Գյումրվա Աղոթքը

1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին¤
Ու ես կուզենայի
Կրճատել ժամանակը,
Երկար ձգվող
Ճանապարհները,
Հեռուներից շոշափել
Եկեղեցու գմբեթներից
Մագլցող մոմավառության
Ծուխը, զգալ մրված
Պատերի աղոթքը,
Ես սթափ եմ
Գյումրու աղոթքների
Հառաչանքը մոտ է
Պահում ինձ ինքս քեզնից
Պոկվում, այս անջատ
Աղոթքում ինձանով
Ծնվում եմ, քեզնով
Շարունակվում,
Զգում եմ պաղ հայացքդ
Շունչս պահում եմ,
Կլանում եմ ծխախոտիդ
Դառը հոտը ու
Ես հասկանում եմ
Թե ինչպես է
Թույնը մեռոն
Դառնում,որպես
Հաղորդություն
Չգործած մեղքերի
Հարություն…

Հրկիզված Լռություն

Ես նման եմ
մուրացիկի, որ
մուրում է նոր
մոլորակ,
փնտրելով իր
մի կտոր հայրենիքը,
ամեն քաղաքի
տեղաշարժվող
փողոցներում,
արհամարհելով աշխարհի
միտումնավոր այս
խնդրանքին, չողորմալ
իմ դեմ ծնկի իջած
չարագործին,
հրամայել մենությանը
լինել հպարտ Կարիատիդ,
լռել վերջին անգամ,
համակերպվել այս պարզ
խաղի օտար կանոններին,
երբ լռությունը
հրկիզվեց աղմուկի
բռնկումից,ինչպես
կերպարանափոխված
չարիք ընդդեմ արևածագի
ճառագայթների,
արթնացնելով կողաշրջված
լուսատիտիկներին
և մենք դիմավորեցինք
նախնիների լուսաբացը:

ՓԱՌՔԻ ԾՈՒՂԱԿԸ

Ես արդեն ներսում էի,
ալ կարմիր պատերի
ներքո, փորձում էի
վայելել փառքի ծուղակը,
մինչդեռ ամենը
այնքան վարդագույն էր
թվում, որ մտքովդ էլ
չէր անցնի կորցնել
հրաշք մարդուն
գունակուրության
պատճառով, պետք էր
պարզապես չդիպչել
այրող բռնակին,
կողպելու փոխարեն,
ընդամենը մեկ քայլ
երեքի փոխարեն
և կունենայինք
մարդկայինը կրելու
պատասխանատվությունը,
փառասիրության փոխարեն,
կկարեկցեինք անօգնական
բոլոր մարդկանց, առանց
որևիցե փոխհատուցման,
դա է մենությանը
հաղթահարելու լավագույն
միջոցը:

Միգ Ջագեր` Ռոուլլինգ Սթոունսի

Խոստովանության Փշրանքները
Չապաքինված վերքերի
կարկատաններում
խորթ ձեռքերի
թաց ափերի մեջ,
ճակատագրիս թրերից
կախված մտքերս՝
սարդոստայն խճճված,
խաբկանք ավարտված,
օրվա մնացորդ հուշի
փշրանք, քեզնից հոսող
սողանք հայացքների
բախումն անգամ
պատիժ որպես,
չեն բուժելու խայթոցները
զատկանման համբույրների …

Ճչացող սուլոցների
ազդակներից հնչեց՝
գռռա՜ահ Միգ Ջագեր,
կարմիր լեզուն
ծամեց ճմռթված
կտորները ժապավենի,
որ լեզուն է, երգի պահին
ներկվեցին թանկ թանաքով,
կապտած լեզվիս ծայրին
մեղքերդ ծեծված
արնահոսում էին
արդյունք որպես
հաշմված մարմնի,
որ ամեն մի պահ
էգոիստ քաղաքների

փողոցներում,
իրենց ապաքինումն էին
որոնում Ռոուլլինգ Սթոունսի
հղփացած լեզվի
հնչյուններում…

Ահա ես կանգնած եմ,
ինքնակամ հրկիզվող
տեղանքի բազմածուփ
դիմագծի եզրին,
Ռոուլինգ Սթոունսից
տեղացող քարերի
կույտերից հավաքում եմ
դիմակներ, սպիացած
խորդուբորդ
կնճիռներով…
Որպես հիշեցում,
երբ անցնես
շիկացած բետոնե
մայթերով,
համբուրիր վերջին
գլորված քարը,
ի պատիվ համարձակ
լեզուների…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն