ԴԻՄՈՒՄ
Մշակներդ` անդաստական,
Մեծամեծերդ` անլվա Պիղատոս,
Ի՛մ սուրբ հայրենիք,
Ինձ 30 արծաթը բավական է
Քեզանից հեռանալու համար:
Հայաստանի
Հանրապետություն,
Սուրենավան,
Չորացած պարտեզների
փողոց,
Աշոտ Գաբրիելյան
***
Դրախտում աշուն է.
Մերկացող ճյուղերը
Սպասում են սերմնագռավներին.
Հրեշտակները երամ-երամ
Վերադառնում են Երկիր…
***
Մոռացա դիակդ այրել,
Որպեսզի չհանդգնեմ լիզել այն…
Կիսատ տողերի արանքից
Քո պաղ աչքերն եմ հանում
Սիրուց ծանրացած աչքերով
Եվ խոնարհվում եմ…
Կրակիցդ մոխրացած մարմինս է
Ոտքերիդ տակ…
***
Դատարկ բեմ
Աշխարհն է այնտեղ մոլեգնում
Հոգուս պատերազմը
Տիեզերքում
Ես գնում եմ
Իմ հայացքի ճամփով
Սերը և Ժամանակը
Բարեկամներ չունեն
***
Միայն
Կիրակիներն են
Կարմիր
***
Չափազանց գեղեցիկ էր
Ծնելու համար…
Կանաչ դաշտերի միջով
Տղմոտ առվակն էր հոսում
Ներս…
***
Քրտնած ցեցեր,
Տռզած եղյամներ…
Քեզ հասնող
Անջրպետը
Դատարկվել է
Սրտիս մեջ…
Թող մի կաթիլ գինի խմեմ
Կրծքիդ վրայից…
ՀԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
1.
Իմ բանաստեղծություններից
Մի քանի տող պետք է ավելանա
Չգրվելու համար…
2.
Երկինքը`
Կապույտ ծաղկաթերթերից.
Կապույտ սարդը
Փորձում է երկնքից պոկվել
Ու միանալ իմ երազներին.
Բանաստեղծության համար
Ոստայն եմ հյուսում
3.
Երազ
Մեր չանցած ճամփեքը
Անվերադարձ գնացին
Անցած ճամփեքով
***
Հողն օրհնում է ինձ…
Հաղթանակը ծուղակ է…
Անվերջությունը
Չի կարող լինել
Ինքնըստինքյան.
Մեկից մյուսը
Գաղթող բառեր…
Հողը օրհնում է ինձ,
Հողը օրհնում է ինձ,
Հողը…