Մի քանի տարուց, լավ կլինի, մի քանի օրից, երբ էմոցիաները հանդարտվեն, երբ արցունքը ժայռանա սրտներիս վրա, երբ ամոթը դղյակներ կառուցի մեր հոգում, երբ ինքնահաստատման էյֆորիկ մաղձը տեղի տա ինքնազտման լճին, մի խոսքով, երբ ստիպված կլինենք մեր բազմհազարամյա պատմության մեջ առաջին անգամ անկեղծ լինել նախ ինքներս մեր, և հետո մյուսների հանդեպ, ողբերգականորեն պիտի փաստենք, որ կամա, թե ակամա, դավաճան ենք բոլորս։ Բոլորս անխտիր, սկսած ինձանից։ Այ երբ կփաստենք դա, հենց էդ պահից կդնենք Հայոց հզոր պետականության հիմքը։
Հիմա ես փորձում եմ անել դա ու մի քանի հարցեր ուղղել ինձ ու պատասխանել։
Ինչի համար էինք կռվում մենք, Հայրենի հողի՞։
Այո՛, հայրենի հողի։ Բայց ո՞վ պիտի ապրեր էդ հողի վրա ու համար, եթե ոչ հայը՝ իր ազգային-էթնիկ արժեհամակարգով, բայց արդյո՞ք մենք ունեինք էդ հային, իհարկե ունեինք, բայց պետական ամենաբարձր մակարդակով էդ հային դարձնում էինք համաշխարհաքաղաքացի, որը չպիտի ունենար կրոն, ազգային մշակույթ, պիտի հրաժարվեր իր գենից, դեմք ու դիմագծից, սեռից և այլն։
30 տարի շարունակ մենք արեցին այնպես, որ մեր Կոմիտասը պարտվի Արմենչիկին ու Թաթուլին, և պարտվեց, որ մեր Շիրազը պարտվի Բուկովսկուն ու պարտվեց, որ Բակունցն ու Րաֆֆին պարտվեն Միլլերին ու պարտվեցին, որ Արամ Խաչատրյանը պարտվի Հուզանք ու Զանգին և պարտվեց, որ Վիկտոր Համբարձումյանը պարտվի փիառ մենեջերին ու պարտվեց, որ Նժդեհը պարտվի Ֆրոյդին ու պարտվեց, որ հայ արուն պարտվի Էլթոն Ջոնին, ու պարտվեց, որ հայ հերոսածին մայրը պարտվի Դալուզյան Մելինեին ու պարտվեց, որ էրեբունին պարտվի Երևանին ու պարտվեց, որ Էջմիածինը ու Գառնու տաճարը պարտվեն Կյանքի խոսքին ու պարտվեցին, որ Գոշի Դատաստանագիրքը պարտվի Եվրոպական դատարանին ու պարտվեց, որ հայ ռազմիկ-ֆիդային պարտվի թավշահարամանատարին ու պարտվեց, որ Չարենցն ու Տերյանը պարտվեն Թոմասին ու Ռեմբոյին ու պարտվեցին, որ Կյորեսը պարտվի Թքած ունենալու նուրբ արվեստին ու պարտվեց, որ ԱՍԱԼԱ-ն պարտվի Գորշ Գայլերին ու պարտվեց, որ Միայնակ Գայլը պարտվի Իոնիսյան Դանիելին ու պարտվեց, որ Հայկը պարտվի ոսոխ Բելին ու պարտվեց։ Ու սրա պատասխանատուն բոլորս ենք։
Հիմա հարց, եթե մեր պետական քաղաքականությունը 30 տարի շարունակ, վերջին երկու տարում գլխավորապես, տարվել է այնպես, որ մենք ոչ թե Հայ ենք, այլ հայաստանցի, որ մարդը ամեն տեղ մարդ է և ունի իր ազատ ապրելու իրավունքը, որ հետամնացություն է գեն ու արժեհամակարգ ունենալը, որ թշնամի չկա աշխարհում, որ էգ ու որձ չկա աշխարհում ՝ բոլորը մեկ են, որ ազգային մշակույթ չկա աշխարհում, բոլորը մեկ են և այլն, երբ մենք համաձայնել ենք դրան, էլ հանուն ինչի՞ է մեր կռիվը։ Հանուն ինչի՞, եթե պիտի հայի համար մեկ լիենին Արամազդը, Քրիստոսը, Մուհամեդն ու Բուդդան, եթե պիտի մեկ լինեին Կոմիտասն ու մուղամը, եթե պիտի մեկ լինեն ազերին, թուրքը ու պորտուգալացին, եթե պիտի մեկ լինեին Լավաշն ու սիմիդը։ Հանուն ինչի՞ է հողի կռիվը, եթե էդ հողի վրա պիտի ոչ թե հայը, այլ համաշխարհաքաղաքացին ապրի։
Ինչո՞ւ եմ գրում էս ամենը…
Էս ամենը գրում եմ փաստելու համար, որ էն իշխանությունը, որը թքում է իր մտավորականի վրա, որը ազգի հավաքական իմաստնությունն է, էդ իշխանությունը բացի ազգին անդունդը գլորելուց, ուրիշ բանի ունակ չէ։
Էս կռվում, եթե որևէ մեկը պարտվել է, ապա դա ազերիներն են, քանզի աշխարհի բոլոր իրավունքներով ու փաստաթղթերով իրենց պատկանող հողը փաստացի զիջեցին ռուսին, իսկ պետականությունը՝ թուրքին։ Մենք տվեցինք մեր Աստվածներին…
Ես ավելի քան լիահույս եմ, որ էս ապտակը մեզ վերջնականորեն կսթափեցնի, որ մենք լուրջ հետևություններ կանենք, ու շատ արագ կունենանք էն ազգային իշխանությունը, որը հավատարիմ կլինի էս Աստվածակերպ ժողովրդին ու միահամուռ ուժերով կարճ ժամանակահատվածում կստեղծենք աշխարհի հզորագույն Հայրենիքը, որի հանուն ընկան մեր Աստվածակերպ տղերքը։