***
Խոհուն էր երեկոն ծվատված,
կայուն:
Մեկի ժպիտը գծագրվում էր հանդարտ
Տխուր երեկոյի փխրուն ֆոնին,
Մյուսի տխրությունը կորչում էր աննկատ
Երեկոյի գունավորումների մեջ:
Համառ հայացքս էր հետևում երեկոյին
Հակասությունների մեղքի հետ,
Բայց մարող էր լռությունը նրա
Անձայն խոսքը նույնքան լուռ, խորհրդավոր…
***
Տուֆակառույց քանդակը
ձգտում էր…
Բազմահարկը չէր նայում այդ կողմ,
Վսեմության շունչը ետևից էր զգում:
Իր քարուքանդ ասֆալտով բակը…
Այն իջնում էր ինչ-որ փոս բուսապատ
Եղանակների քմահաճ մտապատկերով:
Գիտեր իզուր է, անսպառ, ողբալի…
Չէր սաստում գայթակղող
հոգու ուժին
Պատրանքով էր տարվում իբրև…
Էլ ինչ էր տվել կյանքը
դրանից բացի:

***
Ճնշված էր թախիծը փախչող
մայրամուտի,
Բայց փակ էր փախուստի ճամփան:
Լերկ բլրալանջի թեքությունն էր սայթաքող:
Տառապանքն ինքն էլ էր թշվառ գերի:
Ազատությունը հավերժության պես մեծ էր:
Դրախտում կարճ են ապրում…
ՈՒ նորից ընտրություն ճանապարհների…

***
Գիշեր էր:
Լույսերը ճանապարհ էին անցնում
Խավարի հեռացումը հեռու էր սպառումից…
Բայց լույսերն էին հեռվում ճանապարհ անցնում:
Ես մոտենում էի վազքով հևիհև:
ՈՒրեմն միայն ծիածանը չէ մոլորեցնող, անհաս..

***
Դանդաղ չէր ընթացքը անիվների:
Ձյան գույնը կորչում էր իրիկնապահին:
Ինչ էր, որ ինձ էր պատկանում,
Որ կար ու չկար ամպերի մեջ
Ամեն, ամեն, ամենի մեջ
Եվ տեր էի, և ստրուկ… եմ…
Ոչինչ չմնաց ոլորանին, չկորավ,
Բայց փնտրում է միտքս տենդով
Չի գտնում բայց գտած ունի արդեն…
***
Հանդարտահոս գիշեր էր
Խաբում էր, բաշխում:
Ջերմատարած ցերեկ էր
Հարվածում էր անխնա:
Շահե՞լ ճշտին:
Ո՞վ է ճշմարիտ:
Համոզմունքս մեկն է`
Տեսնել:

***
Քայլում էի, խավար քաղում:
Մահվան ծաղիկ էր դա:
ՈՒզում էր բուրել կյանք:
Մենակությունը ընկճված էր,
Գրիչն էր արթուն:
Նշագրվեց կյանքը:
Փոխվեց:

***
Արևամուտ է ճաղաշարից անդին:
Գնա՛:
Արևամուտը ոտքեր է ծանրացնում:
Ես սիրում եմ քայլել:
Գնա՛:
Ընտրության տարբերակ.
Ապրել, թե՛ կործանվել:
Գնա՛:
Միջակությունն է որոճում:
Կգնա՛մ:
Մահն ու կյանքն են ճանապարհ:

***
Երեկ էր ասես:
Ծածանվում էր մայրամուտը
Գունալույսերի նետումներով:
Մեղավոր էր:
Թախիծ էր սնում ազդեցիկ օրավարտը:

***
Մեղեդանման էր
Տխրաբեր ուրախություն:
Զգայարանս մշտազգոն
ՈՒրախությունն էր պահի
Չընդունեց:
Էությունն է անկեղծը:

***
Համառ էի իմ պայքարում
Տառապանքի շվաքի տակ
Անհաջողության կոշիկներ հագած:
Պարզ է ներսումս:
Ստվերներ են վխտում,
Բայց ոտնահետք չեն թողնում:
Նույնությունն է սեղմօղակը դեռ,
Բայց կոկորդը նույնն է, իմն է:

***
Ասում են վերցրու, տալիս են
Հագիր քուրքը ապահովության,
Քրթմնջոցներից ականջդ ազատիր,
ՈՒրիշի շվաքի տակ բռնիր դիրքդ
ՈՒ լավ կլինես:
Ստվե՛ր դու լա՞վ ես:
Կապրես ինչքան, որ ես:
Ե՞ս, լավ եմ ես:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն