ԱՐԵՎԸ` ՈՍԿԵ ՎԱՀԱՆ
Քամին` աներևույթ նժույգ բառերիս,
Արևը` ոսկե վահան ուսերիս,
Առավոտվա արծաթ շաղախով օծված
Արևավառ լեռներն եմ ելնում:
Գարնան կանաչ գորգի վրա
Ծաղկափթիթ հողն է երգում,
Ստեղներիս արթնանում է արբեցումը հորիզոնի
Եվ շուրթերիս ալիքվում են հնչյունները ջրվեժների:
Ես` անմակույկ ուղևորս ծովերի հետ լեզու գտած
Նավարկում եմ փոթորկահույզ
խռովարար պաղ ջրերի
Անհյուրընկալ ընդերքներում մամռակալած,
Ծովաժայռին` փշրվում եմ խեցու նման
և անցնում է ջուրն իմ միջով:
Ժամանակի չվացուց.
Թռիչքս երգով դաջելու համար,
Հալվում, խառնվում եմ բնության կտավին,
Ոտքերիս տակ ջրասույզ է լինում
մութը հոգիս կրծող:
***
Արև ոսկի է մաղում շուրթերիդ,
ձեռքերս սահում են
մազերիդ մեջ չորացող աշնան միջով,
կավ-բառերս թրծում եմ խարույկիդ վրա
երգ են դառնում:
***
Անցած օրերը` փայլող ուլունքներ
հիշողության զարդատուփում,
ծովի ձեռքից փախած արևը
դողում է երկնքում,
անունդ խնամքով փակցնում եմ ամպերին,
որ աշունը չորանա:
***
Ժամանակի խեցում թթվել է գարունը,
Մեղուները հոտից չեն մտնում այգի,
չեն փոշոտում ծաղիկները,
Իրենց անբերք ապագան են լալիս ծառերը,
Անձրևը իր ջրային իլիկով մոռացման
երգ է մանում կտուրներին:
Ճանապարհին`
որտեղով անցել ես բազում լույսեր կան
Չգիտեմ որ գույնի մեջ ես որ գամ ետևիցդ,
Թե հնար լիներ մեկ անգամ էլ դառնայի ինձ մոտ
Արահետը արևով կզմռսեի որ չգնայիր:
***
Քեզանով ոչ սկսվեց
ոչ էլ ավարտվեց ինչ-որ բան,
եղա պարզապես:
ՁՄԵՌ
Աշխատանքի գնալիս
փշաքաղված հովանոցիդ սպիտակում է
պաղ առավոտը:
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Աղվամազե օրեր
հին դպրոցի փայտե դասասեղանին,
խելառ երգերի վերջին հովիտը`
արդեն ցամաքած լիճը
ուր ֆուտբոլ են խաղում հիմա:
***
Ուզում էի կենսագրությունս կախել շուրթերիցդ,
չգիտեի որ անունս վաղուց պոկել ես էջերիցդ,
հաշմանդամությունս հաստատող փաստաթուղթն է
քեզ չունենալը…
ԱՆՁՐԵՎ
Մռայլ երկինքը
իր ջրային հոգսն է շաղ տալիս կտուրներին:
ԾԻԱԾԱՆ
Անձրևից հետո
հագուստդ երկնքում ես մոռացել:
***
Դռան ետևում դողացող սրտի նման
կուչ է եկել սառած փողոցը,
հողը քնած է ձյան տակ,
աստղերը լույս են խնկարկում սենյակում
և ձեռքերիդ մեջ կանաչում է ձմեռը,
քո գալով ունեցածս օվկիանոս դարձավ
որը չի սառչում անգամ ձմռանը:
***
Լճում քնած աստղերին չխանգարելու համար
զգուշորեն եմ նավարկում,
և շրջանցելով բոլոր արարողակարգերը
գիշերով եմ գալիս մոտդ,
որ անունս երգով խնկարկեմ
քո կաթնային ակունքում:
***
Երբ լռությունս չի կարողանում անցնել
բառերիդ կամուրջի վրայով,
կարկաչում ես գիշերներիս ակունքներում,
անունդ դողում է բարձիս:
***
Դեղնած հասկերի բերանում չորացավ ամառը,
չհասկացա, թե ջուր բերելու համար
ինչու անապատ գնացիր:
***
Գալուց հետդ ոչինչ չբերեցիր,
չհասկացա թե ինչպես նոր աշխարհում հայտնվեցի
և ինչպես հիշողությանս միջից
ջնջվեց հին աշխարհը,
դեռ բակի դռան մոտ չէիր հասել, հողը սպիտակեց,
ձյունը նախ խաղում էր հետդ,
հետո իրիկունը ճերմակեց մազերիդ,
ապա` վերարկուիդ օձիքից իջավ մինչև փեշերդ,
ներս մտար բնության կարած
հարսանյաց զգեստով,
ծաղիկները գարուն խնկարկեցին սենյակում:
Հիմա երբ երկինքը գոռում է կայծակի բերանով
հեռվում վառվում է ոսկե շիկնանքդ,
աշնան երակներում լերդացած արյան պես
թպրտում է կանգնած ժամանակը,
գնալիս մոռացար հագիցդ հանել
վերնաշապիկիդ չափով կարված աշխարհս:
***
Կիսամերկ ծառերին խրտնում է աշունը,
Իրիկունը անխնա տրորում է տերևները,
Սպասումն է թեյնիկում եռացողը,
Գոլորշու փոխարեն հույսը բարձրանում
Տարրալուծվում է օդում,
Ամեն գիշեր երազիս մեջ ծաղիկներ ես ցանում,
Ոչ մեկը չեմ կարողանում քաղել:
***
Մեր միջև վարարող ժամանակը
գարուն է ավետում,
Մեզ իրարից բաժանողը
մեկ հավերժություն է ընդամենը,
Հայացքս ուղեկցում է մազերիդ
մեջ նվագող քամուն
Մինչև վերջանում է աշնան թանաքը այգում
Եվ լեռներում ծիծաղում է ձմեռը,
Երբ երկրի կրաքարե ընդերքում
Արևը մակույկ դառնա մեզ համար
Արշալույսը ծովում կդիմավորենք:
***
Անձրևը կեղծ է թվում
միայն հոգեհանգստին մասնակցող
բարեկամի պես,
ձեռքերս չգիտեն ինչ են անում,
ոտքերս չգիտեն ուր են գնում,
սպասում եմ մարեն փողոցի լույսերը,
որ վառվես երազներիս մեջ տեղդ իմանամ,
քեզանից բացի ոչ մեկին
չեմ կարողանում վերաբնակեցնել իմ օրերում:
ՋԱԶ
Երբ ձեռքիդ հպումից
գինու բաժակում քրտնում է ջազը,
երազներիս բաց պատուհանից տեսնում եմ
լճում նավակող արտացոլանքդ,
որը ծնունդն է ծիածանի:
***
Փողոցում ջազի հնչյուններ են հոսում,
պատուհաններին հալվում են կտուրից
թափվող նոտաները,
մազերիդ մեջ շոշափում եմ անձրևը
ու պարզ է դառնում
մեռոնի պատրաստման գաղտնիքը:
ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Քնել ու վեր կենալ լեռների հետ,
Քայլել կանաչ մարգագետիններով
Երբ նոր-նոր է խոտը արթնանում,
Երբ ոտքերդ գրկող եղյամը նույնքան հաճելի է
Որքան ջերմող երեխայի ճակատին
դրված սառը թրջոցը:
Ջուր խմել այն առվակից
Ուր հազարավոր ծաղկաթերթեր կան,
Կեսօրին շոգից կարկամած արևի հետ ճաշել,
Եվ շոշափել կերածդ հացի
ամեն մի պատառի վրա ծաղկող
Սեփական քրտինքիդ օրհնանքը:
Երեկոյան տուն դառնալ
Երկինքը ծրարած հոգումդ,
Եվ ձեռքիդ ծաղկեփնջի մեջ
պինդ պահած բոլոր աստղերը
Բերել, նվիրել կնոջդ,
Ով կաթի դույլը ձեռքին գոմի դռան մոտ
սպասում է քեզ: