21-րդ դարում, երբ աշխարհը աննախադեպ արագ է զարգանում, գրականության առաջ ծառացել է խնդիր՝ ինչպե՞ս գրավել ընթերցողին։ Գրականությունը մարդկանց համար մշտապես միջոց է եղել բավարարելու իրենց գեղագիտական պահանջները, բայց մեր օրերում ինֆորմացիոն հոսքի և տեխնոլոգիաների զարգացման հետ չափազանց հեշտ ու հասանելի է դարձել այդ պահանջի բավարարումը՝ սկսած ցանկացած պահի ֆիլմ ու սոցցանցերում հոլովակներ դիտելուց, մինչև էմոջիներ ուղարկելը։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ ամենևին պատահական չէ, որ գրականությունը, մասնավորապես՝ պոեզիան, ներթափանցում է սոցցանցերի աշխարհ՝ ընթերցողների նոր բանակ հավաքելու։
Ինստապոեզիան  արդի գրականության շարժում է, որ հանդես է գալիս սոցիալական ցանցերում՝ հատկապես Instagram, Tik Tok, Twitter, Tublr, Pinterest հարթակներում, ունի հակիրճ, հասանելի բովանդակություն, ազատ հանգավորում և հաճախ հանդիպում է վիզուալ պատկերների, իլյուստրացիաների հետ միասին[1]։ Վաղուց արդեն գաղտնիք չէ, թե ինչ մեծ ազդեցություն ունեն սոցցանցերը մարդկանց վրա, և թե որքան արագ կարելի է հավաքել մեծ լսարան, ուստի պոետները օգտվում են 21-րդ դարի ընձեռած այս «բարիքից»՝ իրենց գրականությունը ընթերցվող դարձնելու համար։ Անկախ ազգությունից, տարիքից և սեռից՝ ընդամենը պետք է ունենալ թվային մարքեթինգի բազային գիտելիքներ և ընտրել ճիշտ թիրախ՝ օգտագործելով ինստագրամյան ալգորիթմը։ Սրանից հետևում է, որ ինստապոեզիայի նպատակը, մեծ հաշվով, լայն հանրույթին գրավելն է. մեր օրերում, ցավոք, պոեզիան զգալիորեն իջեցնում է իր նշաձողը ընթերցվող և վաճառվող լինելու համար, այդ պատճառով էլ ինստապոեզիան հաճախ քննադատվում ու համարվում է «կեղծ գրականություն»։
նա այնքան էր հոգնել տղամարդկանցից
որ ասում էին  «որքան ուժեղ ես դու»
 
դա վաղուց էր հայտնի նրան
Ամանդա Լավլիս
 
Այսօր հայտնի ինստապոետներ են Ռուպի Կորը (4.5 մլն հետևորդ), Աթիքուսը (1.6 մլն հետևորդ), Նիկիտա Գիլը (645 հզ. հետևորդ), Նաժվա Զեբիանը (1.3 մլն հետևորդ) և ուրիշները։ Այս հայտնիությունը բերում է նրան, որ ինստապոետները վաճառում են հազարավոր գրքեր, տալիս հարցազրույցներ, ելույթներ ունենում և նույնիսկ համաշխարհային տուրեր կազմակերպում, ինչպես ներկայումս Ռուպի Կորը, որի գրքերի վաճառքը ամեն տարի գերազանցում է նախորդին 100+%-ով։ Ըստ New York Times-ի տվյալների՝ այս պահի դրությամբ ԱՄՆ-ում պոեզիայի ամենավաճառված 10 գրքերից 3-ը գրվել են ինստապոետների կողմից[2]։
Մի կողմ թողնելով բոլոր դրական ու բացասական մեկնաբանությունները՝  ի վերջո, ինչպիսի՞ն է ինստապոեզիան իրականում։ Առաջինը հարկ է նշել, որ ինստապոեզիայի կարևոր առավելություն է նրա լիովին ազատ լինելը. այն «ապրում է» սոցցանցերում՝ այլ մարդկանցից անկախ, միայն օգտատիրոջ կամքով։ Դա հնարավորություն է տալիս պոետին առանց խոչընդոտների գրել՝ բարձրաձայնելով յուրաքանչյուր խնդրի մասին։ Ռուպի Կորը այս մասին նրբորեն անդրադառնում է «բոլոր երիտասարդ պոետներին» բանաստեղծության մեջ.
քո արվեստը
այն մասին չէ
թե քանիսը կհավանեն ստեղծածդ
քո արվեստը
այն մասին է
թե ինչպես է քո սիրտը սիրում ստեղծածդ
թե ինչպես է քո հոգին սիրում ստեղծածդ
այն մասին է
թե ինչքան անկեղծ ես դու
ինքդ քեզ հետ
ու թե ինչպես
երբեք չես սակարկի անկեղծությունդ
հանուն հասանելիության
Ինստապոեզիան, լինելով արդի գրականության դրսևորում, ունի ժամանակակից պոեզիայի կանոնիկ դարձած կառուցվածքային միևնույն հատկանիշները՝ հակիրճ, անհանգ, ազատ բանաստեղծություն՝ հազվադեպ հանդիպող կետադրությամբ, առօրյա կյանքից վերցված պատկերային համակարգով, որտեղ գլխավոր դերում մարդն է։ Թերևս միակ «շեղումը» նրա ակնհայտորեն զգացական լինելն է, ինչի շնորհիվ մարդը հայտնվում է առաջին պլանում։ Սա որոշակիորեն հակադրվում է ժամանակակից գրականությանը, որտեղ մարդը խնդիրների բեռից անվերջ փոքրացող էակ է։ Այլ կերպ ասած՝ ինստապոեզիան ներսից զննում և բացում է մարդու հոգին զգուշությամբ ու նրբորեն, մի տեսակ կարեկցությամբ և ոչ երբեք չոր, սառը հայացք նետելով նրա իրականությանը։ Եթե ժամանակակից պոեզիան հաճախ իրականության մասին է, որում ապրում է մարդը, ապա ինստապոեզիան՝ որպես նրա դրսևորում, մարդու մասին է, որը ապրում է այս իրականության մեջ։
Ահա ինստապոեզիայի մի քանի օրինակ.
երջանկությունը ծերացավ
ինձ սպասելով
իսկ ես ծերացա
փնտրելով նրան այնտեղ
որտեղ ես չկամ
Ռուպի Կոր
ինչ ծաղիկ էլ, որ լինես
չմոռանաս
ծաղկել
Աթիքուս
 
Երբ ցավը թակում է դուռդ
 
Ներս թող նրան,
Եթե չթողնես, նա կշարունակի թակել
Ամեն անգամ նախորդից ուժգին
Նրա ձայնը կհնչի
Ամեն անգամ նախորդից բարձր,
Ուրեմն՝ ներս թող նրան,
Նրա հետ ժամանակ անցկացրու,
Հետո ճանապարհիր
Ու ասա, որ գնա,
Որովհետև եկել է ժամանակդ
Երջանկությանը հյուրընկալելու։
Նաժվա Զեբիան
 
Ինստապոեզիան չի մանրամասնում հասարակական ու քաղաքական խնդիրները, այլ՝ ցույց է տալիս մարդու զգացողությունները՝ որպես դրանց հետևանք։ Ահա թե ինչու է այն այդքան գրավում և ընթերցողների մեծ բանակ հավաքում։
Այս դրույթներն են հենց պայմանավորում ինստապոեզիայում թափառող թեմաները՝ խոհափիլիսոփայական բանաստեղծություններ, պոեզիա ազատության, պատերազմի, կանանց իրավունքների, սեռային, ազգային, կրոնական  խտրականությունների և, իհարկե, սիրո մասին։ Ինստապոեզիան իր մեծ լսարանի շնորհիվ կարողանում է բարձրացնել հարցեր, որոնք ակտուալ են ժամանակակից աշխարհի համար։ Եվ քանի որ այն ունի ոչ միանշանակ ընկալում, որոշ քննադատներ այդ թեմաները համարում են ծեծված, իսկ որոշները՝ բնական անդրադարձ ժամանակին բնորոշ խնդիրներին։ Ամեն դեպքում, գրականության գերնպատակներից է արտացոլել մարդուն շրջապատող աշխարհը ու բացահայտել մարդկային հոգու մութ անկյունները։ Ռուպի Կորը, օրինակ, այսպես անդրադառնում է կանանց իրավունքների խնդրին.
 
Ես ինձ գեղեցիկ էի զգում մինչև 12 տարեկան,
երբ մարմինս սկսեց հասնել, որպես նոր միրգ,
և հանկարծ
տղամարդիկ թաց շուրթերով նայեցին
իմ նորածին կոնքերին։
Տղաները չէին ուզում դասամիջոցին 
խաղալ ինձ հետ,
նրանք ուզում էին դիպչել իմ նոր
և անծանոթ մարմնի մասերին,
որոնք ես չգիտեի ինչպես կրել,
չգիտեի ինչպես պահել,
և փորձում էի թաղել իմ կողերի վանդակում.
— կրծքեր,-
ասացին նրանք,
և ես ատեցի այդ բառը,
ատում էի, որ ամաչում էի ասել դա,
ու չնայած այն իմ մարմնի մաս էր՝
այն իմը չէր[3]
 
կամ՝
 
ես կանգ կառնեմ
երբ մենք կարողանանք ասել
«սեռական բռնություն»
ու նրանք չեն գոռա
«ստախոս»
 
Ինստապոեզիայի մեջ մարդը փրկություն է գտնում  համատարած աղետների ու դրանցից ծնված միայնության մեջ, ինստապոեզիան քաջության ու կարեկցանքի մասին է, հարազատություն է, քանի որ ողջ մարդկության խնդիրները մի մարդու խնդիրներն են։ Այն կարծես հույսի փոքրիկ բեկոր է՝ ուղղված անօգնական մարդուն. ահա թե ինչու է գրքերից դուրս եկել, վիզուալիզացել ու հայտնվել սոցցանցերում՝ դառնալով մարդու առօրյայի անբաժան մասը. ինստապոեզիայի միջոցով սմարթֆոնի ետևում թաքնված մարդը վերագտնում է կապը գրականության հետ՝ վերագտնելով նաև ինքն իրեն ու աշխարհը և, ինչպես ասում է Աթիքուսը՝
ուշադրություն դարձրու
ԿԱԽԱՐԴԱՆՔԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է
ԵՐԲ ԸՆՁԵՌՈՒՄ ԵՍ մարդուն
բավարար ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
լինելու այնպիսին,
ինչպիսին նա կա
Արձանագրենք՝ ինստապոեզիան սնվում է մարդու՝ ամենակուլ մենակության վախից.
միասնություն
 
միայնության հեգնանքը
մենք բոլորս զգում ենք այն
միաժամանակ
 Ռուպի Կոր
 
Ինչ վերաբերում է հայ ժամանակակից գրականությանը, այստեղ ինստապոեզիան դեռևս իր լիարժեք արտահայտությունը չի գտել։ Մեզանում պոեզիայի համար ակտիվ հարթակ է ֆեյսբուքը, որտեղ գրողները հաճախ տեղադրում են իրենց բանաստեղծությունները կամ լուսաբանում նոր գրքերի, միջոցառումների մասին։ Այդուհանդերձ, մեր իրականության մեջ դեռևս հայտնի չէ մի «իսկական» ինստապոետ, որ գրողի իր կարիերան սկսի ու շարունակի որպես օգտատեր։ Թերևս միայն որոշ նմանություններ կարող ենք տեսնել Եր Կարի (վերջերս լույս տեսած գիրքը պարունակում է նաև իլյուստրացիաներ), Արմեն Սարգսյանի, Սլավի-Ավիկ Հարությունյանի և էլի մի քանիսի ստեղծագործություններում[4].
սիրտս
թպրտում է
քո լռությունից
խոսեիր
Սլավի-Ավիկ Հարությունյան[5]
 
Նա ծնվել,
մեծացել էր
սպասում էր,
որ մեկը գա
և իրեն
թռչել սովորեցնի[6]         
Արմեն Սարգսյան
 
ֆեսյբուքում ծնված հեղինակ
ինձ ասել են,
ինձ հաստատ ասել են,
որ ես պոետ եմ,
պատկերացնո՞ւմ ես
ինչ կլիներ,
եթե ես հավատայի նրանց[7]։
Եր Կար
 
Այդուհանդերձ, ոչինչ միանշանակ չէ քննադատության մեջ։ Պոեզիան մշտապես ընկալվել և եղել է բառերի արվեստ, որի բովանդակության մեջ գաղափարը օդից չի ընկնում, որի ձևը նույնպես գաղափար է ենթադրում. ինստապոեզիայի պարագայում գաղափարները մեծ հաշվով զուրկ են իրենց հայտնի հմայքից, շարադրված են գրեթե ուղղակիորեն։ Սրա հիման վրա ինստապոեզիան բազմիցս քննադատվում և մերժվում է գրականագետների կողմից։ Այս կոնտեքստում ինստապոեզիան համարվում է ընդամենը ինստագրամյան թրենդ, բայց ոչ երբեք գրականություն, իսկ ինստապոետները՝ ինֆլյուենսերներ, բայց ոչ երբեք գրողներ, քանի որ «ինստապոետները, հետևորդների մեծ բանակ հավաքելով, հեշտությամբ և արագ հայտնի են դառնում, գրքեր տպագրում, մինչդեռ «իրական գրողները» տարիներով մանրամասն աշխատում են յուրաքանչյուր տողի, բառի վրա։ Ինստապոեզիան, թաքնված գրականություն կոչվող քողի տակ, համարվում է ընդամենը  բառերի կույտ, շարան, որ նույնիսկ հաճախ զուրկ է գաղափարից»[8][9]։
Բայց մյուս կողմից՝ կարծիք կա, որ սոցցանցերը միայն նոր հարթակ են պոեզիայի գոյության և պոետների գործունեության համար։ Դրանք հեշտացնում են պոեզիայի տարածումը, դարձնում են գրականությունը հեշտ հասանելի, ապահովում են վաճառքներ[10]։ Ինչ վերաբերում է գրողներին, նրանց համար ևս նոր հնարավորություն է ստեղծվում իրենց գրականությունը հանրայնացնելու, գրելու ազատ, անկաշկանդ և անխոչընդոտ[11]։
Արդարացի լինելու համար՝ թե՛ մեկը և թե՛ մյուսը ճշմարիտ են։ Ինստապոեզիան գրականությունը հաճախ իսկապես պարզեցնում, նույնիսկ կարելի է ասել՝ ծամում ու դնում է ընթերցողի բերանում՝ զրկելով նրան մտավոր աշխատանք կատարելուց։ Գրականությունը նաև նրա համար է գրականություն, որ նոր հորիզոններ բացի մարդու գիտակցության առաջ, ստիպի նրան մտածել։ Մինչդեռ ինստապոետ կարող է համարվել յուրաքանչյուրը, որ կհավաքի միլիոնավոր հետևորդներ, իսկ թե որքանով է որակյալ նրա գրականությունը, մղվում է ետին պլան։ Կարևորը՝ գրել «հասանելի» պոեզիա։ Այստեղից կարող է հետևել, որ փաստացի ինստապոեզիան ավելի շատ մարքեթինգ ու վաճառքներ է, քան գրականություն։ Բայց մյուս կողմից՝ չենք կարող անտեսել տեխնոլոգիաների զարգացումը, որի արդյունքում նվազում է տպագիր կարդալու պահանջարկը, կյանքը տեղափոխվում է թվային աշխարհ, գրականությունն էլ իր կարևոր տեղը չզիջելու համար ևս պետք է դառնա դրա մի մասը։ Սոցիալական ցանցերը իսկապես նոր հնարավորություններ կարող են ստեղծել՝ հեշտացնելով մարդկանց ներգրավումը գրականության մեջ։
Այս ամենից ելնելով՝ ինստապոեզիան կարելի է մեկնաբանել երկու տարբեր կերպ։ Նախ, ինստապոեզիա կարելի է համարել յուրաքանչյուր տիպի պոեզիա, որը իր գոյությունը ապահովում է սոցցանցերի միջոցով։ Այնուամենայնիվ, այդ պարագայում տերմինը կունենա ժամանակավոր բնույթ և ինչ-որ պահի կկորցնի իր արդիականությունը, քանի որ թղթային գրականության կողքին կսկսի գոյություն ունենալ նաև թվայինը, և կրկին կզգացվի գրաքննադատության սուր անհրաժեշտությունը՝ պահելու բալանսը գրականության և «չգրականության» միջև։
Երկրորդ, ինստապոեզիա կարելի է կոչել սոցցանցային այն ազատ բանաստեղծությունը, որն ունի կարճ բովանդակություն և որակապես զրոյական ձև՝ պարզ, «հասանելի», ուղղակի շարադրանք՝  հաճախ հանդես գալով վիզուալ պատկերների հետ համակցված։
Թերևս ինստապոեզիայի գոյությունը պետք է ընկալել որպես գրականության՝ հասարակական աշխարհի նոր շերտերի ներթափանցում, և օգտվել նրա ընձեռած հնարավորություններից։ 21-րդ դարի մարդը, ցավոք, օտարվել է գրականությունից, ինչո՞ւ չօգնել նրան վերադարձնել այդ կապը։
——
[1] https://en.wikipedia.org/wiki/Instapoetry#:~:text=Instapoetry%20is%20a%20style%20of,%2C%20Tumblr%2C%20and%20TikTok).
[2] https://www.theguardian.com/books/2015/nov/23/instapoets-instagram-twitter-poetry-lang-leav-rupi-kaur-tyler-knott-gregson
[3] https://granish.org/arevy-ev-nra-tsaghiknery/?fbclid=IwAR3mXROMCqfznDh_BZjLnLqAQ8Tu1h6Gfbs6fTvEU52u1FIRqegl812H7YE
[4] Հայ արդի գրականության մասին ավելի մանրամասն տե՛ս https://drive.google.com/file/d/1KFdAVyPhJWPDUfJSxCMFKUZ46jKCdGR8/view?usp=sharing
[5] https://granish.org/nra-hamar/
[6] Ա. Սարգսյան, Չկարդացած գրքերի փոխարեն, Անտարես հրատ., Եր., 2016, էջ 31,
[7] Եր Կար, Երկա՞ր, Անտարես հրատ., Եր., 2021, էջ 39,
[8] https://web.archive.org/web/20190410072727/https://tkbr.publishing.sfu.ca/pub800/2018/10/the-legitimacy-of-instapoetry-why-we-need-it-to-save-poetry-publishing/
[9] https://curiosityshots.com/the-future-of-poetry/
[10] https://yaledailynews.com/blog/2021/05/07/yale-poets-experts-weigh-in-on-relationship-between-social-media-poetry/#:~:text=%E2%80%9CSocial%20media%20platforms%20add%20a,and%20technologies%20for%20publishing%20works.
[11] https://www.insidehook.com/article/internet/social-media-poetry

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն