Մանյան էլի սոված քնեց, քնեց, որ էլ չարթնանա, բայց լույսը իր անողոք ու բութ ուլտրամանուշակագույն ճառագայթներով, ժխորի փոփոխվող տեղատվությամբ, լցվեց կոտրված պատուհաններով, տասնութ քառակուսի մետր տրամագծով դագաղ-սենյակի չորս բոլորը։
Մանյան բացեց աչքերը, լեղի մի ցավ խլրտաց դատարկ ստամոքսում։
Ծանրացած ոտքերը քարշ տվեց ճռռացող փայտյա հատակին։
Քանդեց հնամաշ պահարանը, տոպրակները, ոչինչ չգտավ ծամելու։
Սեղանին հացի փշրանքներ նշմարեց, ուրախության մի կայծ վառվեց փոս ընկած կանաչ աչքերում։
Ձեռքով հավաքեց փշրանքներն ու դանդաղ կուլ տվեց՝ պատկերացնելով, թե հենց նոր թխած հացի մի մեծ կտոր է ծամում:
Մտապատկերները Մանյային տարան հոր տուն, մանկությունը տաք հացի ու սոխի հոտով շոյեց կարմրաթշերը։
Պատկերները լույսի փիքսելում կամաց-կամաց անհետացան, ու իրականության անհերքելիությունը կրկին վերադարձավ լեղի ստամոքսացավով ու գլխապտույտով։ Քաղաքը սկսեց պարել Մանյայի գլխի մեջ, սկզբում ռեգի, հետո 6/8, իսկ ամենավերջում բոզոտ մի քած մկկում էր` տնքալով խաղիկներ տալիս իր հարբած ձայնով:
Սենյակը պտտվում էր Մանյայի շուրջը, փայտաշեն դոմիկը սկսեց լողալ վայրենի քամու, փոշու ու բոզերգի միջով:
Տոն էր:
Հրավառությունները պայթեցրին սեպտեմբերյան կապտամոխրագույն երկինքը:
Սենյակը դեռ պտտվում էր՝ անկանոն վեր ու վար անելով, Մանյան նստեց, որ չընկնի:
Թուլացած ձեռքը պարզեց ու սեղանից վերցրեց ճմռթված պլաստիկե շիշը:
Մի կում արեց ու թքեց, յոդը դաղեց լեզուն:
Քիմքը ծամել էր ուզում:
Սովը դանդաղ ծծում էր ստամոքսի բարակ հյուծված պատերը։
Մանյան հուսահատ ելավ փողոց։
— Բարև, Մանյա, էլի անլվա՞ ես, աղջի՛:
— Բարև, հա՜, լույսս անջատել են, Անի ջան, ո՛չ ջուր կա, ո՛չ սապոն, ո՛չ էլ մոմ, կարևորը, ներսս մաքուր ա, դու քեզ տես,- կիսածիծաղ ասաց Մանյան ու շրջվեց դեպի դուռը։
— Լսի՜, Մանյա,- Անիի մաժորային ծվոցը պտտեցրեց Մանյային,- վաղը ընկերոջս տատու թաղումն ա, մեծ պառավ էր, իննսունյոթ տարեկան, կգա՞ս լացես, մի երեք հազար կտան։
— Հա՜, խի չեմ գա՜, Անի ջաաան, տեղն ասա մենակ ու ժամը, մեկ էլ ասա կլիենտին՝ թաղումից մի օր առաջ տեսնեմ իրենց, իմանամ՝ ով էր մեռնողը, ինչացու էր, ես իմ գործին լուրջ եմ վերաբերվում, աղջիկ ջան, գիտես։
Գյուղը ցնցվեց։
Մանյայի ձայնային վակումը հափշտակեց ու կուլ տվեց ամեն ինչ: Թվում էր, թե ոչինչ չկար շուրջը, միայն Մանյան էր, միայն նրա լացն էր։
Հաճախորդը հինգ հազար դրամ տվեց երեքի փոխարեն, Մանյան մերժեց:
— Դե վերցրա, էլի, այ կնի՜կ, մանր չկա, ինչ մի ձևեր ես թափում,- հռհռալով վրա բերեց լալոշ, ցմփոր հաճախորդը:
Հիվանդ ծիծաղը վարակիչ դարձավ, հռհռոցի ալիքը բռնեց ամբոխին։ Շուտով ծիծաղի մարաթոնին միացան նաև մեռելները, հետո տիտանական քարերը բացեցին կարծրացած, նամշած բերանները, ու վայրենի դիվային քրքիջը սկսեց ցնցել գերեզմանոցը։
— Ինչքան պետք ա, էդքան եմ վերցնում, տղա ջա՜ն, ես երբեք ձևեր չեմ թափում,- ասաց Մանյան, փողը շպրտեց՝ շրջվելով ծիծաղից ուշաթափվող ամբոխի կողմը։
— Հա, ես փողով լացող եմ, ինձ կանչում են, որ սգամ ուրիշների մեռելների համար` ուրիշների փոխարեն, որովհետև աշխարհում սիրտ չի մնացել, արցունք չի մնացել, զղջում չի մնացել, ես ամեն մեռնողի խնդրում եմ՝ լուր տանի Անդրանիկիս, Աստված վերցրել ա ինձնից ամեն ինչ, թողել ա մենակ լացս, ես լացելուց բացի ոչ մի բան չեմ կարողանում անել, իսկ դուք՝ անօրեն տականքներ, մենակ հռհռալ եք կարողանում այլոց ցավերի վրա: Ամեն մեռնող իմ հարազատն ա, որովհետև գնում ա էն աշխարհ՝ տղուս մոտ, ամեն մեռնող սուրհանդակ ա, մի բան եմ ասում, որ փոխանցի Աստծուն ու Անդոյիս, էսօր էս խեղճ մեռած պառավին ասում եմ՝ տղուս կասես՝ շատ եմ կարոտել, թող մի լավ տեղ պահի վերևներում, մինչև գամ:
Մետաղե լռություն տիրեց ամենուր:
Մի պահ ժամանակը մոռացել էր մեզ:
Հանկարծ ինչ-որ բան պայթեց վերևում, ծխի ամպերը ծածկեցին ցածրացած երկինքը:
Խուլ լացի ձայն կախվեց թիթեղյա սև ամպերից ու մի քանի վայրկյանում խեղճացավ գիշատչի բերանում վերջին շունչն արձակող թռչնի պես:
Բոլորը վերև նայեցին, ոչինչ չկար…
Աստված արդեն իջեցրել էր երկնային սև վարագույրը:
Հայացքները գամվեցին մի կետի…
Մանյան փլվում էր գետնին պատահական հուժկու հարվածից փշրվող հախճապակու պես` կտրուկ, աղմուկով, վայրկյանական։
Անին մոտեցավ։
Անուշադրի սրվակը դեմ տվեց արնածոր քթին։
Մանյայի աչքին կանաչ շաղ իջավ, քաղցր հնչյուններ ղունղունացին թմրած ականջներում, հոգին դանդաղ տարրալուծվեց օդում սպիտակ թաց անուշաբույր սավանի պես։
— Չլացեք վրաս,- գոռաց հոգեվարքի վերջին ակնթարթին։
— Սպասի, Մանյա՜,- ազատվելով ընկերոջ ձեռքից՝ Անին նետվեց կուրացնող արևի տակ համբարձվող Մանյայի վրա ու ոռնաց.
— Անդոյին կասես, կներես ինձ, Անդոյին ասա՝ գալու եմ։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն