Հերմինե Ավագյան
արձակագիր
Աչքերիս մեջ երեք պատերազմ կա. առաջին պատերազմն իր հետ տարավ մանկությունս և որպես հուշ թողեց հորս լուսանկարը՝ սև շրջանակի մեջ: Երկրորդ պատերազմին դեմ հանդիման կանգնեցի ապրելու վճռականությամբ և թեկուզ ընկերներ կորցրեցի, բայց զույգ տղաներ լույս աշխարհ բերեցի: Այս վերջին պատերազմը (եթե վերջինը լինի) ամենադաժանն էր: Եթե առաջին պատերազմը հաղթեցինք ինքնաշեն ու սակավաթիվ զենքերով, ապա այս մեկում զենք ու զինամթերքով, կանոնավոր բանակով հանդերձ՝ կորցրեցինք ձեռքբերածը: Մեր բոլոր պատերազմների պատմությունը լի է դավադրություններով, այս վերջինը՝ առավել ևս… Երեկ իմացա, որ Վազգենաշենն էլ են հանձնել. դա այն գյուղն է, որի ազատագրման մարտերում զոհվել է հայրս, ով Արցախյան պատերազմի խիզախ հրամանատարներից է եղել: Գյուղի դպրոցի դասարաններից մեկը հորս անունով է, իսկ գյուղ տանող ճանապարհին՝ հորս զոհված տեղում, հուշաքար կա: Իմ որդիները այլևս հնարավորություն չեն ունենա այնտեղ ծաղիկներ դնելու, բայց նրանք կհիշեն իրենց պապի հերոսական պատմությունը: Ես ուզում եմ հարց ուղղել բոլոր դավադիր ուժերին. ես ու որդիներս և ինձ նմանները հպարտանալու շատ բան ունենք, այդ հպարտությունը մեր հայրերն են մեզ թողել, մենք հերոսական պատմություններ ունենք մեր սերունդներին պատմելու, իսկ ձեր զավակները ի՞նչ ունեն ձեր մասին պատմելու, ո՞րն է ձեր պատմությունը, պատմեք ձեր զավակներին, ես էլ կգամ լսելու: Մեր հայրերը արյամբ են ստորագրել հաղթանակի տակ, իսկ հող հանձնողները ինչո՞վ են ստորագրել այս ամոթալի պարտությունը: Արյան դիմաց կա՞ մի բան, որ ձեռք ենք բերել: Երբ հայրս զոհվեց, մարդիկ մորս մոտով գլխիկոր էին անցնում, հիմա այնքան մարդ կա, որոնց մոտով ոչ թե գլխիկոր, այլ ընդհանրապես չգիտենք, թե ինչպե՞ս ենք անցնելու, անցնելու տեղ չի լինի…
22.11.2020
Հերթը հասավ Վազգենաշենին…
Այսօր 8 տարեկան Արմենն ինձ հարց տվեց.
— Մամ, էն ժամանակ պապին զենք էր սարքում, էն ժամանակ զենք չկար, բայց հաղթեցինք: Հիմա զենք կար, ինչո՞ւ չհաղթեցինք…
Հ.գ — Ներիր, պապ…