***
պատերը անվերջ բարձրանում են
ու սրանում ինձ դիպչելիս…

դու հաշիշի պես լցվում ես
ծխոտ երակներս,
փտեցնում մաշկս,
ես ամեն հաջորդ օր
գոյությունս եմ արդարացնում`
լուսաբացին նայելով…

հոգնել եմ
պատի տակ
վաճառվող բառերից
բառերից վաճառվող շշերից
լռության պարտքերից
պարտադիր խոսքերից…

գնացողներից, որ տեղ չեն հասնում
մնացողներից, որ գնալու տեղ չունեն
ու գնացածներից, որ ամաչում են գալ…

հոգնել եմ սահմանված թվերից
թվերի սահմանից…

ես քնում եմ անկողնում
արթնանում դռան տակ
ու դրանից ես հոգնում եմ
ու դա ինձ դուր է գալիս..

ես տեսնում եմ զզվելի երազներ
երազներս զզվել են ինձնից…

երազում ես փսխում եմ
աշխարհը
օրերս
ժամերս
խմածս
տեսածս
արթնանալով ես ատում եմ
աշխարհի
օրերիս
ժամերիս
խմածիս
տեսածիս
համը
ես սովորականի պես, որովայնիս մեջ
զգում եմ չլցվող փոսը
ու ես հոգնում եմ դրանից
ու դա ինձ դուր է գալիս…

դուրս եմ ընկնում
պատուհանից ու չեմ ընկնում
որովհետև դրսում
ինչ-որ մեկը փորում է աղբը
որովհետև ներսում
ինչ-որ մեկը փորում է ինձ
ու որովհետև նրանք
գտնում են
նույն բանը…

ու լուսաբացն էլ չի փրկում…

***
մենք այնքան երկար ենք լռել իրար
որ թվում է բառերը քաոսային
գլխապտույտ են ապրում
ու մենք շարունակում ենք
համրանալ իրարով…
ես լռում եմ քեզ
փողոցների գործվածքում
գծագրում
մայթերի երակին…

դու տուփ ես
որը դասավորության կարիք ունի
ուր ես խառնաշփոթից
գլխապտույտ եմ ապրում
ու հղիանում աքսորի
գաղափարներով
ծննդաբերում փախուստ ու
մանկատանը հանձնում
վերադարձս

ու էս կապի
կապվածության
ու կախվածության մեջ
ծնվում ենք հետ
որ գեթ մի անգամ
ծնվենք ճիշտ տեղում
որովհետև ուրիշի տեղում
նեղվածքը շատ է…

ու մենք
թիկունք ենք դարձնում իրար
որ հանկարծ մեզնից չծնվեն
որովհետև մենք
վախենում ենք
սերմի ու պտղի կապից…

մեզ խաբում են
ու մենք հավատում ենք
ահա և ամբողջը

մեր միակները
հերթականն էին
ահա և ամբողջ

մենք այրեցինք կարևորներին
որ անկարևորները
չմրսեն ցրտից
ահա և ամբողջը

ու միակ բանը որ մնաց մեզ
էս չգոյության մեջ
դա կարոտն էր աշխարհի բոլոր լեզուներով
բոլոր մայթերում
բոլոր կրոններով…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն