***
Մա՛մ, փրկի՛ր ինձ էս աղմուկից,
Չգիտեմ` ով է,
Բայց անիմաստ գոռում է,
Ուզում է իր ճշտությունն ապացուցել,
Ուզում է գաղտնի մնա, մա՛մ,
Ինձ չճանաչես` ասում է,
Ասում է ու գոռում`
Դե կե՛ր էս բառերը, ոնց ինձ կերար…

Ինչ-որ բան ուզում է պատռվել,
Շորերից բացի,
Ինչ-որ տեղից էդ այլանդակը ուզում է դուրս գա,
Ով է` չգիտեմ,
Մա՛մ, սրան հետ տար,
Խլացրեց, որ չլսեմ քեզ,
Ինչի՞ է էսքան չարացել,
Ասում է` հարցերդ մենակ չե՞ս կարող լուծել,
Ինքն ի՞նչ գիտի մանկությունս,
Ո՞վ է պատմել դրան:

Ասում է` դու էլի մորդ մոտ ես թողել քեզ
Ու եկել գրում ես,
Դու էլի մորդ ես հարցնում, թե ինչ գրես,
Մա՛մ, հիշո՞ւմ ես, ասում էի`
Ինձ կորցրել եմ,
Ուրախացի՛ր, հիմա գտա,
Բայց թե որտեղ էի էսպես այլանդակվել` չգիտեմ:

Երևի ինձ տեղն է,
Մա՛մ, կանեմ քեզ նման,
Անկյուն կկանգնեցնեմ,
Կապտակեմ,
Հետո գիրկս կառնեմ,
Որ տաքությունից նորից սիրի ինձ:

***
Ես ու մտքերս մի քիչ խորն ենք գնում,
Գնում ենք ու հետ չենք գալիս.
Չենք գալիս որովհետև չենք ուզում,
Դրանից դու տուժում ես:
Ընկերս, կներես,
Ես ու սիրտս կապ չունեինք:
Այսօր մի քանի ժամից` ամենաուշը 24 ժամից, կփոխվեն օրերը,
Բայց ես էլի կմնամ այսօրվա մեջ,
Այստեղ,
Նույն տեղում,
Չեմ շարժվի,
Կասեն` տեղում դոփում ես,
Կասեն` ապրիր,
Կասեն… կասեն,
Բայց չեն իմանա`
Աշխարհում ինչ-որ մի տեղից
Քայլելով կամ վազելով ինձ մոտ ես գալիս,
Համենայնդեպս այդպես եմ կարծում,
Կանգնած կերազեմ, թե քեզ տեսնելուց հետո մարդիկ ինչ կասեն,
Կասեն` էս ապուշը վերջապես երազանքին հասավ…
Կասեն` սարքած բան էր…

***
Միշտ մեկը մյուսից ոտքը առաջ է գցում, որ շուտ հասնի,
Երևի դրա համար,
Երբ հարցնում են` քույր կամ եղբայր ունե՞ս,
Ասում եմ` ոչ,
Էլի ոտքս առաջ էի գցել ու հիմա չունեմ էդ երկուսից,
Ինձնից հետո մերոնք սկսեցին օգտագործել էդ անտերը,
Երանի դրա մասին շուտ իմանային, ես էլ չլինեի,
Բայց երևի մաման կտխրեր,
Մաման հիմա էլ է մեկ-մեկ տխրում,
Ու հազարից մեկ հարցնում`
Ի՞նչ կուզես:
Ասում եմ` ոչինչ,
Բայց մեկ է, էնտեղ` կրծքավանդակիս ձախ մասում, մեկն ասում է`
Քուրիկ կամ ապերիկ…
Բայց մեկ է, մերոնք էդ անտերը էլի օգտագործելու են,
Ու ես թաք եմ մնալու….

***
Ինձ տեղը դիր,
Պորտս էլ,
Հետո մի տեղ շպրտի՛ր ու ուշքի՛ բեր,
Խաղա՛ ինձ հետ,
Կամաց, չկոտրես,
Պատկերացրու` սիրտդ եմ ու խաղա,
Զգո՛ւյշ, լարերին չկպչես.
Էլ քեզ խաղալիք գնող չի լինի,
Զգույշ չփոշոտվեմ,
Հին իրերը միշտ դե՞ն են նետում,
Ինձ մի տեղ թաքցրու,
Կամ միասին թաքնվենք,
Փաթաթվի՛ր, քնենք,
Քեզնից եմ ծնվել….

***
Մա՛մ,
Մերկ եմ,
Երեկ մերկացա,
Ամեն ինչ հարաբերական է,
Ամեն երեկ այսօր չի մնում,
Ժամանակը չի չոքում բկիդ ու կանգ առնում,
Բոլորն անցողիկ են, մա՛մ,
Ամեն անգամ հիշում եմ դա,
Թոկս վզիցս հանել են,
Խաղում են երեք տարի,
Վեպ եմ գրելու`
«Երեք տարվա լռություն»,
Կոկորդիս լացն եմ գրելու,
Մարկեսոտ,
Դուք կկարդաք
Մրմնջալով,
Ինձ պես կզսպվեք,
Մամ,
Հագցրո՛ւ շորերս…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն