Տարբերում են ռեֆլեքսների երկու տեսակ` պայմանական և ոչ պայմանական: Պայմանական ռեֆլեքսները ձեռք են բերվում կյանքի ընթացքում, իսկ ոչ պայմանականները՝ ժառանգաբար:
Բացում եմ զուգարանի դուռը և դուրս եմ գալիս: Քայլերս հաշվելով՝ հասնում եմ մեր սեղանին: 13, անցած անգամ 10 էր, 3 քայլով ավելի հարբած եմ: Գարեջրի 8-րդ բաժակը սպասում է ինձ, ու մի վայրկյան նորից գալիս է լավ զգալու պահը, խմելու էնտուզիազմը: Պատրաստակամ վերցնում եմ բաժակն ու համարյա կեսը լցնում ներս, մինչև ստամոքսիս հասնելը կարծես օրգանիզմս մոռացած է լինում, որ այսօր արդեն իրեն լցրել եմ գարեջրով: Բայց հասնելուն պես սկսվում է անհանգստության նոպան, պետք է սովոր բաներ անել, որ անկախ ինձնից սկսեմ ավելի ստաբիլ լինել, երեկոն նոր է սկսվում: Առաջին նոպան է ընդամենը, իմ ռեկորդը մինչև 10-րդ նոպա դիմանալն է եղել: Սիգարետը դնում եմ բերանս ու ժպտում բոլոր իմ կողմ նայողներին: Աչքերիս դիմաց ամեն ինչ պտտվում է՝ անհեթեթ դարձնելով փորձերս նորմալանալու, ու բառերը, որ հասնում են ականջիս, կիսատ են լինում ու հնչողությունը կորցրած. կարծես նստած եմ, ասենք, գերմանական փաբում և լեզուն չեմ հասկանում: Ու ձայների ամպլիտուդները ամեն կաթիլ գարեջրի ստամոքսս, հետո արյունս, հետո ուղեղս մտնելուն պես սարսափ են ներարկում գիտակցությանս փակ դռների տակով, փոքր ծակերից, որոնք կարծես նախատեսված են ինձ նման հետաքրքրասեր երեխաների համար, որոնք դռան տակից նայում են, թե ինչ է կատարվում սենյակներում, ուր մուտքն արգելված է: Ու այս դեպքում տեսածդ միշտ վախենալու է, որովհետև չես տեսնում ամբողջը, իսկ քանի որ բռնվելու վախով ես նայում, այն ամենը, ինչ տեսնում ես, վախեցնում է: Եվ այսպես կարմիր հետքը, որ գոյացրել էի մի քանի տարի առաջ գինին հետ տալիս, գալիս է աչքերիս դիմաց ու աչքերիս մեջ լցնում մորս զզվանքը, քրոջս վախը ու, իհարկե, տղերքի հասկացող հայացքները: Բայց հենց ձեռքիս դիրքը համապատասխանում է նոր չափաբաժին ընդունելու պատրաստ բերանիս մակարդակին, բառերը սկսում են պարզորոշ լինել, հեղուկը, մոտիկ լինելով, կարծես նպաստում է կյանքի բնականոն շարժին:
Բոլոր մեծ քաղաքակրթությունները ստեղծվել են ջրի կողքին, ու հիմա պարզորոշ տեսնում եմ Նեղոսի կողքին նստած աղջկան ու տղային, որոնք կրակի մոտ գիշերվա անհաղորդ ձայներից վախեցած կուչ են եկել ու գրկվել: Միտքը կոտրում է տարածությունը, ու կարելի է հորինել պատկերների հաջորդականություն ու ֆիլմ նայել ուղեղում տեղադրված մեծ էկրանով: Եվ այսպես մի փոքր հեռվում անտառն է, որը խրվել է հողի մեջ ու տարածվել այն ուղղությամբ, որը կկարողանամ պատկերացնել հիմա:
Վախ, անհավանական վախ, առաջացած բնությունից հեռու ապրելուց. ես այդ տղան եմ ու գրկել եմ աղջկան անտառում, որը այնքան փոքր է, որ անգամ չես կարող մոլորվել, բայց տեսողական խաբկանքը կիլոմետրեր ձգվող անհայտ է խոստանում մեզ, ու մենք վախենում ենք: Կենդանականը արթնացել է ու թշնամի է տեսնում ամեն թփի տակ, անհարմար իրավիճակ է: Պետք է դուրս գալ, պետք է փախչել, արագացնում ենք քայլերը ու ճղելով մարմիններիս բաց հատվածները ծառերից դուրս ցցված ճյուղերով՝ վերջապես գնում ենք դեպի լույսն ու դուրս գալիս արևին դեմ հանդիման: Ասֆալտի վրա կանգնելով՝ մեզ զգում ենք ապահով ու զգում ենք բնությունից հեռու մի բան մեր հորինած, մարդկանց հորինած աշխարհում:
Հետաքրքրասիրության վախը ստիպում է խմել այնքան, մինչև արթնանա բնությունդ ներսումդ, ու կարողանաս հասկանալ վերջապես քեզ տանջող կոմպլեքսներից զատ ես-ը, որը պայմանավորված է գենետիկորեն փոխանցված ռեֆլեքսներով՝ կյանքի ընթացքում հավաքածները անտեսած: Բայց կարծես չի ստացվում, ուղեղը չի անջատվում, քանի-քանի անգամ եմ երազել այնքան մտազբաղ ու անջատված լինել, որ հերթով չհիշեմ իմ կյանքի բոլոր մարդկանց, որ մտազբաղությունից մոռանամ սիգարետս մոխրամանի մեջ ու տնից դուրս գամ: Բայց կյանքը ստիպել է ինձ ամեն վայրկյան սպասել մի բանի ու կենտրոնացած լինել, ջղաձգված ու հյուծված, գիշերը ժամը 1-ին հարբած՝ փաբում նստած:
Ու խմելը դադարեցնելը կնշանակի պարտվել, ընկնել գետնին: Ես փոքր եմ, վազում եմ ֆուտբոլի դաշտում կարծես ոչ թե գնդակի հետևից, այլ հետևիցս վազողներից ու հասկանում եմ, որ շունչս կկտրվի, եթե կանգնեմ, դրա համար ավելի եմ արագացնում, որ թոքերս չզգան թուլությունս, ընկնում եմ գետնին ու արթնանում տանը գլխիս ծակող ցավից, տատիկը գլխիս միջից հանում է քարերը:
Մարդուն բնորոշ են խոսքի, տեսողական, լսողական, շարժողական ռեֆլեքսները: Բարձրագույն նյարդային գործունեությունը ձևավորում է մարդու վարքագիծը, հոգեկան մտածողությունը, մտածողությունը:
Եթե չկա մի բան, որի համար պիտի վազես, ու դու նստում ես գետնին՝ հոգնությունդ ու զզվանքդ արտահայտելով կյանքից, հաստատ իմացիր, որ հետևիցդ վազողներ կլինեն, ու մեկ է պիտի վազես: Խմածս շշերի հաշիվը կորցրած, բայց քայլերս լրիվ սթափ հաշվելով՝ հասնում եմ մեր սեղանին, 19, փաստորեն խմել եմ ևս երկու շիշ, 10 շիշ գարեջուր, հաշվարկով ուրախանում եմ ու նստում, նորից վերցնում եմ սիգարետը, որը դեռ չեմ կպցրել անցած անգամից ու արդեն առանց սպասելու ռեֆլեքսորեն կպցնում եմ այն: Հասկանալ, որ խմելը հիմարություն է, ոչնչով չի օգնի, հակառակը՝ կվնասի, ու խմել անընդհատ նշանակում է կամքի մեծ ուժ ու հետաքրքրասիրություն ունենալ, նշանակում է, որ մեկ էլ տեսար մի օր մի բան կհասկանաս, որ ուրիշները չէին հասկացել: Քեզնով հիացած քեզ նայող աչքերը հարգանքի կամ սիրո դրսևորում լինելուց բացի կարող են քեզ ստիպել ավելի հետաքրքիր ու ճիշտ խոսել, քան միլիոնավոր գրքերը:
Տղերքը կյանքից են խոսում, կարծես դա ինչ-որ միստիկ բան է, սպասում եմ, թե որ մեկը առաջինը կխոսի Աստծուց ու քանի վայրկյան հետո, հաշվում եմ: Ըըմ, կարծես բարիշեցինք 15 վայրկյանի վրա, ու առաջինը խոսեց Քոստը.
— Մենք կարայինք լավը լինեինք, հասկանո՞ւմ ես, Աստված մեզ հնարավորություն ա տվել, — կարմիր լույսն ուժեղանում է սրահում, ու լատինաամերիկյան պսիխոդելիկ ցկցկոցը ուժեղանում է ականջներումս, լավ կանեինք գնալ այստեղից, տղերքն էլ են ոնց որ համամիտ: Սիրում եմ ուղեղի լարումը, հարցերը, որոնք պատասխաններ ունենալու դեպքում հարց չէին լինի ու գոյության իրավունք չէին ունենա, անընդհատ նոր պատասխաններ են ստանում ու նոր աստառներ բացում իրենցից, խմելը պիտի որ ուժեղացներ կենդանականը, բայց ուղեղս վախից վազում է ավելի առաջ ու պայքարում կենդանականի դեմ՝ ինձ դարձնելով անսեքսուալ, անանուն, որոշակի տեսք չունեցող մի բան, կարծես բոլոր ռեֆլեքսները անջատելով՝ թողնում է միայն բութ մտքի առաջ՝ վերլուծելու համար մինչ այս տեսածը, լսածը, զգացածը, հոտը, գույնը, տեսքը: Իմ կատարյալ նիրվանան միտքն է, չոր միտքը, գլխից դեպի վերջույթներ ընթացող ազդակն ու գործողությունը: Տաքսու մեջ տղերքը խոսում են հետագա պլաններից, ես էլ մի քանի հիմար, անհավանական ու, կարծես թե, այդ ամենի հետ էլ, լրիվ իրատեսական նախագծեր եմ սկզբից ի միջի այլոց, հետո արդեն ինքս էլ խաբնվելով՝ էնտուզիազմով հանում բերանիցս, որ լողան օդում ու թողնեն ինձ հանգիստ, իմ հարբած ոչնչության, իմ մարմնի հետ մենակ: Որ ինձ սիրեմ, զզվեմ ինձնից, փսխեմ շորերիս վրա ու վառված գազանի պես զարմանամ իմ հոտից ու տեսքից: Հիմա նայում եմ մեքենայի կողքի հայելում, իմ հայացքին սպասող իմ հայացքը, հիշում եմ առավոտվա երեխային, որին տեսա ավտոբուսի մեջ. նա անընդհատ փնտրում էր իրեն փնտրողներ ու վերջում գտավ ինձ, մենք կարծես երկուսս էլ ներսից հասկացանք իրար ու շարունակեցինք նայել առանց վախի: Կյանքը պլանավորելը նշանակում է սպանել կյանքը, որովհետև ուղիղ այնքան, ինչքան կանես քո պլանավորածը, այդքան ժամանակ կկորցնես կյանքիցդ, որովհետև կկրկնես, այն ինչ արդեն արել ես մտքում:
— Ինքդ քեզ սպանում ես,- մտածեցի ու հեռացրի այդ միտքը, որովհետև ես ունեի իմ նիրվանան, իմ ձեռքի վարժ շարժումով բացեցի պատուհանը լրիվ գիտակցելով ամեն միլիվայրկյանը իմ մարմնի գործունեության ու սիգարետս կպցրի, տեսա գեղեցիկ ծուխը, գլուխս բարձրացրի ծխին համընթաց ու Հաղթանակ կամրջով ընթացող մեքենայի պատուհանից տեսա «Հրազդան» մարզադաշտը: Սա նշանակում էր, որ մոտ ենք տանը, բայց 10-րդ անհանգստության նոպան հենց այդ պահին խփեց, ու եթե հետևից լսվող Քոստի կոպիտ ձայնը չշեղեր ինձ, ապա հենց այդ պահին հետ կտայի: Խփեցի ռեկորդս, հոյակապ է: Այդ լավ տրամադրությամբ էլ տաքսուց իջնելուն պես հետ տվեցի շենքի երկրորդ մուտքի մոտ ու ընթացքում բերկրեցի հերթական նիրվանան ու նորից սիրեցի ինձ, որովհետև կառավարում էի ամբողջ իրավիճակը, հաշվել էի ուղիղ մեկ, երկու, երեք, չորս, մեկ քայլ աջ ու հանգիստ հետ էի տվել՝ նաև նկատելով, որ Քոստը արդեն պատրաստ է իր ձեռքը դնելու ճակատիս:
Սկզբում հաղորդվում է չեզոք գրգիռը, մոտ 15 վայրկյան հետո հաղորդվում է պայմանականը, որը հետո դառնում է անպայման, որից հետո նշված պրոցեսը կրկնվում է 3-4 անգամ:
Գարիկենց տան հայելին կարծես հատուկ սպասում էր իմ դեմքին, ջուրը շփում եմ դեմքիս՝ ուժեղ խփելով, թմրել են մկաններս, ու հարվածները ոչինչ չեն ասում, միայն ջուրը մի քիչ արթնացնում է կարծես: Էմոցիա չկա, չոր դեմք է, կարծես ֆոտո լինի, մտքիս գալիս է Pink Floyd-ի comfortably numb-ը, հայերեն ո՞նց կարելի է թարգմանել: Ասենք՝ հարմարավետ ապուշացած: Հարմարավետությունը կհաղթի մտքին, մարդկությանը, ու ես հանգիստ կարող եմ հիմա պատկերացնել զոմբիներով լցված տներ, որոնք ամբողջությամբ տրվել են անվնաս թմրանյութերին ու հանգիստ ուղղակի պահում են իրենց մարմնի ջերմաստիճանը 36-41-ի սահմաններում, ահա թե ինչ է պետք վաղվա մարդուն, ուրիշ ոչինչ: Վաղվա վախից կարող եմ կորցնել այսօրվա ադեկվատությունս ու դառնալ ոչ թե հոգեկան հիվանդ, այլ ուղղակի հիմար քարոզիչ, որը անկասկած ավելի վտանգավոր է ու վատ: Մարդկության քաղցկեղը դառնալու հեռանկարը ինչ-որ մեծ ու գրավիչ է հնչում, ու ես մի քանի վայրկյան տրվում եմ աշխարհը կործանելու մեծ գաղափարներին, ավելի լավը դարձնելու մասին ոչ մի խոսք, մենք հո հա՞վ չենք: Ծիծաղում եմ: Քաղցկեղ, պատկերացնում եմ քաղցր մի բան, քաղցր վրեժ, քաղցր շաքարաքլոր՝ դիաբետիկ տատիկի դիմաց բերանումս առած. ժպտում եմ: Խմիչքը թողնում է ազդեցությունը՝ սկզբից բերելով գլխացավ, հետո սրտխառնոց, ինքնաոչնչացում: Ահա այն բառը, որը փնտրում էի, ահա այն բառը, որը կփոխարինի կյանք բառին:
Սթրեսի ուսմունքի հեղինակը Սելենն է, ըստ նրա՝ արտաքին աշխարհի զանազան գրգռիչներ օրգանիզմում առաջացնում են շեղումներ: Սթրեսի ընթացքում մեծ դեր են կատարում ներքին սեկրեցիայի գեղձերը, առավելապես` կորթիկոստեիդները` փակ մակերիկամների հորմոնները, որոնք ակտիվացնում են սպիտակուցների ու ճարպերի քայքայումը:
Խելագարությունը սև կաթիլներով թափվում էր ու հետո դառնում ընկած տերև` դեղին, դեղինից էլ դեղին: Առաջին զգացումը նման էր վախի, բայց վախ չէր, ավելի շուտ վախ՝ հաճույքից կամ վախ, որ հաճույք է պատճառում: Ձեռքերը քսվում էին անիմաստ մակերեսներին ու հետո տալիս այն, ինչը ես կապ եմ կոչում: Հիմա հաստատ գիտեմ, որ միակ կապը եղել է քեզ հետ, դու էլ մի քիչ հեռու ես ինձնից ու կարելի է ասել չկաս, այսինքն՝ կաս, բայց ոչ այնքան մոտիկ, որ կարողանամ կտտացնել գլխիդ: Կապը կա մինչև խելագարությունը, ու աչքերս հիմա ինչքան էլ լայն բացեմ, պարզ է, որ ոչինչ էլ չեմ տեսնելու, ուղղակի սովորություն է վախից ծնված, դե էն հաճույքի վախից` դու չկաս: Ու կապը մնացել է միայն արևի հետ, որովհետև ինչքան էլ խելագարվես, արևը վրադ մեկ է թքելու է իր շողերը, քո վրա էլ, իմ վրա էլ: Արևը մեկը չէ, դեպրեսիան էլ մի բանից չի առաջանում, այն հավաքվում է փոքր թվացող բաներից, որոնք հերթով ընկնում են նյարդային համակարգիդ վրա անձրևի կաթիլների նման, ու հանկարծ մի օր դու կտրում ես մեկի գլուխը, քո մեջ խորը գտնվող ինչ-որ մեկի գլուխը, ու արյունը ներսումդ հավաքվում է, հետո դուրս է գալիս հետույքիցդ ու բերանիցդ:
Սովետական կարի մեքենա, փոքր սենյակում, պարսկական խալիներով ու պատը, այդ մեծ պատը, վրան՝ արևներ, վրան՝ դեպրեսիա նկարված, պատը ինքնին դեպրեսիա է, ու մի օր այն քանդելու հույսդ գլխացավն է: Մի օր պատին նկարված արևները կվառվեն, կմեծանան ու կայրեն պատի մակերեսը, և միայն այդ ժամանակ սև ներկի տակ դու կտեսնես ինձ` կանաչ շորերով, դեղնամաշկ, անիմաստ երկար մազերով: Ես քո մեջ կամ, որովհետև դու գույն ես, իսկ ես լույս:
Ու հիմա հայելու դիմաց կանգնած, ձեռքով մի քիչ բարձրացնում եմ մազերս, տեսնելու համար ճակատս, հետո ցանկություն է առաջանում պոկել մազերս տեսնելու համար գլխիս մաշկը, հետո ուզում եմ փշրել գանգս ու տեսնել գորշ նյութը, որով պայմանավորված է ամեն ինչ: Գրականության գիրք, 156 էջ, Դանիել Վարուժանի մասին է գրված.
— Եվ թուրք խուժանը քարով փշրեց հայ հանճարի գլուխը:
Բառ առ բառ հիշում եմ, լավ տպավորված պահ, ձախ էջի ներքևի հատվածում: Ամեն անգամ ուրիշ հայացքով նայում եմ ինձ ու ամեն անգամ նմանացնում ինչ-որ մեկին: Ամեն ինչ սկսվում է ինքնահիացումից: Այս զուգարանը չէր, հայելին էլ էր ուրիշ, նայում էի ինձ նորից ու ծխում, երևի նա էլ էր այստեղ ծխում: Հորեղբա՛յր, դու որտե՞ղ ես հիմա, ի՞նչ ես անում, քո մասին մտածելիս միշտ պատկերացնում եմ սենյակ, մութ սենյակ՝ լցված ծխով, լուցկին կամաց-կամաց վերև-ներքև ես անում, այնքան՝ մինչև հանգի, հետաքրքիր դանդաղկոտություն կա, որը տարբերում է քեզ բոլորից, աչքերի մեջ կանգնած վախ, երբ չես խոսում, այնքան հետաքրքիր ես, խելացի, խորանում է հայացքդ: Իդենտիֆիկացիա, մոտս այն զգացումն է, որ քո շարունակությունն եմ, կամ դու իմ անցյալն ես. հիմար մտքեր են, որոնք իդեաֆիքս են դառնում այս վիճակում: Զգացում կա, որ մի բան այն չէ ուղեղիս մեջ, բայց չեմ հասկանում, թե կոնկրետ ինչ: Մտքերի մեջ համարձակները կյանքում վախկոտ են լինում, ինձ նման: Ինչքան հեռու կարող ես գնալ մտքերով, այնքան վախեր կարող ես գտնել գրիչը բարձրացնելու մեջ, աչքերը թարթելու և այլն: Արթյուր Ռեմբոյի չափ, եթե ոչ ավել՝ ազատ եմ հիմա մտքերիս մեջ ու վախենում եմ միայն մի բանից` Շիզոֆրենիաֆոբիա: