ՓԵՏՐՎԱՐ /1858

Թվում է, թե ծովը ոչինչ չի զգա, երբ հետը դիակներ ծփան, երբ ներսը ոսկորներով լցվի: Թվում է, թե հաճույքները չեն փոխվելու, ու դու կարող ես դնել հավերժության սկիզբը՝ դեպի լուսնային երկինքը ցատկելով: Դրանք այն ժամանակներն էին, երբ ժպտալով ասում էիր, որ ամեն ինչ սկսվեց մեղքի զգացումից, 58-ի սկիզբն էր, այն ժամանակ ծխում էիր միայն մարլբորո, դա չի լինի պարզապես վերնագիր, կլինի մի սերնդի տեքստային բանաձև:
Արևը նորից կանցնի ամեն շնչողի միջով, փողոցը կկտրատվի նրանց ոտքերի տակ, ու միայն այն պահին, երբ շան պես հոգնած կլինես, մի քանի անգամ թրջված ու չորացած լուցկին կլցնի սենյակդ խեղդող մենակությամբ: Կհանձնես քեզ վերմակի տաքությանը, բարձդ կտնքա գլխիդ ծանրությունից: Լույսի ցիրուցան եղած թելերը գիշեր կգործեն, նրա միջով՝ որպես կարմիր թել, կանցնի շնչառությունդ: Օրորոցայինը սգերգ չի դառնա, շենքը չի ցնցվի, դու չես նվվա ոտքերիդ հոգնածությունից, հարևաններդ չեն հետևի, որ աղմուկը սովորական իդեալականությունն ունենա, մկաններդ վատ երազի պատճառով չեն ձգվի, անհանգստությունը չի խոնավեցնի գիշերանոցդ, իսկ առավոտը ձանձրալի է: Հա, դու ոչ մի անգամ մղձավանջներից չես տանջվել ու չես նկատել առավոտներիդ միօրինակությունը, որովհետև գիշերներդ էլ մի բան չեն եղել:
Կկանգնես նրա առաջ: Ներսում կարմիրի գոյություն չունեցող երանգը կրող այդ աղջկա հայացքի հետ նույն անկյան տարբեր կողմեր կդառնաք: Կթվա, թե իր կակաչագույնն է լցնում մեջդ էլի: Կհիշես եկեղեցում երգող երեխաներին, դիմացի շենքի պատուհանները ստեղներ կդառնան աչքիդ առաջ: Կհիշես՝ ինչպես էր քաղաքդ թոշակառուի նման արթնանում, ինչպես էր մոմի մի բուռ լույսը՝ որպես աղ, լուծվում սենյակիդ հանգստության մեջ, մարմնիդ մեջ, մտքերիդ: Կհիշես փողոցի արձագանքները ոտքերիդ տակ: Ձեռքդ կխաղա իր ստվերի հետ, նորից կհաշվես մատներդ գետնի վրա: Կնայես նրան: Կմտածես անփութությանդ պատճառի մասին: Կհիշես՝ ինչպես մեծ հրապարակը օդազուրկ անող մարդկանց մեջ գտար այդ մուխամոռը ու առանց հարցնելու՝ ուզու՞մ է նա կեր դառնալ քեզ համար, թունավորվեցիր գեղեցկությունից: Ոչինչ չես լսի: Տագնապը կդառնա ամեն բջջիդ կյանքի համար պարտադիր պայման: Կթվա, թե ձեռքերդ կտրվեցին ու մնացին օդում, իսկ դու տեսար ու զգացիր, իսկ դու ծնկի եկար դրանց ծանրության տակ: Բոլոր համրերի անթև լռությունը կծանրանա նրա շուրթերին: Կհիշես, թե ոնց էին ներկոտ ձեռքերը քսվում պատին, կմտածես, որ ռոք-ն-ռոլլի ու սուիցիդի արանքում հազար անգամ բազմապատկվում են այդ հետքերը, երբ մատնահետքդ արյունով ես դնում արյան մեջ ու տարածում որքան կտարածվի: Կթվա, թե դեռ անհայտ վիրուսներ կախվել են օդից. անզգայացած մտքերի արդյունքն է: Ու երկու րոպեի մեջ մահաբեր համաճարակ կհորինես ու կբուժվես դրանից կամ խույս կտաս: Կկարծես, թե դադարեցիր ձեռքիցդ ամեն պլստացողի լպրծուն համարել: Կթվա՝ երբ դուրս եկար, ներսում մնաց շնչելուդ օդը: Կհասկանաս էլ, որ միշտ նորացվող լուսնի վրա ոչ ոք չի հիշելու քո ոռնոցը: Գլուխդ գուցե պտտվի, երբ նկատես, որ մարդիկ միջովդ են անցնում: Երկնքի մի հատ լինելու փաստը քոր կառաջացնի մատներիդ ծայրերին, սպանելու ցանկությունը նարնջագույն ալիքի պես կանցնի միջովդ: Կսպասես, մինչև ձյունը ծաղկի կակաչներով:

***
Ութ թերթիկ գցեց ջրի մեջ, առանց մտածելու, որ իրեն է քրքրում, հետո ծաղկի գլուխը դրեց մնացածների կողքին, որ չորանա: Ինչպես քամին է ավազների մեջ կորած երազներ փնտրում, այնպես էլ սրա արյունն էր մեջը կայծեր գտնել փորձում: Նայեց քեզ: Ժամանակի ֆիլտրը նեղացավ, պահը դանդաղեց, դանդաղեց այնքան, որ հասցրեց ծնվել ու ապրել մի քանի անգամ, իր ամեն մեռնելու հետ դու գունաթափվեցիր, սևազրկվեցիր: Հիշեց իր կեղտոտ կոշիկների ու քո միշտ գզգզված մորուքի պատճառով աղավաղված օրը: Հիշեց դատարկության մեջ կախված դուռը, որ բացել ու ներս էիք մտել երկուսով: Ակնոցը մնացել էր սեղանին: Հիմա աշխարհը ջրի տակ մնացած կղզու նման էր երևում, բայց այդպես էլ նկատեց, որ ձախ աչքդ թրթռում է, լարված էիր նորից: Մի քանի անգամ չտեսածները քսվեցին մատներին, բոլոր հնարավոր ձևերով պատկերացրեց հաջորդ վայրկյանը: Բոլոր դեպքերում էլ ասելու ոչինչ չկար: Մտածեց, որ եթե ապրեր գլխիդ մեջ, կտեսներ, որ աչքերդ այսբերգներ են այն կողմում: Ու քանի «Տիտանիկ» է սեփական արժեքը գերագնահատելու արդյունքում նրանց չնկատել: Ու քանի տասնյոթամյա շիկահեր ժպիտ է մնացել այդտեղ կապտած շուրթերով, դողալու համար անգամ անզոր մարմնով:
Դաստակները ծանրացան: Ձեռքերի մեջ կարծես սուր ժանգոտ երկաթներ էին փտում ու տեսնում էր, ոնց է արյունը ժանգագույն դառնում: Եթե բիբերդ թափանցիկ դառնային մտքերիդ առաջ, կկարողանար տեսնել՝ ինչպես են նյարդերդ ծակծկվում, ոնց է ուղեղդ անգիր արած տարբերում օգտակարն ու վնասակարը, ոնց են պայթում մազանոթներդ: Գիտեր, չի ցավում, բայց, եթե տեսներ նյարդային ամեն վերջույթիդ թրթիռը, գուցե հավատար, որ զգում ես: Եթե շոշափելու աստիճան մոտ զգար՝ ոնց ես փշաքաղվում ամբողջ ներսովդ, ոնց են բառերը ցցվում գլխիդ մեջ, գուցե հավատար ամեն եղածին: Բերանիցդ կարծես վաղուց պատրաստ աղեղ շպրտվեց դեպի նա, ու խրեց սրան պատին: Հետո գետնին ընկավ՝ արդեն երկու կես եղած երևի: Կարծեց, թե դադարեց մարմինը փրկելու անզոր փորձեր անել ու հասկացավ, որ երկաթներ չկան, իսկ ժանգը ներսից է:
Եթե անգամ դիակները չեն երևում կակաչների դաշտում, ապա ոսկորներն անհնար է թաքցնել էդտեղ: Անհրաժեշտ դարձավ հանդարտ ծովի մեջ բաց թողնել ճիչերը ու թողնել, որ ջուրը ներս լցվի: Ծովը բոլոր գաղտնիքները կուլ տալ գիտի: Իսկ դու կգնաս: Էնտեղ ցուրտ է: Ոչինչ, կմրսես, բայց կգնաս, չհասկանալով, որ ահա քո մեջ մեռնում են նրա բոլոր թաղվելու ուժ չունեցողները: Ու ոչ մի անգամ քեզ ճանապարհելը դժվար չեղավ նրա համար, դա քեզ թվաց: Ձեռքի նույն շարժումը «բարև» էլ, «հաջող» էլ կլինի:

Հիմա մենք ժամանակի զգացողությունը հասկացող չենք համարվում: Րոպեում սիրտդ կզարկի 70-75 անգամ, ու արյունդ կպտտվի նորից, ու թոքերդ կնորանան, այսինքն՝ 70-75 անգամ կապրես: Հետո ճակատդ կծալծլվի, երբ զարմանքով նկատես, որ ժամացույցը նույնն է, այդ ձեռքերդ են փոխվել: Իսկ ձեռքերդ կուզեն տարվա մեջ 12 անգամ կրկնվող փետրվարը ոչ թե հիշել, այլ ունենալ: Կմտածես, որ ափսոսանքից մեռնելու համար ջահել ես դեռ: Կապրես, կապրես ձեռքերիցդ խռով, կապրես անմարմին:

ԷՍԿԱՊԻԶՄ

Քայլ առաջին. վերցրի մատիտը:
Ամեն անգամ թվում էր՝ առավոտը մոտենում, մոտենում ու չի հասնում ինձ: Բեկման առանցք էի դառնում պարզապես:
Պետք էր նույն իմաստն ունեցող բառեր անգիր անել, բայց լուսաբացից չորս ժամ առաջ ամեն ինչ ուրիշ է երևում: Ներշնչանքիս ձեռքը բաց էի թողել վերջին դատարկությունից հետո, երկար թափառել էր ու հիմա հետ եկել, ներում հայցող հայացքով լսում էր “The doors”: Ես նայում էի տետրին՝ անընդհատ հետաձգելով սպասվող խոսակցությունը. սովորել էր պետք: Լավ, կենտրոնանում եմ, մի քանի բառ կարդում, նայում նրա դեմքին: Անհամբեր է: Սիրում եմ դիմացի շենքը, թվում է, թե շոյեմ` կմռռա: Թվում է, թե ինքն էլ ինձ է սիրում: Հետաքրքիր է. սիրվել շենքի կողմից:
— Քար է, չէ՞,- հարցնում եմ Անհամբերին, ու սա սկսում է ճոռոմաբանել: Տողերն անցնում են մտքովս, ինձ թվում է հենց գալարների միջով էլ գնում են ու, եթե չհասցնես գրել, մինչև որոշակի տեղ հասնելը՝ կմեռնեն: Կմեռնի քոնը հենց քո մեջ:
— Էստեղից էլ պետք է սկսել,- գոռում է Անհամբերը:
-Սովորել է պետք,- ասում եմ ես ու սկսում մտածել, թե կոնկրետ որտեղ են մեռնում մտքերը, կա՞ դրանց պետք եղածի պես թաղող, գուցե հենց այդ գերեզմաններն էլ ծանրացնում են երևակայությունը: Կամ դառնում են ուրվականներ, մնում ներսում, գուցե դուրս գալիս: Աչքերիս է նայում, հասկանում է, որ ուրիշ ենք այսօր: Վերցնում եմ տետրը, մի երկու բառ գրում, հետո հասկանում, որ չէ, նա էլ հոգնեց, ես էլ, երևի: Բայց չի էլ գնա: Այ էսպես ամբողջ օրը կմնա ու հանգիստ չի թողնի, մինչև հաջորդ կիսատ միտքը:
— Ոտքերդ մաքրի՛ր ներս մտնելիս,- էլի ես եմ գոռգռում, և ու՞մ էին պետք նրա մաքուր ոտքերը:

Քայլ երկրորդ. լիլիպուտային (ռեալ գնահատելու հնարավորություն)
— Քեզնից գրիր: -Ինչի՞ համար: — Չմոռանալու: — Երևի… ինչի՞ց սկսեմ: — Իմ մոխրագույն գիշերանոցից: — Դժվար կստացվի:
Լռեցինք: Հիշեցի ձեռագիրս փոխել փորձող դասատուին, որ ձեռիցս բռնած շարժում էր գրիչը: Հիշեցի երկաթե դռների արանքում մնացած մատս, երկու հարկի արանքում, այնքան բարակ թվացող թելերից կախված վերելակը, էն մարդու՝ զզվանք առաջացնող բարևը: Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ: Լույս քերող մատներիցդ, հետո ցեխոտված եղունգներիցդ, 11-ի ամառվանից, երբ վախերս քարեր էին դառնում ամեն քայլից առաջ: Ու նորից մի ուրիշ իրականություն: Էն մարդուց, որ ընկնում էր, ընկնում էր, նորից էր ընկնում, շատ էր խմել, ով զգում էր ասֆալտի ամեն անհարթությունը սեփական դեմքով: Մարմինը պատահականության զոհ էր դարձել: Արյունը հոսում էր մաս-մաս, ինչ-որ տեղ հասնում էր, ինչ-որ տեղ՝ չէ, որովհետև մի ձեռքն աշխատեց, մյուսը՝ փտեց, որովհետև աշխատանքն ուղղորդված էր, օրերը, ժամերը՝ մասերի բաժանված ու պիտի ծառայեին իրեն մինչև վերջ, այնինչ ստացվեց հակառակը. ինքը ծառայեց օրերին ու ժամանակի ծանր պարկերը քարշ տվեց երկար-երկար: Կամ գուցե փտած կեսը հիշեց ամենը վերջացնելուց հետո ու նույնքան փտած թվաց ամբողջը: Ոսպնյակի ընտրությունից կախված ապագա:
Զարկերակը պայթում էր կոկորդում, ձեռքը բացում-փակում էր, թպրտում էր, անկարգ անիմաստ շարժումներ գոնե ինչ-որ բան անելու համար, երբ Ա-ից Բ տանող շարժումն էր դառնում կենդանության միակ ապացույց ու մահվան վկա: Այդ դողդղացող մարմինը դեռ երկար կհիշվի, այն մնացել է ինչ-որ տեղ՝ մեջտեղում, իսկ տեղ չհասած ամեն բան ավելի լավն է թվում, ավելի պետքական:
Վերցրի մատիտը: «Եկող-գնացող աշունների մեջ ամեն ամառ հրաժեշտի իր քայլքն ունի ու էն կանչող իմ «իրենը» կամ քո «չեղածը»: Ու այս կեղծիքը, որ գալիս է ամառներից հետո: Տաք աշուննե՞ր: Ծպտվա՞ծ աշուններ: Դեռ ոչ մի անգամ սառը տաքում չէր կորել: Ու մինչև այս աշունն էլ հասնի ցասման իր էվերեստին, ուզում եմ հիշես, որ էս ծիծաղի մեջ չկա ոչ մի ժպիտ: Ամեն տեղ ինձ կկանգնեցնեն քո խոսքերը, ձայնը, հայացքները, աշունների պես կեղտոտ, ցեխոտ, զզվելի, հոտած ու ցանկալի ձայնն ու հայացքները, փոքր երեխայի պես թաթիկներով դես ու դեն անելու փորձերը, որ ուզում են օդից բռնել դեռ անհայտ քնքշություններ: Ամեն տեղ ինձ մինչև վերջ կիսված կպահի երևակայական հեռուներից ոռնոցի արձագանքի պես հնչող, գուցե կանչող ձայնը, մինչև անձրևը մաքրի ինձ ամռան ախտերից: Սա հազար ինձպեսի է մաքրում, գուցե հենց քեզնից, այն մարմնից, որ կարծես բաց է թողել էվոլյուցիայի մի քանի փուլ:

Քայլ երրորդ. մաշկափոխություն (արդյունք)
Երբ դուրս էի գալիս ու տեսնում ոչնչի չսպասող քաղաքս, թվում էր՝ այն լույսը այս քաղաքին չէր մոտենում: Ուրեմն ո՞րն է այդ հրաշք առավոտների քաղաքը: «Կապույտ արցունքների քաղաք»,- մտածում եմ ես: Անհասկանալի սառնություն, մեկը ձեռքերի մեջ բարձր-բարձր պահել է այս փողոցը, առանձին ամեն ինչից, ու ապրում ենք վակուումի մեջ: Ու այս փոշին, որ միշտ կար, ամեն առավոտ նորացավ, քանզի երկինքը նույնպես ծերանում է: Այստեղ ծառերը հասան մի մեծության, որ էլ ոչ ոք չնկատեց նրանց աճը: Ու միայն մարդիկ նույնը մնացին, մենք ունենք նույն հայացքները, որոնք օտարանում են, մեր միտքը սովորել է ունենալ զգացողությունների սահմանափակ համակարգ:
Քանդված երկար աստիճանները տանում են մի շենքի մոտ, որտեղ նույնքան երկար ու քանդված օրեր կային: Չավարտվող օրեր: Ու նորից ուրիշ աշխարհ: Գլուխս ծանոթ հանգստություն է գտնում ծնկներիդ վրա, նայում եմ անցած տարվանից մնացած ձյանը, որ պարզապես կեղտ է դարձել պատի տակ: Բառերը դուրս են գալիս բերանիցս, մնում կախված ոչ շատ հեռու, օդը խտանում է, լցվում բառերով, որոնք ինչ-որ տեղ բանալիներ են, ինչ-որ տեղ այն վիրուսները, որոնցով ամեն օր վարակվում է քաղաքս: Հետո կքայլեմ: Երկար: Մինչև հաջորդ առավոտ: Զուգահեռ ճանապարհով կքայլի մեկը, ով կռնատ է, բայց քայլում է ինձ հավասար: Երկու ճանապարհներն իրար շատ մոտ են, ինչը մեծացնում է հավանականությունը չզգալու, որ ճանապարհն է ոտքերիդ տակ և որը պիտի լիներ: Երևի ձանձրույթն էլ ունի իր համը, նույնիսկ տարատեսակները, քանզի արդեն որերորդ օրն է ես ձանձրանում եմ, բայց տարբեր երանգներով: Ու կյանքը կանցնի մի օր քո միջով սթափեցնող ջրհեղեղի նման: Ու կսպասենք այն օրերին, երբ ամեն անգամ կարթնանանք ուրիշ, երբ նորից կփակեմ ինձ մի հեռու սենյակում ու ամեն օրվա հետ կկորցնենք երեկվա զգացողությունները, երբ հաջորդ րոպեն չի լինի նախորդի կասկածներից ծնված, չի լինի ընդմիջում մինչև նոր սպասումներ: Քաղաքը նույնպես ունի իր գույնը: Սպիտակի ձգտող մոխրագույն: Մի օր այդ լույսը կհասնի էստեղ կամ ներսից դուրս կգա ու կտարածվի այնքան, մինչև ամենը դառնա հարթ սպիտակ թուղթ, որի վրա բարակ մատիտով նորից կգծվի իմ պատուհանն ու դիմացի շենքը: Մարդը րոպեում ընդունակ է ապրել երկուսից վեց տարբեր զգացողությունների հերթափոխ: Ուրեմն.
— Բացվի՛ր, առավոտ, տո՛ւր ինձ քո հեռուն:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն