Կարեն Անտաշյան

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

ԻՄ ՏԽՈՒՐ ՁՈՒԿ

«Ես քո տեր կենդանին եմ —
տակս փոխիր, լողացրու, կերակրիր ինձ և հետո երգիր ականջիս անուշ,
չէ՞ որ ես քոնն եմ, քոնն եմ և անչափ սազում է ինձ քո հորինած անունը:

Շնչակտուր հասնող ձյունը լուռ թախիծով է իջնում շոգած դրսում
և առավել տխուր, երբ դուրսը լեփ-լեցուն է մարդահոսով.
հեքիաթներիդ եղանակին չեմ դիմանում մեկ-մեկ…

Ես` անորոշ ստվեր երաշտ օգոստոսի.
ես` ենթատեքստից դուրս հեռակա ոչինչ, տխրամած ինքնին,
ես` առանց վերածվելու ոչ մի հույսի… բո-բոբոշիկ,
ծովաչափ արցունքներն աչքերիս կախ.
նրանց լողլողուն միջով եմ նայում դառնաղի  աշխարհին…

Գրկիր ինձ —
ասես քեզ թվաց, թե շնչահեղձ էի լինում քնի մեջ (չէ՞ որ թվաց),
դե գրկիր ինձ ամրակուռ, գուրգուրիր քնքշացուցիչ ձայնագրերով,
կծիր, կծոտիր ցավոտ, լացացրու…

Չէ՞ որ ես քո տեր կենդանին եմ.
միակը դատարկ փողոցներում և առավել` փողոցներում մնացած:

Պղ-պղ-պղպջում, պղ-պղ… հնչում եմ լռությունից քերած մի բան — ալիք,
հետո էլի մեկը, ալիք… ալիք… պուպուշ… բալիկն եմ քո.
կխորտակվեմ այդպես, թե չհասնես ինձ,
թե չկորզես ինձ աղի համրությունից:

Ո՞նց չի հասնում խելքիդ.
տխրության մասին խոսքն այնպես զվարճալի կարող է լինել,
իսկ ես բառեր չեմ գտնում… (չե՞ս տեսնում) քեզ հանգելու,
հարմար և ոչ մի հատ:

Ես քո տեր կենդանին եմ, բայց պրծում կա՜, գիտե՛ս,
դե որ կտրել ես ինձ իմ ծովյանից ու հասցրել քո ներս,
ինձ իբր դարանած երաշտների համար
ձանձրալի ամպրոպելու փոխարեն
խոսել սովորեցրու, որ ազատվեմ քեզնից»:

ԾԻՆ
Հասածս օրվանից քեզ եմ սպասում —
էս ինչքան հեռվից ես դու գալիս, տղես:

Մեկ-մեկ անհամբերությունից ելնում եմ լեռը
ու կրակներ վառում այնտեղ խորտակված նավերից,
դե որ վերևից ես գալու` չմոլորվես հանկարծ ճամփեքին.
գագաթներիս չհասա, բայց սիրեցի դրանք որպես քոնը —
քո անունն եմ տվել լեռանը, որ մի օր հասնես անունիդ հետևից:

Քեզ համար հող եմ նշանակել ունեցածս քարթու քարերի մեջ,
պարարտացրել եմ անցավորացդ հանգչյուններով,
որ համեմում են արյունի գույնն ու դառնում հացի մարմինը.
մի օր ես էլ եմ հացիդ մարմինը դառնալու, որ համով ուտես, տղես:

Արի և չարի պտուղներ եմ կուտակել իմ կտրած ծմակուտից –
Չ վիտամինով հարուստ արևի չիր, իմաստության չամիչ —
չուտե՛ս – դրանցով կխաղաս, կսովորես ու կմոռանաս իմ իմացածը,
որ քո իմանալիքին հասնես:

Դեմքերն ու դեպքերը խառնած հեքիաթներ եմ անգիր արել,
ուր կարևորը զարմանքի վարժություններն են.
քանի լեզուս տռուզ է հեքիաթներով` շտապիր, դե՛…
բան չմնաց:

Դրսերից ներհուն նշաններ եմ բերել բառիս բուն,
օգոստոսի  նարինջ եմ հյութել ներս,
որ արևի պես իմ գիրկ ծագես, ձմերուկ-ձմերուկ գլորվես
հեռու, հեռու, հեռու իմ քոքից… քեզ ունենամ`
նորահացի պես տաք լինես, տղես, ուտեմ քեզ:

Բոլորակ ծագերից գույներ ու բույրեր եմ հավաքրտել,
կարգավորել եմ աստծու հետ հարաբերություններս,
երեց մորուք եմ աճեցրել, որպես թե ես հինն եմ այլևս,
հուզմունքի անքունից հաշվել եմ բոլոր աստղերը,
չտեսնվածներին քո անունից մատաղ եմ խոստացել…

Էս ինչքան հեռվից ես դու գալիս, է, տեղ չես հասնում.
մեկ-մեկ արքայական հուսահատությամբ
թևաթափ է լինում ամենասովորական էս հերդ —
դե արի, իմ ազնիվ արյուն, իմ ու մորդ երազի թևերը բեր,
մեզ ունևոր կարծենք, թռչունակ:

Հերքում-ճշտում եմ, գնում-գալիս, լռում-շնչում եմ, խնդում-լալիս…
Ախր ամեն ինչ պատրաստ է վաղուց:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն