Человек живет не в стране, он живет внутри языка. Родина — это язык и ничего больше.
Эмиль Чоран
***
Ցավերի մեջ հալած իմ կյանքը
Նմանվում է այն մոմին,
Որ իր լույսով փորձում է աղոթել աշխարհի համար:
***
Հազում եմ բայց ոչ թոքերի բորբոքումից
Հազում եմ ինձ դրա հետ մեկտեղ
աշխարհ շպրտելով
Ներսում պատված տրամադրություններս:
***
Եղիր ուժեղ
Լսիր բոլոր ստերը և քայլիր նրանց հետ միասին
Առանց ընկերություն անելու:
***
Աստիճանների բազրիքին հենված
Բացում ես շորերիդ տակ թաքնված ամառանոցդ,
Հրավիրում ես ինձ հովանալ այնտեղ:
***
Կանաչ աչքերում չարության փայլը
Շողարձակում էր գիշերը երկնքում
աստղի պես նստած:
***
Վաղուց է արդեն ինչ դարձել ես գիրք
Հաստափոր ու տարիների ընթացքում խունացած
Ամեն անգամ բացելիս հավաքվում է
հուշերի փոշին և լվանում դեմքս:
***
Արդեն գունաթափվել են այն պահերը,
Որ քեզ հետ ապրում էի
Հիմա զուտ արձանագրում եմ փաստը նոթերիս մեջ:
***
Կողքի պառկած էինք
Պետք էր ծեսը կատարել
Անհանգստությունս էլ էր թեքվել դեպի քեզ
Պատրաստ հոսել քո ներսում:
***
Բոլոր իրականությունները որոնք ապրում եմ
Զանազան են վայրկյան առ վայրկյան
Միայն դու ես հաստատուն
Մնում բնության օրենքների պես:
***
Վարդի թերթերին փոշի էր նստած
Իմ մեջ էլ փշոտ հիշողությունն էր հանգրվանել:
***
Դարաշրջանները հաշտվել են իրար հետ
Մեկը մյուսի թերությունը ներելով
Էլ չեն անիծում հայրերը որդիներին
Ոչ էլ որդիներն են պայքարում նրանց դեմ
Այլ հաշվում են իրենց ստեղծած փլատակները,
Որ թողել են ժառանգություն,
Մարդկանց զբաղեցնելու համար:
***
Կիսամշուշ հայացքով տխրության ձեռքը բռնած
Երկուսով հենվել եք աթոռին և նրա հետ կիսում
Ձեր մեջ ապրող սերը:
***
Սատուրնը խժռեց իր զավակին
Գիտակցելով ինքնասպանության գերակայությունը,
Որ տարիների ընթացքում միգուցե
կխմորվեր երեխայի քնած գլխում
Ազատագրելով նրան բռնությունից,
ընտրելու բարդույթը որպես
Պարտադրված իրավունք, որպես խաչ մարդու ուսին,
Այն ճիրանները,
Որ աշխարհը իր ծնվելու հետ միասին
բերեց Քաոսի արգանդից
Մրոտեց դատարկ դաշտը դրանով ցամաքից ու
ջրից անտեղյակ
և երբ դրախտից երկու գաղթյալները եկան բնակվելու
տեսան ճիրաններին, իսկ հետո ջուրն ու ցամաքը
ասես երկվորյակներ փորձում էին
կլորություն տալ աշխարհին,
որ մարդ պտտվելով չբախվի միայն ժանիքների
Սատուրնը գիտեր, խնայեց անմեղին
Իր մեղքով:
***
Քո մեջ կուտակված մղումները
Դևերի տեսքով շրջում էին հոգուդ խորքերում
Ամեն օր մի ցնցում
Մի գաղտնիք էիր ապրում,
Իսկ իմ ներկայությունը կրկնապատկեց այն
Թացացնում էր ներքևիդ չորը:
***
Փորձությունների թագուհին ճակատագիրը,
Որին նմանեցնում եմ ինչպես կնոջ
(Նա էլ իր հերթին որպես
փորձանք կամ ճակատագիր)
Սպառնում է ամենքին բարուրից սկսած
Տեսա պարմանուհու խաղերը
պզուկավոր տղայի առաջ
Իսկ նա սեռական բնազդը բռնած
լռում է ցավից
Չգիտի թե ոնց պահել ուժգին
քամին իր մեջ փոթորկող
Ծիծաղում է աղջիկը հաղթական իր
կույս ժպիտը ցողելով
Ընկերուհիների առաջ,
Պատմելով պատանու ներսում
կատարվող ճակատամարտի մասին:
***
Օրերս վառում եմ լուցկու հատիկների պես
Մի քիչ լույս եմ խաղում մարդկանց մոտ
Ու երբ հանգչում է այն,
Վառում եմ նորը մինչև չդատարկվի
տուփիս մեջ գտնվող լուսավորությունը:
***
Տարածվել ես մարմնովս մեկ և մի ցամաք տեղ չկա
Որ չորանամ քեզնից:
***
Չփնտրեք ինձ այնտեղ ուր ես չկամ,
Իսկ ուր ես լինեմ գտնողները ինձնից
հարցուփորձ չեն անի
***
Ներսիդ խորությունը պարզունակ չէր
Ասես պարունակներ լինեն նրա մեջ և ես
Դանթեի դերը ստանձնած իմ ուղեկցորդի հետ
Փորձում եմ հասնել վերջին,
Սակայն խորությունը կարծես հատակ չուներ և
Լաբիրինթոսում կորցնում եմ տարածությունը
Ժամանակը տեսանելի չէ
Միայն հաճույքի ուրվականն է գոյության մեջ շրջում:
***
Փարիզը Մոնմարտր է երգում, մեր քաղաքն
էլ իր սոխակը ունի
Լուռ ու թրջված աշունը լքված իր բնակիչների կողմից
Քաղաքը սև խոռոչ է հագել
Բոլորին հրամցնելով իր տրամադրությունը: