հատվածներ տարբեր գրերից

Գիր 2

Հուշ*

/*ռազմական գաղտնիք պարունակող հապավում է/

Հուշը քաղաքի գմբեթներից ցած իջավ: Բնագծերը սիրելի են: Հուշն ու ամպերը հավատարիմ են սիրելիներին: Հուշը բարձրացավ քաղաքի գմբեթներից վեր: Մարտավարական նահանջով սողացող ամպերի փեշերից զտվեց մառախուղը:  Մենակը մի քիչ ուրիշ ձևակերպում էր տվել.

— Հուշի քաղաքի գմբեթներից ցած, սիրելի բնագծերը հավատարմորեն զբաղեցնող ու մարտավարական նահանջով սողացող ամպերի փեշերից զտվում է մառախուղը, անգրավելի ժայռերով մագլցում վար` երկիր ու հաստատում շրջասույթը հաղթահարման մասին: Ու մի քիչ էլ հաղթանակի:                                                                                                                                         Մենակն ավելի անկեղծ ձևակերպեց. թող մնա Մենակինը:

— Շնորհակալ եմ:

— Համեցեք:

— Ես Մենակ եմ, դուք-ի կարիք չկա:

-Լավ:

Հուշի քաղաքի տաճարներից ցած, երկնային երկրի ժայռերը, ինչ-որ տեղ, երկրային երկրի կոկորդում վերաձևվում են ձորերի, գլխուղեղի գալարների նման լաբիրինթվում, տարածվում, դառնում սահմանախախտ սահման, հասնում այստեղ՝ Հուշի քաղաքից հեռու հենակետին, միանում քարքարոտ, լեռան ճակատագրից մի կերպ կորզած խրամատին ու ավարտվում Մենակի շնչառության մեջ: Մառախուղը: Տիեզերքը: Գործարկված ծխառումբը՝ նահանջն ու հարձակումը քողարկող: Հիմա նահա՞նջ է, թե՞ հարձակում: Դա անորոշ է անգամ նահանջի ու հարձակման հրամանատուին կամ տուերին: Ճակատում վաղուց խրամատները հավասարվել են հողին, լցվել հողով, պայթած արկերի մնացորդներով, մարդկանցով, դիերով, հա ու չէով, չօգտագործված զենքերով, էլի հողով ու մառախուղով:   Վաղուց անհայտ է նահանջի ու հարձակման տրամաբանությունը:  Վաղուց անհայտ է, այսինքն՝ լղոզված, թե որտեղից ու ինչու, ով ու երբ են սպանում քեզ: Մենակը մի թոքաչափ էլ մառախուղ ներշնչեց. սրտխփոցի արագացումը՝ շտապող ու զգույշ: Ոտնաձայններ: Երևի դիվերսիա է: Մատը ձգանին՝ փակեց աչքերը, որ լսողությունն ավելի սրվի: Կրակելու է ձայնի ուղղությամբ: Տեսնելու փորձերն անիմաստ են, ավելորդ ճիգ ու լարվածություն. փորձի համար, մինչև ձգանին դնելը, ցուցամատը համարյա կպցրեց բբին, բայց էլի չտեսավ: Չէ: Քնած չի: Կույր չի: Մութ չի: Մառախուղ է: Արտաշնչեց: Դիվերսիան անհետացավ: Մառախուղը դանդաղ դուրս ելավ խրամատից, անցավ փշալարերի միջով: Չպատառոտվեց: Շարունակեց հոսել ականապատ դաշտով: Մենակը վստահ էր, որ հենց հիմա պայթյուն կլինի: Չեղավ: Ոտքը, ձեռքը, աղիները, ուսը, ականջը, սեռական օրգաները, ոչ էլ դեմքի մի մասը չթռան օդ ու չցփնվեցին Մենակի հայացքին: Հին են ականները՝ թաղված անցյալ դարում: Անցյալ դարում,  եթե էսքան ականների փոսում ընկուզենի ցանվեր, ավելի ապահով կլիներ սահմանը, թե ավելի չապահով,- մտածեց Մենոն՝ բուշլատի ձախ գրպանից կարմիր խնձոր հանելով: Աջով ինքնաձիգն էր պահել: Միշտ: Չէ, սա արդեն խնձորի խրթոցն է: Չկրակեց:          

   Մառախուղը մի կծաչափ ազատվեց կարմիր դրոշի շրջափակումից: Սկսեց ավելի արագ կրծոտել: Վրեժ լուծելու նման: Մառախուղի ամեն կումը ծամելիս՝ երազում էր հուշի քաղաքի մասին, միանում նրան, դառնում Սեր: Համոզեց, թե համոզեցին՝ չի հիշում, որ նույն ինքը՝ Սերն է գործարկել դեպի վար այս համառ ծխառումբը՝ չտեսնելու համար այն, ինչից սիրտդ կպայթի:                                                                                                                                                                                                    Խնձորի կորիզները հատ հատ նետեց առաջ՝ խրամատից դուրս, ականապատումի մեջ: Ընկուզենիները ուշացել են, խնձորենիները կշտապեն:  Խրամատը շարունակվեց մինչև մայրաքաղաք՝ սրտագրի նման, տեղ տեղ դառնալով ասֆալտապատ, որի վրայով սլանում էին շտապօգնության ու զրահապատ մեքենաներ՝ դեպի ճակատ ու ճակատից:

***

Հուշի քաղաքի ճակատին գրված է Շուշի:  Մենակը կանգնած է խրամատում: Դիրքապահի պարտականություններն անգիր անելու պես կրկնում էր Աթաբեկյան Ներսեսի բանաստեղծական զեկույցն ի ցավ.

— Էս ինչ սիրո՜ւն ես հանգավորվում
մշուշին, հուշին, ուրիշի
բաժի՛ն քաղաք…

Գիր 40

Ժոպայդուն յուր երազում

Ավոն էն գլխից քյալեն թափած էր: Երբ քաղաք եկավ, նույնն էր, բայց մի բան, չերևացող մի բան էն չէր: Ավոն սկսել էր մտածել նրանով ինչ չուներ, էնքան՝ ինչքան չուներ, էնպես, ինչպիսին որ չի եղել երբեք: Կարճ ասած՝ Ավոյի ներկայության հաստատումն իր թափած քյալի բացակայությունն էր: ՛՛Քյալա՛՛ բառը թուքերեն է. այսինքն՝ Մենակն էդպես գիտի: Եվ եթե դու քո այլազգ մենակության մեջ այլ լեզվաընտանիքի մեջ կտեղավորես գլուխ-քյալան, դրանից էական բան չի փոխվի. կդառնաս մի քիչ ուրիշ Ավո, մի քիչ այլ թափած քյալով, որը հավատում է Ժոպայդուի գոյությանն ավելի նվիրական կրքով, քան երեխան Ձմեռ պապի գոյությանը: Ու Ավոն, հա, քաղաքում ուրիշ էր, խառը բաներ էր խոսում. աջին ուջ էր ասում, ուղիղին՝ աղիղ:    Երբ Մենակը առաջնագծից քաղաք եկավ, Ավոն եկավ տեսնելու.

— Օ՜, դու դեռ ողջ ես իմ Մենակ ախպեր:

Եկավ գրկեց, հեկեկաց երկուսու կես անգամ, մյուս կեսը կուլ տվեց, կտրուկ շրջվեց ու աչքերը մաքրելով գնաց: Մենակին թվաց կամ չթվաց, որ Ավոն ասեց.

— Ժոպայդուն քեզ պահապան:

Ժոպայդու ի՞նչ է, այ խելագար, ո՞վ է:  Ու Ավոն պատմել էր, որ հարյուրավոր մարմիններ  է տեսել, որոնք պայթել են պատերազմի մեջ, մարմիններ, որոնք քրքրեցին պատերազմի հոգին, մարմիններ, որոնք կաթացին դեպի վեր:

— Էս պատին, խնդրում եմ նկարի Ժոպայդուին, ախպերս:

— Ժոպայդուն ո՞վ ա, Ավ:

— Պիտի նկարես, որ իմանաս:

— Լավ:

Մենակ մարկեր ուներ Ավոն: Բերեց: Տվեց: վերցրեց. սկսեց նկարել: Մի քանի գիծ, ու վերջ: Ավոն էդ ընթացքում վառարանի հետ պայքարում էր՝ ծխից կրակ ստանալու հավատով: Արցունքոտված աչքերով գլուխը բարձրացրեց, նայեց գծանկարին, թվաց կամ իրոք հեկեկաց.

— Ինքն ա: Սպասի ֆոտո անեմ ուղարկեմ ընկերուհուս:

— Ավ, ժոպայդուն ով ա՞, ապեր:

— Բարև սիրունս: բան եմ ուղարկել, նայի: Ինքն ա, մեր ժոպայդուն, հա: Ընկերս նկարեց, մենակը, բարևում ա քեզ մենակ:

— Ժոպայդո՞ւն:

— Չէ խելառ, ընգերուհիս,- սկսեց քրքջալ, որն ավելի շատ վայրի ձիու սանձվող վրնջոցի էր նման, — ասում ա՝ Ժոպայդուն: Լավ կյանք, հաջող,- աջ ձեռքի հաստ ցուցամատով անջատեց ձախ ձեռքում պահած հեռախոսը, պպզեց վառարանի դիմաց, բացեց դուռն ու արագ, որ ծուխը սենյակ չլցվի, հեռախոսը գցեց մեջն ու փակեց, ու գոռաց, ու արագ բացեց, ու ձեռքը արագ ներս խոթեց ու ճչաց՝ ոչ թե վայ, հեռախոսս, կամ վայ ժոպայդուն, այլ՝ ա՜խ, մատներս: Մենակն ամուր սեղմեց աչքերը՝ տեսնելով Ժոպայդուի ցավից կծկված դեմքը. զգաց ПК-ի կարմրած փողը՝ առանց ձեռնոցի հանել փոխելուց քանի սմ մաշկ վառվեց, տժժաց, մատնահետքի քանի գիծ ոչնչացավ: Ավիառումբերը կողքի պոստերը դարձրին վարելահող: ПК -ի հաջորդ՝ պաղ փողը ուղղվեց ու անելանելության կատաղությունը ցինկերով գոռաց կոտորվող ու շատացող հատուկ ջոկատայինների վրա: Վառված մարդամաշկի հոտը ներծծվեց քթի մազանոթներում ու տարալուծվեց ողջ էության մեջ՝ պլյուս մարմինը:

— Ժոպայդուն վառվեց, Ժոպայդուն վառվեց… ախ ախ ախ, դու իմ գիժ Ժոպայդու, ինչ լավ էր՝ ցախը թաց էր,- հարյուր կիլո անց, մարզված քաշով թռվռում էր սենյակում:

— Ավո:

— Հը:

— Էս տարածքն ինչի՞ համար ես առել:

— Որ բիզնես դնեմ:

— Բա չես դրել:

— Պատերազմ էի գնացել ախպեր:

— Էս կամուֆլյաժը քոնն ա՞:

— Հա:

— Կտա՞ս ինձ:

— Չէ:

— Իսկ խմելու բան ունես?

— Հեսա տղերքը կբերն:

— Տղերքի բերածն էլ կխմենք:

— Իսկ կարող ա՞ ծխես:

— Չէ:

— Լավն ա:

— Չէ:

— Սպիտակ գինի կուզե՞ս:

— Բոլոր հնարավոր գինիները կուզեմ:

— Ժոպայդու, արի գնանք Մենոին գինի բերենք,- հեռախոսի ետնանկարից պատի գծանկարին նայելով՝ ետքայլերով գնաց:

Դե՛, Ավ ջան, Ավետիք, Ավետիս, ապրի՛ էս ամենով. դու ուժեղ տղա ես, ձիգ ես, գիժ ես, բժիշկ ես, Ավո, գնա ու հանգստացնող սրսկի կիսված ախպորդ հոգուն, որ գոնե տառապելով չմեռնի: Չկա է, կեսը, եսիմ, կեսից շատը չկա:

— Հիմա՝ նայի խնդիրը որն ա:

— Ո՞րն ա:

— Գինին բացած ա, վրից խմած. էն օրը մի մատղաշ գեղեցկուհի էի բերել ստեղ, որ տաքանար. էն էլ փետը թաց էր…

— Խնդիր չի,- ընդհատեց, — տո’ւր:

— Դու ալկոհոլիզմով ես տառապում, իմ մռայլ ախպեր:

— Տառապելը տառապում եմ, բայց դժվար թե էդ ալկոհոլամոլությունը լինի…

— Ալկոհոլամո՜լ,- նորից վրնջաց Ավոն, չոքեց վառարանի դիմաց՝ արհեստական շնչառություն տալու՝ հեռախոսը նախապես սեղանին դնելով,- ալկոհոլամոլ, ալկոհոլամոլո՜ւֆ:

Արհեստական շնչառություն, արհեստական շնչառություն, վակուումային ռումբ, շնչի, շնչի ախպերս, խնդրում եմ, շնչի:

***                                                                                                                                                                Ժոպայդուն Ավոերեն բառ է: Ավոն բառերի կարիք ունի: Ավոյի ճակատին գրված են բառեր:

Գիր 44

Տունարէ. 26լ. 27. 09. 2020թ

Տունը խոնարհվեց եկեղեցու նման:   Կանեփի չոր տերևի պես՝ հեծանը ճռռաց:   Հեծանը տարիների ընթացքում ողնաշարը ճկել, դառել էր արձակումի հասած աղեղ:  Նետը:   Փլվող առաստաղը շալակած հեծանի տակ հապճեպորեն դրված գերանը շունչը պահած սպասում էր:  Նետը:   Կանեփի չոր տերևներն արդեն ծխած՝ տղերքը կանգնել նայում էին, թե ոնց է շարունակվում տան՝ թարմ ճաքերով խոնարհումը՝ հին եկեղեցու նման:    Քանդվող ծեր տախտակները սեր են աղաղակում:  Հարյուրամյա ու անց գամերը անժանգ են այնքանով, որքանով խրված են հաստ սյուների մեջ: Քանդված դուռը դի է:   Կարելի է թաղել առանց դագաղի:      Կամ վառել ձմռանը՝ 2016թ.-ին սարքած դիակիզարանում, որն ամեն ձմեռ տաքացնում էր տունը, ներսում ունենալով սպսումի կրակ:    Տղերքը կանեփի չոր տերևների պես փշրվող հեծանը մանրացրին, խառնեցին մի քիչ թութունի հետ ու ծխեցին: Հետո նայեցին աստիճանաբար քանդվող պատին ու խորացան նյութի էության մեջ:   Աստված իմ տան նեղ դռնով չի անցնում: Դուռը պաղել, փայտացել, լռել է. քանդեմ, որ ձեռքս բռնած ինձ տուն բերի, ապրի տանս մեջ: Հենց մտավ տուն՝ երկնքից էլ ամուր պատեր եմ շարելու, անդուռ պատեր, որ էլ չգնա: Մի գնա, խնդրում եմ. հիմա էլ հո մե՞կ եմ արել խոհանոցն ու քաղաքը, հյուրասենյակն ու փողոցը, ննջարանն ու երկիրը, բաղնիքն ու մոլորակը, չուլանն ու տիեզերքը. քանդել եմ պատերը, Հայր, որ տեսնես, որ մտնես տունս, որ խաղաս թոռներիդ հետ, հոգուս հետ, քնած՝ գոնչո գլուխ մազերիս ու ներկայիս հետ, դաստիարակես ինձ, կյանքիս անելիքը ասես, իմ՝ հատուկ նշանակության բեռը պարտադրես սիրել ու փորել էս անիծված ժամանակը, խորը, պինդ հիմքի համար, էնքան խորը, որ ողջ կյանքիս համար հավաքած պիտանի աղբը հնարավոր լինի լցնել մեջն ու բետոնել:

***

Լուսադեմին քնած Մենակն արթնացավ լուսադեմին արթնացած տագնապով: Նարէի դողացող ձեռքերում պայթում էր լրահոսը: Հեռախոսն անտանելի էր: Գիրն անլսելի: Ծանր շնչելով մոտեցավ Մենակի անկողնուն: Նայեց: Հասկացավ, որ Մենակն էլ էսքան հանգիստ ու ապահով չի քնելու: Աղոթելու նման ծնկեց, մոր պես սկսեց շոյել ճակատը, ճակատի գիրը, մենավոր գիրը: Շուրթերը մոտեցրեց ականջին.

— Մեն, արթնացի: Պատերազմ է սկսվել:

/շարունակելի/

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն