Չոր ջուր

Կրոնի թավշյա կաշին
Դանակի փայլեցված կոթն ու մետաղադրամը
Տիեզերքը կենդանի սարքերի
Կամ մանրադիտակը մեխանիկական
սաղմ մետաղյա տիկնիկ
Գիշերը կեղտոտ անիվները դանդաղ շարժող
պողպատե մեքենա է
Ուղեղը՝ լցված ժամացույցի ձայնով ու շաղափի
ու առվով վար հոսող ջրի
դանակի կոթ, թանձր արյուն
մետաղադրամի պես ու կտորի
որ տրորում են ու մաշկի
որին սիրում են
հպվել

գերեզմանոցը, տապանաքարը,
մռայլ քարը, ռունագիր քարը
Ավազն ու լուսինը ձուլվելով
Արևմուտքի գիշերվա խորքում
սպասում են մեզնից մեկի
փախուստին
դահճի օղակը
արծաթե ջրարգելակի տնազ է
տես է,
միսդ ագռավի
թևից է կախված
մարդու թռչուն, պոետի հոգի

Շշշշշշշշշշշշշշշշշշշ
խոտերի մեղմիկ շրշյունը
ձայնը հեռվից է գալիս
ներսից, իր ծնունդին սպասելիս,
պաղ սենյակում, ոլորված սաղմ,
խենթ ազատ արձակ քրքիջը
երեխաների պարասենյակում,
մտերիմների՝ նստած շուրջը
սեղանի՝ ուտելիքով բեռնված
փափուկ մեղավոր կանացի ծիծաղ
բարը, տղամարդկանց սենյակը
մարդիկ հավաքվում են, որ բանակներ
հիմնեն ու իրենց թշնամուն գտնեն
ու կռվեն

***
Զգոն սարսափով միավորված
խաղողի որթով, փուչ թփուտով
չոր չարորակ ջրհորներով
Մենք արևածագից առաջ արթնացանք, ու
դեպի կիրճը սահեցինք

դպրոցի բակը միջօրեին խաղի ճիչով էր
լցված, ավարտվում էր ճաշի ժամը
պարաններն ու գնդակները ցեմենտին ապտակում էին
ողջ թափով, կանանց տարածքը
պայծառ էր, ողջն այտուցված
ողջն անհանգիստ ու լարված

ձայներիզից աղմուկ պայթեց
ու երկիրը խլացավ: Երաժշտությունը
մի նոր ելևէջով հարստացավ:
Վազեք, վազեք հանգիստն ավարտվեց
օրհներգ վարարեց
վատ տղաներն են հաղթում:

***
Խավարի մեջ արծաթ դողաց
Ես լքեցի նրան

Հյուծվում են ծառերն ու ընդմիշտ խոնարհվում

Մարմարե սրահ ու եզրազարդեր անտառանախշ
Ծնկի եկած

Նա սարդ-արքային իր հետ կենակցել է աղաչում
Ու անկողին մտնում

Սարդը շրջում է նրան

Կաշվե պարկ կա
Արծաթով լի

Որ հոսում է ջրի նման

Նա հեռացավ
Ու տվածս դրամները տարավ իր հետ

Ինչ վերաբերում է խեղդվողին
խռպոտ շշուկը
առվակի եզրին չորացած
աղաղակում է
Քրիստոսի արյուն

Բռնություն լիության ժամանակներում

Մի խուլ վկա կա
ափին, ծովեզերքը
զարդարված հենվել է
քանդված պատին
Հիսուսի պես:
Կապտակարմիր շուրթեր,
ցնցոտիներից դուրս ցցված
գունատ մաշկ, անցյալի գեհեն
ու գաղտնիքներ որ բացվում են
սպիոտ կավճե պատերին

հաճախ, երբ այդպես էլ չենք հեղեղվում
անձրևից, 3 կաթիլն էլ հերիք է
պատերազմը ավարտվեց
ես ոչ բժիշկ եմ, ոչ սուրբ
ոչ Քրիստոս ու ոչ զինվոր
Դե, ընկերներ, ինձ մի նայեք էսքան
տխուր ոնց որ չհասկացված
աղմկող մանուկ լինեմ
Ես իմ շնչից գիտեմ ինչ եմ
խոսում ու իմ տեսածը
պիտի ասվի:

Դե պապանձվեք:
Վտանգը մոտ է:
Ուղերձը ճանապարհ ընկավ
դեպի սիրտը ուղեղի
ազդանշանը աղոտ սկսեց իր ուղին
հույսի աղեղ՝ անձրև գուշակող,
մահացուպ՝ իր մեջ ցավ կրող:

Ուրվական երգ

Արթնացիր:
Երազները մազերիցդ թոթափիր,
Սիրունիկս, անուշս:
Օրն ընտրիր և խորհուրդը քո օրվա
Աստվածային է օրը
Առաջին բանը որ տեսնում ես:
Հսկա, լուսաշող լողափ՝
Պաղ, զարդարուն լուսնի ներքո
Զույգերը մերկ շտապում են անդորր եզերքով
Իսկ մենք ծիծաղում ենք ինչպես քնքուշ, խենթ մանուկներ՝
Մանկության բրդյա փափուկ ուղեղի մեջ գոհ փակված՝
Շուրջբոլորը մեղեդիներ են ու ձայներ:
Ընտրիր, շշնջում են Հնամենիները,
Ժամանակն է նորից
Ընտրիր հիմա, շշնջում են՝
Լուսնի ներքո
Հին լճի մոտ
Նորից մտիր անտառը քաղցր
Մտիր տաքուկ երազի մեջ
Արի մեզ հետ
Մասնատված է և պարում է ամեն բան:
Հնդկացիներ ցիրուցան
Վաղորդայնի մայրուղուն արնաքամվում են
Ուրվականները լցվում են
Մանկան փխրուն, ձվակճեպ ուղեղի մեջ
Մենք հավաքվել ենք
Խելագար ու հին այս թատրոնում
Հաղորդելու մեր տարփանքը առ կյանքը,
Ու փախչելու փողոցների
Ամբոխային իմաստության ճիրաններից:
Մոլեգնել են ամբարները
Պատուհանները պահել:
Եվ միայն մեկը բոլորից
Պիտի պարի ու մեզ փրկի
Աստվածային ծաղրանքներից բառերի,
Երաժշտությունը խառնվածքն է բորբոքում:
Օհ, դու գոյի մեծ արարիչ,
Եվս մեկ ժամ գեթ մեզ շնորհիր,
Որ մեր արվեստը կատարենք
Ու դարձնենք կյանքը կատարյալ:
Մեզ մեծ, ոսկե զուգավորում է անհրաժեշտ,
Երբ ճշմարիտ արքաները մարդասպանները
Կարող են շրջել ազատ,
Հազարավոր հրաշագործներ են խոյանում,
Ո՞ւր է խրախճանքը մեզ խոստացված:
Եվ մի բան էլ,
Շնորհակալ եմ, օհ, տեր,
Ճերմակ ու կույր լույսի համար
Շնորհակալ եմ, օհ, տեր,
Ճերմակ ու կույր լույսի համար:
Ծովից քաղաք է վեր հառնում
Իմ այս ճեղքող գլխացավը
Որից գալիքն է գոյանում:

Արկղի բացումը

Պահը ներքին ազատության
երբ միտքը բացվում է ու
տիեզերքն անսահման բացահայտվում
ու հոգուն մնում է թափառել
ապշահար, շփոթված՝ փնտրելով
այստեղ-այնտեղ ուսուցիչներ ու ընկերներ:

***
Մեկն իր բակի տերևները
դիզում, կույտ է դարձնում
ու փոցխին հենված
կրակին տալիս:
Հոտը տարածվում է անտառով մեկ
երեխաները կանգ են առնում ու շնչում
այդ հոտը, որ տարիներ հետո
կարոտախտ պիտի դառնա:
***
I
Այլևս չեմ գա
Այլևս չեմ գա
պտտահողմի մեջ
ուր դառը գինով թրջված
հովատակը վարսակ է ուտում,
սուտ են ջանքերը բոլոր,
այս որովայնում չարիք
չի այրվում հալչելու կամ
հատուկենտ բարձր ծիծաղի հետ
մրցակցելու համար:
Միայն քարերն են մնում արևի տակ:

II
Հիմա երբ հեռացել ես
մենության մեջ
անապատները տնտղելու
ու ինձ մենակ թողել այստեղ

քաղաքի անդորրի մեջ
ուր սևազգեստ մի աղջիկ
նստում է մեքենան
ու ընդարմացած
բանալին փնտրում,

Հիմա երբ հեռացել ես
կամ մոլորվել
ես նստում եմ ու ականջ դնում երթևեկի
ֆշշոցին ու այս սենյակը
այրված ու կեղտոտ
լցնում ինչ-որ ուրվականով, ժամանակի
ինչ-որ աղոտ նմանությամբ

որ գալիս-գնում է, գալիս-գնում
ասես չավարտվող էլեկտրական
մղձավանջ:
այս վիճակը շփոթմունքի
վիճակն է: Ամենուր ամենքը
նրա սերն են երազում:
Նրանից կյանքը կքամեն
միակցիչների պես
հոգու մեջ կխրվեն
ամեն կողմից ու կհալեցնեն
նրա կերպարանքն ինձ համար:

Բայց տեղն է ինձ.
ամենավատ մարդակերն եմ:
Հոգնաբեկ գալիք:
Թողեք քուն մտնեմ:

Հիվանդությանս հետ հաշտված:

Թարգմանությունը՝
Ռուզաննա Սուքիասյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն