— Ամենակարևորը անվտանգությունն է,- լսում եմ ականջիս տակ Արթուրի քրտնած ձայնը: Նրան երևի ավելի շատ է բացել, քան մյուսներիս: Դեմքին գույն չկա, վախից դողում է ու փորձում ավելի պինդ բռնվել բռնակից: Շոգ է: Անտանելի:
— Բաց թող դուռը, կջարդես,- ասում եմ ես ատամներս սեղմած: Հետևում նստած Վիկան բարձր ծիծաղում է,- ձե՛նդ:
— Մենք հիմա կմեռնենք, հեսա մեռնելու ենք, որովհետև դու լավ չես կազմակերպում անվտանգությունդ: Անվտանգությունդ լավը չէ: Վտանգությունդ:
Արթուրը շեշտ է դնում վերջին «թյունդ»-ի վրա, մանավանդ` «դ»-ի: Նրա լեզուն հազիվ է պտտվում չորացած բերանում: Խոսում է այնպես, ոնց որ խակ խուրմա կերած լինի: Հետևիցս գոռում են: Վիկայի ընկերուհին, ում անունը այդպես էլ չֆիքսեցի, իջեցրել է ապակին, քամին լցվում է մեքենայի սրահը, շոգը մեղմանում է, ինչը դուր չի գալիս Դավիթ անունով հայվանին: Մինչև այս նա անջատված փռված էր Վիկայի կողքը, իսկ հիմա գոռում է:
— Անջատե՛ք դրան,- գոռում եմ ես ավելի բարձր: Այնքան բարձր, որ Արթուրն ավելի է սփրթնում, իսկ Վիկան դադարում է ծիծաղել:- Դու էդ դուռը բաց կթողնե՞ս, թե՞ չէ, արա՛:
Արթուրը փորձում է բաց թողնել դուռը: Վախենում է: Հանկարծ կընկնի կամ ահռելի արագությամբ կբախվենք պատին: Կամ կընկնենք ձորը: Ինձ ավելի դուր է գալիս պատին բախվելու տարբերակը: Մեքենայի առաջնամասը լրիվ կսվաղվի պատին: Շարժիչը կծեփվի պատին ու կլխճվի: Կողքից էլ կծորա յուղը: Ու Վիկայի ուղեղը:
— Պի՛նդ բռնիր դուռը նորից,- ասում եմ Արթուրին:
Ենթարկվում է: Բայց շատ էր վախեցել առանց դռան: Ինձ թվում է` գլուխը պտտվում է ու կարող է փսխել: Նորից շոգ է, ու գլուխս քրտնում է:
— Ավելի դանդաղ կքշեմ,- խոստանում եմ ես ու չգիտեմ ինչու` խաբում: Ոտքս սեղմում եմ: Մեքենան արագություն է հավաքում: Վիկան սկսում է ծիծաղել, իսկ եզ Դավիթը նորից անջատվում է: Հետևի հայելիով տեսնում եմ նրա բերանից ծորացող լոզերը:
— Անվտանգությունդ,- ասում է Արթուրը: Վիկայի ընկերուհին փակում է լուսամուտն ու սկսում արձակել շապիկի կոճակները:
Ես մտածում եմ ձորն ընկնելու մասին: Գրողի տարած քաղաքում ձորեր չկան: Հենց դիմացս խաչմերուկ կա, բայց ձոր չկա: Ես փորձում եմ հասկանալ` ինչպես վարվել խաչմերուկում: Կարևորը Արթուրն է: Կամ Վիկան: Կարևորը ապահովվի նրանց անվտանգությունը: Ես հասկանում եմ, որ բոլորիս բացել է, մենք հիմա նման ենք խելագար բույսերի: Պատերին լղոզված անասուն բույսերի: Կակտուսների: Կակտուսների` մեքսիկական, ձեռքերով, ինչպես խաչմերուկում կանգնած ոստիկանը: Ես սկսում եմ արգելակել: Վիկայի ընկերուհին հանում է շապիկը: Ես նկատում եմ կեղտոտ կրծկալը: Այն մրոտ է: Ուզում եմ ասել նրան այդ մասին, բայց բերանս շատ չոր է, որոշում եմ խնայել բառերը: Իսկ նա հանում է կրծկալն ու ցույց տալիս մրոտ պտուկները: Չգիտեմ ինչպես` դրանք անմիջապես ականջներիս տակ են:
— Դե,- ասում է նա,- չե՞ս ուզում ծխել:
Ես տեսնում եմ, որ նրա պտուկները շիկանում են:
— Կարող ես կպցնել սիգարետդ հենց պտուկիցս,- ասում է Վիկայի ընկերուհին: Վիկան հիստերիկի պես ծիծաղում է: Իսկ ես սիգարետ չունեմ:
— Դռան անվտանգությունն ամենից վեր է,- ասում է Արթուրը:
— Սիգարետ ունե՞ս,- հարցնում եմ նրան: Նա չի հասցնում պատասխանել, որովհետև նրա քրտնած ձայնն ինձնից հեռացնում են Վիկայի ընկերուհու շիկացած պտուկները:
— Դե՞, ո՞ւր են սիգարետներդ, կպցրու,- ասում է նա:
Ես մոտենում եմ խաչմերուկին և չեմ պատկերացնում, թե ինչ եմ ասելու էնտեղ կանգնած կակտուս ոստիկանին: Ինչո՞ւ չունեմ սիգարետ: Պետք է մի բան հորինել: Օրինակ` ես թարգել եմ ծխելը, երբ դեռ սովորում էի դպրոցում: Կամ՝ ես փոքր ժամանակ ծխեցի ու հասկացա, որ չեմ ուզում գնալ դպրոց, չեմ ուզում ծխել դպրոցում: Բայց ախր ոստիկանությունը դպրոց չէ: Չի հավատա: Ես նորից եմ նայում Վիկայի ընկերուհու պտուկներին, իսկ Վիկան լրջացել է: Նա ասում է, որ դիմացս ոստիկան է:
— Ապուշ, գոնե նկատե՞լ ես, որ հանդիպակացով ես գնում, կանգնեցնելու է, հարյուր տոկոս: Անասուն: Գոնե գիտե՞ս ինչ ենք ասելու: Գոնե գիտե՞ս ինչ ենք խաբելու:
— Ես չեմ ծխում դեռ մանուկ հասակից,- արդարանում եմ ես, իսկ Վիկան վերցնում և անջատում է ընկերուհու պտուկները: Չգիտեմ ոնց է անում, բայց ստիպում է նրան հանգցնել պտուկները ու հագնել մրոտ կրծկալը:
— Վերջ,- ասում է Վիկան,- դիմացներս է, կանգնիր, չե՞ս տեսնում, կանգնեցնում է:
Ես նայում եմ ոստիկանին: Փաստորեն հիմա պետք չէ ծխել: Հիմա պետք է ուղղակի արգելակել: Որպեսզի կանգնենք ոստիկանի առջև: Բայց ես երկար եմ արգելակում: Մենք մոտենում ենք, բայց շատ արագ: Վիկայի հայացքը նման է լարված մարմարից պատրաստված արձանի երեսի: Լարված են բոլոր մարմարյա ջլերը, մկանները, մաշկը: Իսկ Արթուրը զարթնում է, բացում դուռն ու ոտքը դուրս հանում: Բոլորս միասին գոռում ենք: Նաև` ոստիկանը: Հնարքը շատ վտանգավոր է ու տևում է բավական երկար: Արթուրն ընթացքում հասցնում է մի քանի անգամ արտասանել «անվտանգությունդ» բառը: Վիկայի մարմարյա դեմքով սկսում են արցունքներ հոսել, իսկ ընկերուհին թաքցնում է մրոտ կրծկալը շապիկի տակ: Դավիթի ոտքը, որը դրսում է, մոտենում է մոխրագույն համազգեստ հագած ոստիկանին: Կակտուսը բռնում է Դավիթի ոտքը ու դուրս քաշում նրան: Ես տեսնում եմ, թե ոնց է նա ընկնում գետնին, ոնց են արագության տակ նրա մարմինը քարշ տալիս գետնով, տեսնում եմ, թե ոնց է նրա բերանից թափվում կանաչավուն փսխունքը: Տեսնում եմ, թե ոնց ենք մենք դուրս գալիս վերելակից:

Հ.Գ.
Այս տարօրինակ զառանցանքը երջանիկ ավարտ ունեցավ, եթե չհաշվենք Դավիթի կեղտոտված շորերը: Ոստիկանը, որը բռնեցրեց մեզ նման վիճակում, վերելակում XSDF4 ծխելիս, պարզվում է նույնպես շտապում էր այդ շենքում ապրող հայտնի դիլլերի մոտ: Նա օգնեց մեզ դուրս գալ վերելակից, տեսքներս քիչ թե շատ կարգի բերել ու տաքսի կանչել: Իսկ Վիկայի ընկերուհին ինձ հետ եկավ: Չգիտեմ ինչպես էր դա անում, բայց ողջ գիշեր նրա պտուկները շիկացած էին: Ես դրանցով վառում էի սիգարետներս:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն