տղան հեռացավ, սիրելիս, որ մենք չամաչենք,
չունենանք խնդիրներ, դու` տանը, ես` հասարակության մեջ,
հետո բոլորը հեռանում էին քեզանից` կնոջդ հայրը, քո հայրը, երեխան,
իսկ, ընդհանուր առմամբ, դու գոհ ես,
բերքառատ տարի էր, շատ հաջող
ես բարկանում էի ու քեզ վռնդում տանից
դու հեռանում էիր ու քիչ անց վերադառնում
դու անվերջ թակում էիր դուռը, մինչ ես արցունքների ջրափոսում
քեզ ջնջում էի բոլոր հնարավոր տեղերից` սոցցանցեր, հեռախոս և այլն
հետո դու թակում էիր դուռը
հետո դու թակում էիր դուռը
հետո դռների արանքում վարդերի ծաղկեփունջ էիր խցկում` երկտողով, որ կարող եմ շպրտել
ես գրկում էի վարդերն ու հեծկլտում
հետո մեր նախկին սիրածները սկսեցին ամուսնանալ, սկզբում` քո, հետո` իմ,
մենք լուռ մրցակցում էինք, թե ով ավելի շատ սիրածի կամուսնացնի այդ ամառ,
հետո ես գրեցի թվիթերում,
զառան էլ քոմենթեց, որ իր սիրածները երբեք չեն ամուսնանում,
նրանք է՜ն գլխից են էդպիսին,
այո, սիրելիս, ձկնորսները ճանաչում են միմյանց թվիթերում ու կյանքում
հավասարաչափ
դու անընդհատ տրորում էիր վերքերդ
ես քո վերքերին աղ ցանեցի, սիրելիս, ու քո վերքերը կերա
հետո մենք նորից կռվեցինք, աստված իմ, ինչքան էինք մենք կռվում
օրվա մեջ մի քանի անգամ ես ձանձրույթից լվանում էի ձեռքերս,
դու ձանձրույթից միզում էիր կանգնած, հետո նստած, հետո լվանում էիր ձեռքերդ
հետո արդեն ամաչում էինք կռվելուց
մենք գիտեինք, ինչպես հպվել իրար ու սահում էինք փափուկ, ինչպես դանակը հասած սեխի միջով
մենք անընդհատ ցավեցնում էինք իրար
ու անվերջ փորձում էինք կիսել` տեսնելու մեր ներսի ցերեկները թաքուն և անունները` քնի մեջ բարձրաձայնած
մենք անընդհատ փնտրում էինք լավ ֆիլմեր, լավ երաժշտություն, իրար
ես կարոտում էի քեզ, դու լռում էիր,
ես կարոտում էի քեզ, դու համբուրում էիր թարթիչս ու գնում
մենք անընդհատ ինչ-որ բաներ էինք գտնում`
ուրիշներին գրած նամակներ
եղևնու չոր ճյուղեր` հավաքած սևանի թաց ափից
և ամառվա դռնից ներս մտած բզեզ, մոծակ, մեծ ճանճեր,
որոնք, որպես կանոն, իմ ճիչերից սարսափած, պատեպատ էին խփվում, ես սարսափում էի ավելի ու ավելի,
բայց դու հերոսաբար սատկացնում էիր նրանց, և ես ինձ զգում էի փրկված ու երջանիկ
դու ինձ էիր գրկում, ես` քեզ
կյանքը փոքրիկ կատու էր, ում հարկավոր էր խնամել
ես քեզ համար սուրճ էի պատրաստում, դու հավաքում էիր սենյակը
մենք գիտեինք` սիրո խնամքը սկսվում է մանրուքներից
ես կանգնում էի թմրած ոտքերիդ, դու քայլում էիր ու ընկնում
մենք ծիծաղում էինք ու լռում բան պատմելու պես
մենք ժամերով խոսում էինք հեռախոսով և ապրելը կարելի էր թվում
…դու մոտեցար ինձ վախով, այդպես երկչոտ քնած վերքին են հպվում
ես տեսա քո ներսի կենդանուն, որ գեղեցիկ էր, ինչպես սպանված արքայազնի ձին
մենակությունը սուրում էր մեր բջիջների արանքով ու մենք մրսում էինք, սիրելիս
ես մրսում էի անընդհատ` անկախ եղանակից
դու միացնում էիր տաքացուցիչները, բայց ես լավ գիտեի`
հենց հեռանաս,
մրսելու եմ
շատ
երկար,
շատ
երկար
շատ