կին

եղևնիների մեջ կորած տղամարդդ
փայտահատ է
կտրված փայտի պես
կրակին կուլ գնացող կին
մոռացիր վառարանդ

քանի չորացած ճյուղ ունես
անմխիթար
ինչպես աղջիկը պոետ

քեզ սիրեցին օտար ծառերի տակ
քեզ լքեցին
անտեր բանաստեղծության պես
երկար այս ձմռանը

տղամարդդ փայտահատ ի ծնե
երկար ժամանակ կտրեց քեզ
կացնահարեց աչքերդ
թևաթափ արեց մարմինդ
հնազանդ ինչպես կացինը ծառին

միաչքանի իմ կին
որ փնտրեցիր դղյակը քեզնից դուրս

ցուրտ կին
մրսող կին
կին որ մոխիր է դառնում

քեզ օդ թռցրեցին
քեզ շաղ տվեցին հողի մեջ
քեզ սպանեցին հերթով

կին որ չվախեցար հող դառնալուց
մարմինդ չհանձնեցիր ջրին
չմայրացար երբևիցե
վախեցար սիրելուց
ու շատերի մեջ փնտրեցիր քեզ

շան պես հաչացիր
տղմարդկանց ետևից
օտարների հետ սեր արեցիր
հավատացիր ամեն գարնան հետ
մարմինդ ծիլեր կտա

քեզ չհասկացան այստեղ

արևի պես տաք կին
սիրուն կին

***

ու գիտես նա անառակ չէր
բայց սիրում էր տղամարդկանց փոխել
անկողնում մտրակը ձեռքին
վագր վարժեցնող էր խաղում
բայց ամեն վագր թրեյսի չէ

տղամարդը սև էր
աղջկա համար մերկապար էր պարում
իսկ ես ու նա մի օր բարում
աբսենթ էինք խմում
ու նա ինձ իր հերթական տղամարդուն էր
առաջարկում

հոգիս արտագրված աղթոքի պես
սիրոոոոոո մասին էր խոսում
ու գիշերը ոռնում էր ներսումս

ու էս ազատությունը
երբ մորդ հետ մի-մի սիգարետ եք
ծխում
ու խոսում թե ում հետ է քնում
բաժանված հայրդ

ու էս ազատությունը
երբ երազում ես թռչնի թևով
աստծուն հասնել
ու քանի թռչուն է քմծիծաղ տալիս
իմ չստացված օրերի պոեզիա

ես չգիտեմ թե ինչ բույր ունի
սև տղամարդը
ես նստել եմ աստիճաններից ամենաբարձրին
ու հեքիաթ եմ պատմում ինձ
-իմ սևամորթ տղամարդ
իմ էթնոս
աֆրիկյան իմ երազ
արի միասին էրեխա ունենանք
ու դու կլինես մեր տղամարդը

հո լվացարարուհի չեմ դառնալու
աման-չաման
էրեխա-մերեխա
հասկանում ես
իսկ էրեխեն սիրո պտուղ ա

ներսումս ոռնում են
բազմագույն
բազմահոտ
բազմասեր սերերս

ես նրանց ետևից մի բաժակ
բանաստեղծություն եմ լցնում
ու գիշերը թանձրանում է ներսումս

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն