***
Դրսից` երկար կրակահերթ,
կարճ կրակոցներ են ներսում.
հարմար տեղավորվել է կյանքս
երկու փամփուշտի արանքում:
Իմ երկիրն է սա.
ի՞նչ ես տվել ինձ, որ առնել չես կարողանում:
Ժամանակը կախվել-մնացել է օդում
և տեղ չի գտնում այս հողի վրա:
Մի փշալարից մյուսն է ձգվում օրը.
մի ամբողջ վարք է ու կենսագրություն:
Քեզնից դուրս քունքս են փնտրում,
քեզնից ներս գտնում են սիրտս.
ետ չես տանում ձեռքդ, անաստված,
որ տեսնեմ` ի՞նչ գույն ունի արյունս:
Դրսից` մոտեցող գազան,
մոտիկ է գազանը ներսում.
ճշգրիտ պառկել է մարմինս
երկու ժանիքի արանքում:
Միշտ նամռութ հայրենիք,
ի՞նչ չեմ տվել քեզ, որ առնել ես փորձում:

***
Պրկված ճիրան ես
ու ժանիք ես բաց,
կողս խրված հայրենիք.
կոկորդիս հասել ես արդեն,
բա՛ց թող` ես գնամ:
Քեզնից հանել ես քեզ
և ինձ բաժանել ինձնից.
ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի
և առավոտը Նավասարդի,
եղնիկների վազքը ու վարգելը եղջերուների:
Հայացքդ գազան ու կերպդ հոշոտող
հեռու տար ինձնից.
մի՛ ստիր,
մի՛ գողացիր,
մի՛ սպանիր:
Բա՛ց թող` տանեմ ինձ,
ինչ մնացել է իմ տաք դիակից.
քեզնով ես արել կյանքս,
թույլ տուր` ե՛ս ընտրեմ իմ մահվան ձևը:

Պարզապես

Լուսաբացներից մեկը մի օր կբացվի առանց ինձ,
այսինքն` փակ կլինեն աչքերս այդ առավոտ.
այդքանը թերևս և արտառոց ոչինչ:
Մի ճանապարհ, որ գնում էր`
թողնելով ներկայության նշաններ,
էլ չի քայլի:
Մի երգ, որ պատմում էր կորցրած սիրո մասին
մանրամասն ու ճշգրիտ,
էլ չի լսվի:
Մի բանաստեղծություն,
որ աշխարհում գուցե միակը լիներ,
էլ չի գրվի,
և չի դառնա սիրո պատմություն
էլի մի կին,
որ սպասելու է դեռ:
Մի երեխա ոտքը էլ չի դնի հողին
հասուն մարդու վաստահությամբ,
և տարեց մեկն էլ չի նայի աշխարհին
երեխայի մաքրությամբ:
Պարզապես մի կյանք, որ կար, էլ չի լինի.
կմնա օտար ու մերձավորի ձեռքին,
որ չեն կողնորոշվի, թե ինչպես վարվեն:
Մի դիմանակր կնայի հեռացող հայացքի պես,
ու տեղ չեն գտնի պատին,
որ փակցնեն:
Մի կիսատ կյանքի անավարտ ձեռագիր
դեռ կլինի սեղանին,
և ջանք չեն խնայի, թե ինչպես թաքցնեն:
Բայց մի փամփուշտ,
որ քունքիս համար էր` վերջին հույսի խախտում,
դարձյալ կկրակի`
այս անգամ կյանքից հետո կյանքս որոնելով:
Մի օր պարզապես բառեր չի գտնի մի հեքիաթ
պատմելու ինքն իրեն,
որ չհասավ ավարտին,
որտեղ բարին հաղթելու էր չարին:

Դոն Կիխոտ

Մենք ծնվում ենք Աստծու մատնահետքը ճակատին,
որ հեռանանք մարդկային հեգնանքը մեր ափերի մեջ:
Մեզ ծաղրում են ու ծանակում խեղկատակ,
զվարճանում ձեռնոց նետելու մեր կեցվածքով հանդուգն,
իսկ մենք կարծում ենք, թե մենք ենք ծիծաղում աշխարհի վրա:
Ասում ենք` ո՛չ, երբ ասված էր, ասել` այո.
ծափ են տալիս, թփթփացնում մեր հետույքին`
իբրև ժամանց ու ներկայացում,
իսկ մենք վստահ ենք,
թե իմացություն ենք մոլորված աշխարհին:
Հասցնում են մեր մռութին շփոթված,
աղ են ցանում վերքի վրա ու բաց հոգուն,
իսկ մենք համոզված ենք, թե գույնն ու հոտը,
մենք ենք աղը աշխարհի:
Հորինում ենք այն աղջկան և հավատում, թե իրական է մեր գրկի մեջ,
որ չսայթաքի սերը հանկարծ
ու չմնա առանց բռնող թևերի.
ինչ փույթ, որ այդպես էլ չհանդիպեցին
մեր սերն ու աղջիկը այն:
Շրջում ենք տրուբադուր զարմացած,
և առավոտի մեջ ներբողում`
քո ամեն օրը հրաշք է, կյանք,
և նորից ենք ակնթարթը հայտնաբերում.
ոչինչ, որ մորեմերկ ենք, անհասցե ու թափառական:
Մեր խենթությունն ենք տեղավորում լույսի առանցքում,
որ ամեն մանրուք անհունի մեջ մեծ երևա,
օրը չափում ենք դարի երկարությամբ,
որ չկորի ժամանակը ու հիշողությունը տեղ ունենա.
և չենք ափսոսում, որ կորուստն ու մոռացումը մենք ենք միայն:
Մենք ախորժելի չենք ձեր քիմքին
նուրբ տիկիններ ու պարոնայք,
և մեր համը չի դառնա հիշողություն ձեր ուտեստին:
Վստահ էինք, թե երկիրը պտտվում է
միտք ու մարմնի մեր արձակած ջերմությամբ,
մինչդեռ վաղուց կանգ է առել
ամեն շարժում տիեզերքում:
Մենք ապրում ենք, որ աշխարհը չմահանա:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն