Երբ հերթական անգամ ձեռքերը խնամքով ներս տարավ վերնաշապիկիս արանքից ու տիրոջ սկզբունքով սկսեց կամաց շոյել մեջքս, հասկացա, որ էլ չեմ սիրում: «Բան չասես»,- կիսատ-պռատ շշնջաց շոյանքների արանքում ու շնչահեղձ անելու աստիճան փաթաթվեց պարանոցիս, կարծես զգում էր, որ կուտակված բան կա կոկորդիս մեջ, ու ամեն կերպ ջանում էր սպանել, որ աշխարհ չգա: «Բան չասես»,- շշնջաց մի անգամ էլ, ու դրանից հետո եկող ժամերին ինձ մխիթարեցի այն հույսով, որ թույլ չտվեց, դրա համար չասացի, որ սիրահարվել եմ:
Սիրահարվել էի, սիրտս ամեն տեղ զարկում էր. մատներիս ծայրերը սիրտ էին, մազերս սիրտ էին, ոտքերիս տակ սիրտ էր: Ես համատարած բաբախող ինչ-որ բան էի, որ կորցրել է իր տեղադրությունը օրգանիզմում ու խաթարել մնացածի աշխատանքը:
Սիրահարվեցի հանկարծակի, սկզբում թվում էր, թե միջանցքում երկար սպասելուց, ձանձրույթից, հետո պարզվեց, որ միջանցիկ սիրո տակ եմ ընկել: Սկզբում մտածեցի՝ սովորական գրիպ է, պարզվեց՝ թարախային կուտակում՝ ճակատիս վրա, որ զգացնել է տալու իր գոյությունը երկար ու խախտելու է գլխիս ու բարձի միությունը: Սիրահարվել էի. երբ մեկին՝ քո մոմե կոնքերով ու մեջքով բարակ, ուզում ես արժանացնել «հայրիկ» լինելու կոչմանը, ու ինքը հավատա, որ դու քայլող տաճար ես ու իր համար նոր կրոն ես կրում սրտիդ տակ։ Ով արժանի լինի հրեշտակների հետ ամիսներ տևող քո զրույցներին, ում համար դժոխքից կենդանացած դուրս գաս՝ ծոցիդ մեջ գարուններ, ու ներկես օրերը՝ արևով ոսկի։ Նրանցից, երբ ուսերին կնստի ամենաթանկը, ու երջանկությունից աչքերիդ ակոսներում լույսը խուտուտ տա։ Կհավատաս, որ իսկական սերը այդպիսին է լինում՝ անձրևոտ օրերին փրկարար ծածկի նման։ Մեկը իր ուժեղ բազուկներով կարժանանա ամենաթույլը գրկելու կոչմանը, ու հոգին կփառավորվի, ու մի քիչ ավելի մարդամոտ կդառնա, ծիծեռնակներ կապրեն գլխի մեջ, ու կսովորի շնորհակալ լինել, ում համար կդառնաս կլոր, կգլորվես աջուձախ, ու երջանկությունից սիրտդ կխառնի:
Ինձ չէր սիրում՝ չնայած ամեն անգամ համբուրելու արանքում աչքերը արյունով էին լցվում, ու տպավորություն էր, որ կուլ կտա յուրաքանչյուրին, ով կդիպչի սրտիս: Անհամեստություն չհնչի ասածս, բայց ինձ նմաններին կյանքում ունենալը տղամարդկանց համար «պրիստիժի» հարց էր, գլուխը ցցած քայլելու առիթ: Սրանք այդքան հպարտությամբ մեկ էլ վերջին դասի մեքենաների ղեկին են նստում ու թեյավճարներ են սփռում աջուձախ:
Տղամարդը, որի զգացմունքները վերջին անգամ վիրավորեցի, երեսիս շպրտեց, որ եսասերի մեկն եմ ու արժանի չեմ սիրո։ Երևի մի քանի բան էլ մտքի մեջ մնաց. չարտահայտվեց, պահեց ատամների արանքում, որ վերջին թելը չկտրի։ Ես փորձեցի արդարացնել իմ կանացի սնափառությունը, պարզվեց՝ շարքային թեթևամիտի պես եմ վարվել։ Կիսատ գինու շշի հետ վերլուծեցի կատարվածը, հասկացա, որ այն նույն սրերն եմ գործածում՝ անգիտակցաբար, որով հարվածում է ինձ, ու լաց եղա, երկար լաց եղա, մինչև երդվեցի՝ այլևս ինձ մոտ չթողնել որևէ մեկին ու ազատվել սիրտ կոչվող անհեթեթությունից, միևնույնն է, ես վերջում լքելու եմ հանկարծակի, այնպես, ինչպես նա է հեռանում՝ առանց զգուշացնելու, առանց նախաբանի, կես ճանապարհին։
Նա ինձ այնքան է լքել, որ հիմա պատրաստ եմ յուրաքանչյուրին սեր խոստովանել երկրորդ բաժակից հետո կամ առանց դրա։ Ես այդ խոսքերը այնքան եմ հագել, որ հնացել են, պատրաստ եմ նվիրել պատահածին՝ միևնույնն է, ինձ չեն տաքացնում այլևս։ Նա այնքան ժամանակ չի եղել իմ հոգու մեջ, որ փառակալել եմ՝ չնայած նրան, որ եղել է կողքիս։ Նա համբուրել է ինձ, ես պատասխանել եմ նրա բոլոր գգվանքներին ու այդ վայրկյանների արանքում դադարել եմ սիրել։ Կիսաբերան, ուսի վրայով շպրտել է, թե աբորտ կանենք, ու հավատացրել է, որ իսկական սերն այդպիսին է լինում: Բայց դու մի սպասիր, որ ես հիմա ճղճիմ բառերով պիտի նկարագրեմ ցավը, քանզի այն վեր է արտահայտչամիջոցներից։ Ես խնդրել եմ Աստծուն չթողնել ինձ մենակ ու դադարել եմ սիրել, միևնույն ժամանակ պարտաճանաչ կրկնել, թե սիրում եմ:
Ամուսնական մատանիով մի գեղեցիկ աղջիկ՝ իմ տարիքի կլիներ, գազի բալոնով բարձրացավ երթուղային, դիմացս նստեց։ Նայեցի բարձրակրունկներիս, մտածեցի՝ տեսնես մի օր մեկին այնքան կսիրեմ, որ «մեր» համատեղ գազի բալոնը վերցնեմ, երթուղայինով տանեմ լիցքավորման։ Հետո աչքս ընկավ կիսատ-պռատ եղունգներին, ու մտածեցի, որ հիմա կամ մի տարի հետո հաստատ կդժգոհի, որ ամուսինն իրեն դավաճանում է, ու չի մտածի, որ ամեն ինչ սկսվեց չխնամված եղունգներից։ Հետո աչքս ընկավ գոտկատեղից երևացող ներքնաշորին ու մտածեցի, որ սիրուհիները դրանից չեն հագնում, ու ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ սիրուհու նման եմ հագնված։ Մտածեցի՝ մի օր կսիրե՞մ մեկին այնքան, որ դադարեմ հոգ տանել իմ մասին ու ամբողջովին նվիրվեմ։ Հետո բալոնը վերցրեց, դրամը փոխանցեց վարորդին։ Մեջքը մի քիչ բացվեց ու ձեռքը տարավ ծածկելու, ու մտածեցի, որ մատների մեջ կիրք չկա, ու մի քանի տարի հետո կդժգոհի, որ ամուսինը ջահել սիրած ունի։ Հետո ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ ջահել սիրածի պես եմ նստած: Աղջիկը հազիվ իմ տարիքին էր, վազում էր ծանր տոպրակներով՝ տաբատի փողքերը քսելով իրար։ Ես բարձրակրունկներով էի, գիտեի, որ սպասում են, չէի շտապում, ու զգեստիս փեշը ուղղելու կարիք չկար։ Նրան երևի սիրում էին, ձեռքի հետ էլ՝ դավաճանում աջուձախ՝ գայթակղիչ ներքնաշորերով կանանց հետ։ Ինձ չէին սիրում, բայց ռիսկ չէին անում դավաճանել:
Սիրահարվեցի, այդպես վարակվում են մալարիայով՝ անմեղ տեղը, ինչ-որ նախախնամության սկզբունքով։ Սիրահարվեցի, ընկա աֆեկտի մեջ։ Իմ երակները սկսեցին պահանջել սիրո դոզան ու գնալով մեծացրին չափաբաժինը։ Ես էնդորֆինների կարիք ունեի, ու այսուհետ դրանք ամենուր էին։ Ես ամեն երեկո զգում էի, ինչպես եմ ոտքերս քարշ տալիս դժոխքի միջից, ու սարսափելի վախենում էի ականջս դնել նրա ձայնին, ու երբ պահը թողնում էր, ու գիտակցությունս վերադառնում էր իր նախկին վիճակին, ոսկորներս փշրվում էին անկարողությունից։ Նա գեղեցիկ էր, բայց ոչ նրանցից, ում մազերն ու մաշկը նույն սանրով են գծած, այլ՝ նրանցից, ում թևերի մեջ մեռնելն ավելի ապրելու նման է հնչում։ Եթե ես վրձին ունենայի, նրան կներկեի բաց մանուշակագույն ու կպահեի աչքիս առաջ։ Նրանցից էր, ումից արժեր երեխաներ ունենալ ու երեքը։
Ինձ սիրելու ձևը չգիտեր, գիտեր՝ ոնց հասցնի թուլության։ Գիտեր՝ երբ եմ պատրաստ գնալու ու գիտեր, որ եթե ինքը չգնա, ես գնացողը չեմ։ Ամեն անգամ, երբ վարսերիցս հոտ էր քաշում, գիտեր, որ չսիրելու հոտ է գալիս, ու վախով էր նայում աչքերիս մեջ, բայց ռիսկ չէր անում խոստովանել։ Հասկացա, որ բան չկա կիսելու, երբ դադարեցի երազել, որ մի օր հաղթող դուրս կգամ։ Տանուլ էի տվել ու հպարտ էի։ Ես գլուխս ավելի վեր էի քայլում, որ չտեսնեմ կոշիկիս կպած մեղքերը։ Ես Աստծուն երջանկության մեջ չճանաչեցի, բայց հանդիպեցի նրան ցավի մեջ ու խնդրեցի ինձանից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինձ դժբախտություն են բերում, ու կորցրեցի ընկերներիս, երբեմնի սերերիս ու ինձ։ Ես ճանաչեցի ինձ այնպիսին, ինչպիսին չկամ։ Տղամարդը, ում ես սիրում էի, վերցրեց երազներս ու փախավ, հետո ինչքան էլ ուսերս ողողեց արցունքներով, չմոռացա։ Դադարեցի սիրել, բայց շարունակեցի հավատացնել, թե սիրում եմ։ Յուրօրինակ վրեժ էր։ Թույլ տվեցի, որ ինձ սիրահետեն ու սիրահարվեցի։ Հանկարծակի, անցանկալի ու չսպասված։ Սիրահարվեցի քաղցկեղի նման, բոլոր օրգաններս շարքից դուրս եկան ու դարձան սիրտ։
Հոգեբուժարանից վերջերս վերադարձած մեկը, որ անձի երկատում ուներ, ու բերանից մշտապես փրփուր էր գնում, կարծես փսխում էր կյանքի վրա, հարցրեց, թե՝ հնարավո՞ր է միաժամանակ սիրել երկու մարդու։ Պատասխանեցի, որ անհեթեթություն է, մեկին հաստատ չես սիրում։ Բայց ես էլ հո գիտեի, որ հնարավոր է, այլապես այսքան տխուր չէր լինի։
Հերթական անգամ ձեռքերը ներս տարավ վերնաշապիկիս արանքից ու տիրոջ սկզբունքով սկսեց շոյել պարանոցս, հասկացա, որ էլ չեմ սիրում։ Ուսի վրայով երեսիս շպրտեց, թե աբորտ կանենք ու առերեսվեցի ցավի հետ։ Մեռած ձևացա, մինչև մեկը գա, կենդանացնի։
«Բան մի ասա»-, շշնջաց կիսաբերան ու այդպես էլ չիմացավ, որ սիրահարվել էի, սիրտս վառվում էր։ Կանաչել էի, բայց վախենում էի ծիլ տալ։ Տղամարդը, որն ինձ սիրում էր, ներկված էր բաց մանուշակագույն ու դրված էր աչքիս առաջ, որ հանգստություն բերի հոգուս։