***
Տղաները մեծանում են.
մի անգամ գլորվեցին
ու ընկան ափիս մեջ,
լուսինը քնեց, ծիածան չկար …
Լուսնի վրա ապրող բոբիկ տղաները երազում են թիթեռների մասին,
իսկ թիթեռներն ապրում են
քառասուն տարի,
ջազ են լսում ու
կարող են անցնել ծիածանի տակով…
Քեզ տեսնելիս երկինքն էլ է մերկանում…
Մոռանում է, որ ինքը թիթեռ է,
իսկ հիմա ձմեռ է արդեն,
շնչում է դանդաղ ու ամեն գիշեր ատամները սեղմած ոռնում է…
Սխալված գայլերը հիշել են
իրենց նախահոր աղոթքը,
որ լուսինն ու գայլերը քույրեր են… Կնճռոտած լուսնի
շուրթերը դեռ կարմիր են,
իսկ մոխրագույն մազերը
լուսնագույն… Կարոտում է Լուսինը…
* * *
Տղաները մեծանում են ու էլ չեն երազում ոչ թիթեռների,
ոչ ափերի մեջ գլորվելու մասին,
տղաները մեծանում են
ու ապրում քառասուն տարի…
Մեկ-մեկ հիշում են գայլերը
իրենց սպասող քրոջը,
ու նորից ոռնոց`
իրենց նախահոր հիշատակին…
Խեղճ թիթեռներ,
որ սպասում են լուսնի վրա ապրող բոբիկ տղաներին… Խեղճ թիթեռներ… Իսկ տղաները մեծանում են…
Ես 108 համարի թիթեռն եմ,
իմ մասին գրել են
Կարմիր գրքում,
փնտրում եմ այն տղաներին,
որոնք չեն մեծանում,
բայց ապրում են քառասուն տարի.
ես նրանց համար դառնում եմ ծիածան ու սպասող քույր:
Ուսերիս դաջել եմ իմ թիվը.
ոչնչացման եզրին եմ…
Կարմիր գրքից գոնե ինձ մի ջնջիր… Խեղճ թիթեռներ, որ դեռ սպասում են…