երբ գրեցիր՝
դու իմ կյանքն ես, իմ միակն ես,
առաջինն ես ու վերջինն ես,
ու միշտ քեզ եմ փնտրել,
դու իմ կեսն ես ու միշտ իմն ես լինելու,

ես խենթացա,
հավատացի՝
որ քո կյանքն եմ, քո միակն եմ,
առաջինն եմ ու վերջինն եմ,
որ քո կեսն եմ
ու
քեզ եմ լրացնելու…

ու մտապատկերեցի
selfie-երն ու check in-ները՝
արված կաֆեներում ու փաբերում,
ու tag-երը բոլոր,
ու like-երը բոլոր ու
սիրառատ comment-ները…

ու ասացի,
ինչ լավ է, որ կաս՝
այդպես անիրական ու անշոշափելի,
իսկ ես՝ այսպես բուռն,
անհամբեր ու միշտ հասանելի…

ու ասացի՝ ինչ լավ է, որ
այս Facebook-ը կա,
որ կոտրում է սիրելու նախորդ բոլոր
կաղապարները
ու սերը դարձնում online…

ու ասացի՝ սեր իմ, շնորհակալ եմ,
որ կաս,
որ մատներիդ մեջ ես առնում
մերկությունն իմ,
որ մի կողմ ես նետում հանգավորված-
վանկավորված քառատողերը
ու սերը դարձնում թափառական,
անիրական, անշոշափելի ու միշտ
հասանելի…

ու ասացի՝ սեր իմ, շնորհակալ եմ,
որ կաս,
որ մեկընդմիշտ հաստատում ես
բառերի դատարկությունը…

քանզի Սերը բառերից անդին է….

***
Սերը այսուհետև
պահպանակների մեջ շռայլորեն
թափված սերմնահեղուկն է,
որ առավոտյան ժամը 4-ից 5-ը
սանիտեկը դատարկում է
աղբամաններից…

Իսկ ես մեջքով պտտվում եմ
դեպի պատը և
ամուր-ամուր փակում ականջներս…

Տե՛ր, խլացրու այս աղմուկը…
և թույլ մի տուր,
որ խամրի այն հավատը մանուկ, որ
դեռ ապրում է աչքերիս մեջ…

քանզի Սերը հավատից անդին է…

***
ասում եմ՝ սեր իմ,
թող փեշս բացեմ
ու քաղաքն ի վեր, ու քաղաքն ի վար
քո մասին ճչամ…

թող փեշս բացեմ ու հրահրեմ
անդունդներն ի վար, անդունդներն ի վեր
դեպի ինձ ձգված հայացքներն արու….

թող փեշս բացեմ,

տե՛ս,
վաղուց լռած նժույգները,
տե՛ս,
ոնց ծառս են լինում….

թող հրաժարվեմ հարդարանքներից,
ու կապանքներից, ու զգեստներից,

քանզի Սերը մարմնից էլ անդին է…

***
…ասում եմ՝ Տե՛ր, թույլ տուր հագնեմ
մերկությունս
և ոտաբոբիկ դուրս գամ աշխարհ…

…ասում եմ՝ Տեր,
թույլ տուր կանգնեմ անհանդերձ
ու ոտաբոբիկ,

…ասում եմ՝ Տե՛ր,
թույլ տուր լինեմ դուստրը քո,
և խաչ ելնելու քայլքով իմ,
Տե՛ր,
թող
մեր օրերում
ե՛ս հավատդ ուսուցանեմ
բոլոր ապականվածներին…
ու ընդդիմանամ ջրերին բոլոր,
քանզի Հիսուսը ոտաբոբիկ է
չափել ջրերը…

Ասում եմ՝ Տե՛ր,
Սերը ջրերից էլ անդին է,
հավատա ինձ…
***
ասում եմ՝ Տե՛ր,
հավատա ինձ,
ես անմեղ եմ….
ինչպես բոլոր հավատացյալները՝
խաչիդ առջև
մեղա գալուց հետո…

… մեղանչելուց հետո
ներվելու բերկրանքը,
ասում եմ քեզ, Տե՛ր,
ավելին է,
քան նրանց հավատը,
ովքեր
ուժ չունեն
սիրելու համար…

ասում եմ քեզ, Տե՛ր,
հավատա ինձ,
ես սիրում եմ այնպես,
ինչպես Պետրոսն է հավատացել
երեք անգամ քեզ ուրանալուց հետո…

դժվարը երրորդ անգամն է,
Տե՛ր,
ասում եմ քեզ…

նաև ասում եմ՝
սերը մեղքից էլ անդին է…

չե՞ս հավատում, ի՞նչ է…

***
ես
ի ծնե ինձ տրված իրավունքով
հրամայում եմ լինել երջանիկ

իրականում աշխարհն այն է, ինչ կա,
մարդիկ այն են, ինչ կան,
ու կյանքն այն է, ինչ կա…

դժբախտ լինելով
օվկիանոսի մեջ
մի կաթիլ ջուր անգամ չենք պակասեցնի

ուստի հրամայում եմ լինել երջանիկ
որպեսզի փոքր-ինչ թեթևացնենք
Աստծո բեռը

ու ժպիտը ավելանա
բակերում ու փողոցներում,
կանգառներում, շուկաներում

ամենայն տեղ, ուր երբևէ
մենք կլինենք
դուք կլինեք
նրանք կլինեն

ես
ի ծնե ինձ տրված իրավունքով
կարգադրում եմ միայն սիրել
որովհետև չսիրելուց սերը

միևնույն է

չի քչանում
չի նեղանում
չի վերանում
չի մոռացվում

ուստի հրամայում եմ սիրել
որպեսզի հաշտ ապրենք
փողոցներում ու բակերում,
շուկաներում, կանգառներում ՝

ամենայն տեղ, ուր երբևէ մեզ կփնտրեն…

***
ասում եմ
բարձրությունը ամեն անգամ հիշեցնում է
այն վայրկյանների մասին
որ ինձ բաժանում են կյանքից

ասում եմ
ես կախվում եմ փեշերիցդ
ոչ թե որովհետև կյանքն եմ սիրում
այլ որովհետև
ներքև սլացող մարմինս
ի զորու չէ
կասեցնել վայրկյանների սլացքը

ասում եմ
ամուր պահիր հողը ոտքերիս տակ
այդպես ապահով է

***
իմ պոեզիայից հանում եմ
ավելորդ բառերը —
որ շատ հաճախ նմանվում են
զարդարանքի,
և ճգնում գեղեցկացնել կախարդված
արքայադստերը՝
իբր թե արդարացնելու համար երբեմնի
գեղեցկությունը…

հրաժեշտ եմ տալիս պոետական
հնարքներին —
չեմ ջանում հանգավորել, վանկավորել
առավոտյան կիսաստվերոտ
լուսամուտի,
նոր-նոր արթնացող արեգակի
և իմ ու քո մերկ մարմինների
համադրությունը, երբ
ինձ տեղավորում եմ ձեռքերիդ մեջ ու
ասում՝ սիրում եմ…

մեկընդմիշտ հրաժեշտ եմ տալիս
գտած ու կորցրած սիրո
հետևանքներին…
ու չեմ փորձում տառապանքը
ապացուցել,
քանզի այն չկա, քանի դեռ
երկիր մոլորակը կանոնավոր
պտտվում է…

ու չեմ փորձում խորախրթին
մտքերով պաճուճել
ու կյանքը լաբիրինթել՝
ինչ-որ կերպ արդարացնելու համար,
որ մարդիկ ի վերջո բանական են…

իմ պոեզիան բառ չէ
ու իրեն չի դատապարտում կորուստներ ու
տառապանքը գովերգելուն…

իմ պոեզիան ես եմ…

***
Ամեն օր
երեկոյան ժամը 7-ին
ես փակում եմ տանս դուռը
աշխարհի դեմ
մինչև
առավոտյան ժամը 7-ը…

Այդ ընթացքում
աշխարհը անձրևում է, փոթորկում է,
մեղանչում է,

իսկ ես թիկն եմ տալիս
պատուհանագոգին
և ունկնդրում անցուդարձը աշխարհի…

Այդ ընթացքում մարդիկ
ծնվում, սիրում ու մահանում են…
գարունները միմյանց
հրաժեշտ են տալիս…

Իսկ ես…

ես դեռ տողեր եմ փնտրում,
հանգեր համապատասխան,
որ աշխարհը մեկ-մեկ ինձ էլ լսի…

ու չեմ շտապում անենևին,
դեռ սպասում եմ աշխարհում
իմ հերթին…
***
ինչ-որ մեկը
(ում Հիսուս են ասում)
խաչն է ելել՝
աշխարհը փրկելու համար
իսկ ինչ-որ մեկը՝
(ում անունն է Հուդա)
արծաթ է վաստակել,
որ այն ինչ-որ մեկը
խաչը ելնի
և աշխարհը փրկի

խնդիրը ոչ այնքան
արծաթի և փայտի
տարբերության մեջ է,
և ոչ էլ տարիքի,
այլ՝ թե ով առաջինը խիզախեց
խաչը ելնել
ոտաբոբիկ

հիմա ես էլ կարող եմ փրկել
իմ բաժին աշխարհը,
պարզապես արծաթներն են ուշանում

իսկ քանի՞ տարեկան էր Հուդան…

***
երջանկությունը
մի պտղունց աղի
իմ զույգ մատների
և
տաք ապուրի
միաձուլումն է

ու քո շուրթերի
ու իմ մատների,
ու փետուրների
ու իմ մազերի
ու քո ռունգերի
համադրումն է

երջանկությունը
և կա
և չկա

աստծո նման է

***
թույլ տուր փնտրեմ քեզ,
ոչ թե որովհետև սիրում եմ քեզ,
կամ կարոտում,

ոչ, ամենևին ոչ,

այլ որովհետև քեզ փնտրելը
միշտ արթուն է պահում զգայարաններս,
ու իմաստ հաղորդում երբեմնի պիրկ
ազդրերիս,
որ դեռ սպասում են քեզ…

հիմա,
երբ արուն արու է սիրում,
իսկ էգը՝ էգ,
դու մի տեսակ տարբեր ես թվում,
ու էկզոտիկ,

քեզ սպասելով
ես տարբեր եմ թվում
ու մի տեսակ էկզոտիկ…

ուստի թույլ տուր փնտրեմ քեզ,
ոչ թե որովհետև սիրում եմ քեզ,
կամ կարոտում,

ոչ, ամենևին ոչ,

այլ որովհետև դու չկաս…

***
… մանուկները՝
նրանք, որ չեն հասցրել ծնվել
ու սաղմերի մեջ
դեսուդեն են նետվել,
խմբվել են
շուրջը ականջներիս ու ռունգերիս`
ինչպես մայթեզրին
սատկած կատու գտած
ճանճեր,
և կյանք են աղաղակում…
…ինձ այսպես
դեռ
չի լքել
ոչ ոք…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն