***
Ես հոգի չունեմ,
և Աստված չկա իմ աչքերի մեջ,
և սղոցել եմ մաքրություններս՝
որպես հին ուխտի ծաղրանկարներ,
և իմ կոնքերը փրկել եմ … սաղմից՝
որ ականջներս ինձ չհոշոտեն,
և ուրացել եմ արգանդիդ բույրը,
ծնող իմ, մա՜յր իմ,
և երկրագնդի պտույտը չեզոք
ես նկարել եմ ավազաթմբին իմ … շնչառության՝
ուր զարկեր չկան…
Ճակատագրի կառքից նետել են
մարմինըս՝ որպես ավելորդ հավատ…
Օ՜, փայտի տեմբր՝ իմ ոսկրերի մեջ,
մո՜տ եմ, շա՜տ մոտ եմ…
***
Քիչ թեքվել է խաչը ծանրությունից մարմնի,
և հավատիս համար
ես ծնկներ եմ գրկում բենիամինից-հուդա
և մորեխի նման ցայտ-ցայտնոտում արագ՝
որպես դրժած ուխտի երեսնային հավաք…
լուսաբաց կա լռած իմ շուրթերի տոթում,
և մինչ աքլորականչ ես ես սեղմում եմ … տոթը…
պարանոյիկ թելը՝ փշից մինչեւ երկինք,
ինձ երթի է հանում,
հավատն ուսած որդու արնահետքով մղում
դեպի որբ Գողգոթա,
ուր ճոճվում է խաչը…
Մրջնաբույն է խաչը Գողգոթայի այգում.
և կարմիրի բույրից հարություն է առնում
փայտ… գրկելու վախը իմ կրքենի մարմնի…
…Ուրացումը մոտ է…
***
Ես էգ մարմին եմ և ելած խաչի
Նաև չգործած մեղքերիս համար…
անկուշտ վխտացող օձերի նման
դատարկ կրքերս դանդաղ հոշում են
իմ բաց հերկերը…
ճանճեր են թառել թերթոտված մաշկիս,
և դողէրոցքից վիժվածք են տալիս
…լերդ արյուններս…
Ես ծառս եմ լինում
ու նաև … դողում Աստծո զայրույթից՝
արու խաչելու պատվական կարգը խախտելուս համար…
Ինձ հաջորդ կյանքում արու կծնես…
***
Սաղմնային ես քնել,
և բարձդ՝ արգանդ,
ուր տենորներ են հնչում
բզկտված իրականության և հերձված բառի…
Բառն էր ի վերուստ…
և նախնական է վախը կրծքերի,
ուր կաթի տենդ կա,
և մայրանալու հևացող տագնապ…
և շրջմոլիկ է ուժը ծնելու,
երբ ձայներ չկան,
և կոկորդի մեջ մահվան տեմբրն է
կտակարանում կարգը ծննդոց…
Քո շուրթով եղավ
Բառը՝ ի վերուստ…
***
Քեզ ներում եմ, որ կաս
առէջքներում մարմնիս…
Տես՝ գրկում եմ բոլոր ծաղկաթերթիկները
և ճամփորդում լուսնի ավազներով՝ հարավ…
Լուսի՜նն է հաջորդ կայարանը իմ…
***
Կիսատ մնացած ի՜նչ Բաբելոն է դանդաղ խոյանում
քո զույգ աչքերի հորդանաններում,
շրջված հրաշքի ի՜նչ տապաններ են
այդպես նորոգում
քո ձեռնափերի գրգանքները թաց,
և հայտնության պես ի՜նչ հանկարծակի
ակնածանքով են ինձ աղոթք ասում
քո շուրթերը հեզ, կիսա… կիսաբաց…
… Տես՝ խոնարհվում եմ
և ծեսի ելած արու զոհի պես հպարտանում եմ,
երբ դու լցնում ես դատարկությանս մերկ կողովները
և յոթնաբանյա առասպելի պես
սրբագործում ես արարումները մեղքից դեպի մեղք…
Եվ քիչ կծկվում եմ՝ ինչպես կողի մեջ,
ուր ոսկրահյութ էր արտածում … սերը,
և ատում բոլոր սաղմնածիններին…
Մեղա՜ քեզ,
Մա՜յր իմ…
***
Եվ բրնձի դաշտերը տոթ,
արևելքը՝ տարրալուծված ճերմակ դաշտին,
և որկրամոլ կարոտանքը բանվորների,
և հունձքի մեջ՝ կծկումները վարժ ձեռքերի,
և բրնձից՝ տաք գոլորշին,
և տոթի մեջ՝ վաղը, վաղը…
և ժպիտը՝ դաշտից ձգված,
գոհացումի պարպումները՝ աչքերի մեջ հայելային…
Մայրամուտը ճերմակել է՝ սեղանն ի վեր,
և լքում է օրը նրանց,
առաստաղին՝ մանրակազմիկ դեմքը Աստծո…