Երևանում այդ օրը շատ բան կարող էիք տեսնել: Ոմանք կտեսնեին ամպերը, որոնք կուտակվել էին քաղաքի վրա, ոմանք ամպերի խորքում կնկատեին հազիվ երևացող լուսինը, ոմանք այդ ամենի արանքում կփնտրեին տիեզերական աղբը, որի մասին շատ էին լսել հեռուստատեսությամբ: Ես այդ օրը նայում էի ծիծեռնակներին: Ասում են՝ նրանց թռիչքի բարձունքից կարելի է կռահել եղանակը: Սակայն օրվա եղանակն ինձ չէր հետաքրքրում, քանի որ ես արձակուրդում էի. լիներ անձրև, լիներ արև, թե լիներ ձյուն, միևնույն է, ես կունենայի նույն առօրյան: Այդ պահին ես նայում էի ծիծեռնակներին, որպեսզի ունենամ արդարացում, երբ մայրս ինձ հարցնի, թե ինչով եմ այդքան տարված: Չէ՞ որ ես չէի կարող ասել, որ սպասում եմ, թե երբ կբացվի դիմացի շենքի պատուհանը ու կհնչի մի ձայն, որն արդեն մի քանի օր է, ինչ խանգարում է երկու իրար նայող շենքերի բնակիչներին:
Ժամը 5 անց 58 րոպե էր, երբ ես հայացքս ծիծեռնակներից դանդաղ թեքեցի դեպի դիմացի շենքի հարազատ դարձած պատուհանը: Ուղիղ երկու րոպեից այն պետք է բացվեր: Ահա ներքևում կանգնեց ավտոմեքենան, որից դուրս եկավ ականջակալներով մի աղջիկ: Թեպետ դրսում բավական ցուրտ էր, և այդ ցուրտը վաղուց արդեն բացված պատուհանից մտել էր մեր տուն, ի ուրախություն ինձ, մայրս փակված էր սենյակում ու չէր զգում սառնությունը: Այդ սառնությունը չէր զգում նաև այն աղջիկը, ով իջավ ավտոմեքենայից ու քայլեց դեպի իր շենքը: Նա հագնված էր թեթև, այնպես թեթեև, ինչպես թեթև նա քայլում էր այդ 15 մետրը՝ ավտոմեքենայից մինչև շենք: Դա հենց այն 15 մետրն էր, որի սահմաններում ես տեսնում էի նրան: Եվ ահա նա անհետացավ իմ տեսադաշտից: Ես մտքումս հաշվեցի մինչև 57-ը և վառվեց դիմացի շենքի բնակարաններից մեկի լույսը: Ո՛չ, լույս չվառվեց, քանզի դեռ մութ չէր, պարզապես նա մտավ ներս: Նա մոտեցավ պատուհանին և ուշադիր նայելով դիմացի շենքից հետևող երիտասարդ մի տղայի, բաց արեց պատուհանը: Կամաց-կամաց նրա հայացքը թեքվեց դեպի շենքի առջև թռչող ծիծեռնակները, իսկ հետո այդ նույն հայացքը պտտվեց 180 աստիճանով ու վերադարձավ բնակարան: Հնչեց երաժշտությունը: Սկզբում այդ ձայնը ցածր էր, իսկ հետո գնալով ավելի ու ավելի բարձրացավ: Եվ ահա ես մտքում հաշվեցի մինչ 36-ը ու թիկունքումս լսվեց ձայնը: Նա կրկնեց այն, ինչը կրկնում էր միշտ, վերջին մի քանի օրվա ընթացքում:
— Էլի էս աղջիկը միացրեց էդ երգը: Շուտ փակիր պատուհանը ու անցիր դաս անելու:
Այո՛, ես դպրոցական էի, 8-րդ դասարանցի: Փակելով պատուհանը՝ սկսեցի հաշվել մինչև 3480-ը: Ստում եմ, դե իհարկե ես այդքանը չհաշվեցի. ես միացրի հեռախոսիս վայրկյանաչափը ու այն սկսեց հաշվել իմ փոխարեն: Ըստ մորս պատմությունների՝ իրենց ժամանակ իրենք հաշվում էին, որովհետև այդ ժամանակ չկային հեռախոսներ: Ես ասում եմ, համենայն դեպս ասում եմ ինքս ինձ, որ մայրիկիս մանկության ժամանակ չկար նաև այսպիսի հարևանուհի: Դա նման էր այն դեպքին, երբ ես նայում էի ծիծեռնակներին: Երկու պարագայում էլ ես ունեի պատասխաններ, պատասխաններ, որոնք հորինված էին իրականությունը թաքցնելու համար: Իրականությունն ամենևին այլ էր: Ես պարզապես չէի կարող ուշադիր նայել դիմացի պատուհանին, որպեսզի բաց չթողնեմ ոչինչ և միևնույն ժամանակ հաշվել մինչ 3480-ը:
Ահա հնչեց հեռախոսիս ազդանշանը, ես նայեցի հեռախոսիս, իսկ հետո պատուհանից դուրս: Այն երգը, որը 1 ժամ է հնչում էր, անջատվեց: Այդքանով իմ այսօրվա հաշվարկն ավարտվեց: Այժմ ուղեղս կարող էր հանգստանալ մինչ երեկո, երբ ես կլողանայի ու գլուխս կդնեի բարձին, որպեսզի կարողանայի ուղեղիս կրկին զոռ տալ: Ո՛չ, այս անգամ խոսքը հաշվարկի մասին չէ. այս անգամ մենք քննարկելու ենք պատճառը, փորձելու ենք գտնել նրա արարքի պատճառը: Ես հաշվել եմ, ավելի ճիշտ՝ հեռախոսս հաշվել է, որ նույնիսկ մեր դպրոցի զանգը, այդ անտեր զանգն անգամ չի հնչում այնպիսի ճշգրտությամբ, ինչպիսի ճշգրտությամբ հնչում է այդ պատուհանի երգը:
Ես կցանկանայի լինել ավելի մեծ, այնքան մեծ, որ կարողանայի մոտենալ ու շփվել այդ աղջկա հետ, այնքան մեծ, որ թակեի նրա դուռը ու տայի այն մի քանի տասնյակ հարցերը, որոնք կուտակվել են իմ մեջ: Բայց, ավաղ, ես փոքր եմ, ես ծնվել եմ մի քանի, ավելի ճիշտ ուղիղ 11 տարի ավելի ուշ, քան նա:
Երեկոն եկավ, գլուխս ընկավ բարձին, ուղեղս սկսեց աշխատել, սկզբում ես ետ շպրտեցի առօրյա հարցերը, մոռացա այն ամենը, ինչ եղել է դպրոցում և առաջ քաշեցի ինձ հուզող հարցերը: Առաջին 15 րոպեն ես չէի կարողանում կենտրոնանալ, ետ քաշած հարցերը փորձում էին սողոսկել առաջնագիծ, իսկ ես պայքարում էի նրանց դեմ: Բացի այդ, 15 րոպեի ընթացքում ինձ խանգարում էր նաև կողքի սենյակից լսվող հեռուստացույցի ձայնը: Ի ուրախություն ինձ՝ շուտով հեռուստացույցն անջատվեց, իսկ երկրորդական մտքերս կարողացա սանձել: Ու սկսվեց այն, ինչը ես շատ եմ սիրում. սկսվեց երեկոյան քննարկումը: Այդ քննարկումները իմ օրվա լավագույն մասն են, հենց այդ քննարկումների արդյունքում 2 տարի առաջ ես կարողացա հաղթել շարադրության մրցույթներից մեկում, 4 ամիս առաջ՝ կայացրածս որոշման շնորհիվ, ես կարողացա պատճառ գտնել, թե ինչու դասարանի հետ չպետք է գնամ էքսկուրսիայի: Վստահ եմ, հենց այսպիսի քննարկումների ժամանակ վաղը կամ մյուս օրը ես կհասնեմ նրան, ինչին ձգտում եմ: Ո՛չ, դա իհարկե այն չէ, ինչ դուք մտածեցիք, այն ամենը, ինչին ես ուզում եմ հասնել կյանքում, ընդհանրապես կապված չէ այդ աղջկա հետ, պարզապես կյանքի տվյալ շրջանում ինձ հանդիպել է մի երևույթ, որը շնչում է, որը պարզապես շատ յուրօրինակ է: Նա քայլում է, նա ունի անուն, նա ապրում է իմ դիմաց, այո՛, հենց իմ դիմաց, ու այս գիշերվա և միգուցե վաղվա գիշերվա քնարկումներիս թեման լինելու է հենց նա:
Ծիծաղելի է, հիմա դուք կհարցնեք՝ ինչն է ծիծաղելի, որ 8-րդ դասարանի երեխան չի քնում, այլ մտածում է բաներ, որոնք, օրինակ, մտածում են համալսարանի ուսանողները. ո՛չ, ամենևին էլ ոչ, ծիծաղելի է այն, որ ես ասացի՝ այս գիշերվա և միգուցե վաղվա գիշերվա, բայց արդեն 1 ամիս է ամեն գիշեր քննարկում եմ նրան: Ի դեպ, մորս ջղայնությունը դիմացավ շաբաթներ, բայց շուտով, երբ ամեն անգամ վերելակ մտնելիս տեսնում ու լսում էր մյուս հարևանների դժգոհությունները այդ երգերի շուրջ, որոշեց դիմել ծայրահեղ քայլերի: Ես չգիտեմ, միգուցե եթե չլինեին այլ կարծիքներ, շատ բան չփոխվեր, բայց բանն այն է, որ փոխվեց, ու նա ևս մի քանի հարևանների հետ գնաց բողոքելու:
Ես սովորականի նման կանգնած էի պատուհանի մոտ ու պատուհանը բացած ուշադիր նայում էի ծիծեռնակներին: Լավ, արդեն ու՞մ եմ ինչ խաբում, այո՛, կանգնած նայում էի նրա պատուհաններին: Արդեն ժամը 6-ն անց 17 էր ու արդեն 17 րոպե երգը գրավել էր երկու բարձրահարկ շենքերը՝ ոտքից գլուխ: Սակայն վերջին 2 ամսվա մեջ առաջին անգամ երաժշտությունը ընդհատվեց: Ես հասկացա, որ մայրս իր աջակիցների հետ հասել է տեղ: Նրանք երևի արդեն արտահայտեցին իրենց բողոքները ու հիմա ետ են վերադառնում: Ահա, հնչեց մեր տան զանգը: Ես արդեն փակել էի պատուհանը, գնացի դուռը բացելու: Մայրս ներս մտավ ջղայնացած: Նա մի քանի անգամ օգտագործեց «հոգեկան հիվանդ» արտահայտությունը: Այդ արտահայտության արանքներում հնչեցին նաև շատ այլ բառեր, բայց ամենից շատ կրկնվում էր հենց դա: Հարցը կարծես թե լուծվել էր, բայց նա շարունակում էր ջղայնանալ: Ժամը 6-ն անց 39 րոպեին դիմացի շենքը կրկին սկսեց երգել: Այո՛, դիմացի շենքից երգը շարունակվեց ու երգեց դեռ 21 րոպե: Մորս հնչեցրած խոսքերի մեջ եղան շատ փոփոխություններ, այդ արտահայտությունը շարունակում էր հնչել բավական հաճախ ու դրան ավելացել էր նաև «ոստիկանություն» բառը: Լավ է, որ որոշ ժամանակ անց նա հանդարտվեց՝ իր սերիալը դիտելու համար:
Եկավ հաջորդ օրը, դրան հաջորդեց մյուսը: Դիմացի շենքը շարունակում էր երգել, իսկ մյուսները ունկնդրում էին. նա մի հիանալի կոնցերտ էր տալիս Երևանի կենտրոնական հատվածներից մեկում: Ու եթե մյուս շենքերը նրան ունկնդրում են սուսուփուս ու հիացմունքով, նույնը չեմ կարող ասել այդ շենքերում գտնվող մարդկանց մասին:
Հայրս միշտ տուն է գալիս ժամը 7-ից հետո, ու դիմացի շենքի հարևանի հասցեին մորս հնչեցրած հայհոյանքները նրան թվում են անհեթեթ: Նա զարմանում էր, թե ինչու ինքը երբեք չի լսել այդ երգերը: Մայրս պատասխանում էր, որ ուղիղ 7-ին աղջիկը անջատում է երաժշտությունը: Հայրս սկսել էր մի քիչ կասկածել ու հաճախ կատակով ինքն էլ էր օգտագործում «հոգեկան» բառը, մորս վերաբերյալ: Այդ ամենը կարող էր ոչ այնքան լավ զարգացում ստանալ, եթե չլինեին վերելակում կամ նրա մոտակայքում տեղի ունեցող խոսակցությունները: Եթե կոնցերտն ամեն օր ավարտվում էր 7-ին, ապա նրա մասին խոսակցությունները չէին լռում մինչ ուշ երեկո: Լսելով տարբեր խոսակցություններ, հայրս մի անգամ որոշեց աշխատանքից շուտ վերադառնալ: Կյանքն այդ օրը ոչ մի անակնկալ չէր պատրաստել մեզ համար, այդ օրը ժամը 6-ին սովորականի նման հնչեց երաժշտությունը, միգուցե ավելի բարձր, քան նախորդ օրը: Դա միակ օրն էր, երբ մայրս ուրախ էր, որ այն հնչեց, և նա, ով պետք է լսեր՝ լսեց: Ես սենյակումս փակված դաս էի անում ու երևի շատ բան բաց թողեցի, քանի որ հաջորդ օրը բացելով պատուհանս, միացնելով հեռախոսս՝ լսեցի միայն դրսում տիրող անցուդարձի, ավտոմեքենաների, քիչ հեռու գտնվող գործարանի, դրսում հաչող շների ձայները: Ահա 6-ն անց 12 րոպե է, բայց կոնցերտն այդպես էլ չի սկսվում: Մորս դեմքին հայտնված ժպիտը ամեն ինչ տեղը գցեց. պարզ էր, որ հորս համար կազմակերպված երեկվա կոնցերտն իրենն արել է:
Անցան օրեր: Ժամը 6-ից 7-ը Երևանի կենտրոնական հատվածներից մեկում գտնվող երկու բարձրահարկ շենքերից և ոչ մեկը չէր երգում, դրա փոխարեն շենքերի շուրջը տիրում էին հազարավոր այլ ձայներ:
Շատ ժամանակ չէր անցել այն օրվանից, երբ հայրս որոշել էր շուտ գալ տուն: Ես բակում խաղում էի, մենք ֆուտբոլ էինք խաղում, երբ ընկերներիցս մեկը գնդակին շատ ուժեղ հարվածեց և այն թռավ բավականին հեռու՝ դեպի քանդված հին լողավազանը, որը արդեն մի քանի տասնյակ տարի է՝ ինչ չի գործում: Ես գնացի գնդակը բերելու, և երբ այն գտա, քիչ հեռու, լողավազանի քարե նստարաններից մեկին տեսա ականջակալներով մի աղջկա: Դա այն աղջիկն էր, ով երկու շենքերից մեկին սովորեցրել էր երգել, դա այն աղջիկն էր, ով ինձ սովորեցրել էր սիրել երաժշտություն, իսկ ավելի կոնկրետ՝ ջազ: Ես գնդակը տարա ընկերներիս և ասացի, որ գնում եմ տուն, բայց շրջանցեցի շենքը ու մոտեցա հին լողավազանին, ժամը 6-ն անց 35 էր, նա շարունակում էր երաժշտություն լսել ու տետրի մեջ ինչ-որ բան գրել:
Ես մոտեցա նրան. նույնիսկ չգիտեի, թե ինչու, չգիտեի՝ ինչ պետք է ասեմ, ինչ եմ ուզում ասել, բայց այս հնարավորությունը բաց թողնել չէի կարող:
Ստացվեց շատ հետաքրիր, մտածում էի, թե խոսակցությունը կսկսեմ ես, բայց արի ու տես, որ նա հանեց ականջակալները ու բարևեց ինձ:
— Ողջույն:
— Բարև Ձեզ:
— Ի՞նչ է քո անունը:
— Մհեր:
— Ուրախ եմ, ես Աստղիկն եմ:
— Ես ել եմ ուրախ:
— Ի դեպ, ես քեզ ճանաչում եմ: Դու այն տղան ես, ով ամեն օր 6-ից 7-ը ուշադիր նայում է իմ պատուհանին:
— Դուք ինձ տեսե՞լ եք:
— Այո՛, դե ճիշտն ասա, դու ի՞նձ էիր ցանկանում նայել, թե ուղղակի երաժշտություն էիր լսում:
— Ո՛չ, ես նայում էի ծիծեռնակներին:
— Ա՜խ, ծիծեռնակների՞ն: Այ հիմա պարզ է, այո՛, նրանք շատ հաճախ են թռչում իմ պատուհանի մոտով, մի անգամ նույնիսկ նրանցից մեկը տուն էր մտել:
— Ի՞նչ եք գրում:
— Պարզապես այն, ինչ մտքիս է գալիս: Ավելի ճիշտ՝ ուղղակի խոսում եմ:
— Խոսու՞մ:
— Այո՛, երբ մենակ ես ապրում, ինչ-որ մեկի հետ խոսելու լավագույն միջոցը գրելն է:
— Պարզ է,- ասացի ես ու նստեցի նրանից քիչ հեռու:
— Մաքուր օդ ես որոշել շնչե՞լ:
— Այո՛, տուն գնամ, պետք է դաս անեմ:
— Ի՞նչ ես կարծում, մի օր այս լողավազանը կվերանորոգե՞ն:
— Չգիտեմ, բայց որ հարստանամ՝ ես ինքս այն կվերանորոգեմ:
— Ապրե՛ս, չնայած, միգուցե հարևանները քեզ մոտ ոստիկանություն ուղարկեն:
— Ինչու՞:
— Դե հավանաբար լողավազանը կսկսի խանգարել նրանց. օրինակ՝ սերիալներին կամ պարզապես նրանց դուր չի գա, որ պատուհանների տակ լողում են կիսամերկ մարդիկ:
Նա շարունակում էր խոսել ժպիտը դեմքին: Հաճախ թեթև ժպիտը վերածվում էր ծիծաղի, իսկ հետո ծիծաղը մաքրվում էր ինչ-որ տարօրինակ արտահայտությունով: Երբ եկավ հերթական այդպիսի արտահայտությունը, ես հարցրի:
— Իսկ ինչու՞ էիր դու ամեն օր միևնույն ժամին միացնում երաժշտությունը:
— Միգուցե ուղղակի ուզում էի երգ լսել:
— Միգուցե՞:
— Երաժշտությունն ինձ օգնում է չլսել ձայները:
— Ի՞նչ ձայներ:
— Բոլոր ձայները:
Ես չկարողացա հասկանալ նրա ասածը, բայց հիմար թվալու վախով ևս մեկ անգամ հարցրի.
— Ձայնե՞ր:
Նա հեռախոսից անջատեց երաժշտությունը, անջատեց ու ասաց.
— Փակի՛ր աչքերդ ու ուշադիր լսիր:
Ես փակեցի աչքերս:
— Լսու՞մ ես:
— Ի՞նչը:
— Ձայները:
— Հըը՜մ…
— Ավտոմեքենաների, շների, մարդկանց, երկնքի, գետնի տակի, լսու՞մ ես այդ ձայները:
— …
— Ես զզվում եմ այդ ձայներից, այդ ձայները հատկապես ահավոր են 6-ից 7-ը ընկած ժամանակահատվածում, երբ մարդիկ աշխատանքից վերադառնում են տուն: Նրանց միջից պարզապես դատարկված է լինում դրականը: Նրանք փորձում են հասնել տուն, որ գոնե մի քիչ հանգստանան ու պատրաստ լինեն հաջորդ օրվան: Սակայն, նրանց պատուհասում է մեքենաների աղմուկը. այ, լսու՞մ ես ավտոմեքենաների ձայները, նրանք ազդանշան են տալիս: Առավոտյան սա այնքան շատ չի լինում, մարդիկ առավոտյան ավելի հանգիստ են, նրանց մեջ կա այն դրականը, որ ստացել են գիշերով: Առավոտյան մարդիկ դեռ հույս ունեն, որ այդ օրը կկատարվի հրաշք, բայց երեկոյան նրանք արդեն գիտեն, որ հրաշք այդ օրը չի լինելու ու բարկացած իրենց վրա, կյանքի վրա, ավտոմեքենայի վրա, շտապում են տուն, որպեսզի շուտ գա հաջորդ օրը ու հրաշքի հնարավորությունը վերադառնա:
— …
— Երգը ինձ օգնում էր չլսել այդ ձայները: Դրանք ինձ հասցնում են խելագարության, դրանք ինձ հիշեցնում են, թե ինչ աշխարհում ենք մենք ապրում, ու ես այլևս չեմ կարողանում երազել կամ պարզապես ապրել այն կյանքով, որով ցանկանում եմ, քանզի ձայները կրկին իրականության դառը համն են զգացնել տալիս: Ես հույս ունեի, որ մարդիկ կհասկանան ինձ, այլ ոչ թե կստիպեն, որպեսզի ես վերացնեմ այն միակ միջոցը, որը ինձ կտրում է այդ իրականությունից, իրական ու գորշ աշխարհից: Բայց իրենց էլ եմ հասկանում, նրանք նախանձում են, նախանձում են, որ մեկը կարող է իրեն թույլ տալ ապրել այլ իրականությամբ: Իհարկե ես հասկանում եմ նրանց:

Այդ օրը նա խոսում էր այնպես, կարծես վաղուց խոսելու կարիք ուներ: Ձեռքի տետրը նրան երբեք չի պատասխանել, այն միայն լսել է: Ստացվեց այնպես, որ ես էլ միայն լսեցի, բայց նա հույս ուներ, որ ես կամ գոնե ուրիշ մեկը նրան ոչ միայն կլսի, այլ նաև կպատասխանի:
Երեկոյան, իմ հերթական գիշերային ժողովների ժամանակ, ես կայացրի մի որոշում՝ որոշում, որ կպատասխանեմ նրան:
Ահա, եկավ հաջորդ օրը: Մոտենում էր ժամը 6-ը, քաղաքի կենտրոնում տիրում էր ամենօրյա անցուդարձը, տարօրինակ է, ես արդեն չէի լսում պարզապես ձայներ, իմ ականջին նույնպես հասնում էին մարդկանց հոգիների, հոգնած մարդկանց հոգնած հոգիների ջղային բղավոցները:
Երևանի կենտրոնական հատվածներից մեկում, հին լողավազանի կողքին կանգնած էին երկու շենքեր: Նրանք ո՛չ աշխարհի կենտրոնն էին, ո՛չ էլ ունեին ինչ-որ յուրօրինակ տեսք, բայց այդ օրը նրանցից մեկը երգեց՝ երգեց շատ բարձր ու շատ վստահ: Այս անգամ երգում էր ոչ թե նա, ով միշտ երգել էր, այլ նրա դիմացինը:
Մայրս հաց էր պատրաստում, երբ հնչեց այդ երաժշտությունը, և նրա մեջ արթնացավ գազանը, որը կուշտ քնած էր արդեն մի քանի շաբաթ: Արդեն զանգում էր ոստիկանություն, երբ հանկարծ հասկացավ, որ ձայնը հնչում է հենց իր տնից: Նա կատաղի քայլերով մտավ իմ սենյակ, ես կանգնած էի պատուհանի մոտ՝ երկու մեծ դինամիկով, որոնք ուղղված էին դեպի դուրս: Նա մոտեցավ բղավելով ու քաշեց լարը. սարքերն ընկան հատակին: Ես ձայն չհանեցի, պարզապես նայեցի, թե ինչպես է մայրս դուրս գալիս սենյակից, որ զանգի հորս ու բողոքի ինձնից: Նա վերցրեց հեռախոսը ու ետ եկավ, որպեսզի այդ ամենն անի իմ ներկայությամբ: Եթե մի պահ իր միջից հաներ ջղայնությունը, ապա կկարողանար լսել, որ շենքերը շարունակում են երգել: Բայց ցավոք՝ չէր լսում:Երբ նա պատմեց հորս, պարզվեց, որ հայրս այդ պահին արդեն բակում էր. բարձրացավ տուն ու ասաց մորս.
— Ի՞նչ է, դու լրի՞վ ես կորցրել քեզ, ի՞նչ Մհեր, երգը մեր տնից չի գալիս:
— Ի՞նչ ես խոսում,- ասաց մայրս՝ դեռ զայրացած:
— Գնա՛ պատուհանի մոտ, բա՛ց արա ու գլուխդ դուրս հանիր:
Մայրս մոտեցավ պատուհանին, բաց արեց այն… զայրույթն ամբողջովին անցավ. շուրջը տիրում էր երաժշտությունը: Կենտրոնական հատվածում գտնվող երկու բարձրահարկ շենքեր, սովորական մի չորեքշաբթի օր, կոնցերտ էին տալիս Երևան քաղաքի բնակիչների համար: Այդ օրը կենտրոնում գրեթե ոչ ոք չլսեց ավտոմեքենաների, զայրացած մարդկանց, շների ձայները: Այդ օրը ոմանք, ովքեր ամեն օր սպասում էին հրաշքի, միգուցե ստացան սպասված հրաշքը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն