— Խանու՛թդ:
— Ի՞նչ:
— Ցե՛պդ:

Սրանք ամեն անգամ գալիս կանգնում են կարմիր գծին` կողք-կողքի: Իրար ձեռք են բռնում, կարճ մազերովը մյուսի երեք մատը ափի մեջ ա սեղմում նենց, որ ճկույթն ու բութ մատը ազատ են մնում: Գոռում են ու թռվռում, գլանաձև մեջքի պայուսակները շխշխկացնելով, ու ձեռքերը վերև-ներքև են անում` գժի պես: Հենց մեկը ընկնում ա, խնդում են: Ոտքը ոլորվի կամ սայթաքի, եթե բաց կոտրվածք էլ տեսնեն` մսի միջից դուրս եկած ոսկոր, կհռհռան` ամենվերջին պոռնիկների նման: Գովազդային ա:

-Պետք ա նկարվեք, — առանց իմ վրա նայելու ծորացնում ա կարճ մազերովը, — եթե չէ` չէ, հաշվետվության համար ա, հետո մեզնից են պահանջելու: «Պահանջելու» ասելիս` «ու»-ն երկարացրեց` շրթունքները կլորացնելով, ոնց որ երեխուն կասեն: Խոսքը վերջացրեց, քիչ կռացավ, մեջքով շրջվեց մյուս աղջկա կողմ, որը բարակ ձեռքը իջացրեց ու կարճ մազերովի մեջքի պայուսակից ռեդբուլ դուրս բերեց` ճագարին ոնց են գլխարկից հանում, տենց: Երբ ձեռքը առաջ մեկնեց, նկատեցի` մաշկը մազանոթները թափանցելու չափ ճերմակ ա. ուժեղ տրորես կամ եղունգով քերես` հատ կգնա:

— Հիմա՞ եք խմելու, — հարցնում ա կարճ մազերովը` կրծքի առաջ ամուր պահելով ռեդբուլը, նենց, որ արմունկն ու բռունցքը նույն մակարդակին լինեն: Հետո առանց սպասելու պատասխանիս երկար նախշուն եղունգը մտցնում ա մետաղյա բացիչի տակ ու դեմքը ծամածռելով, վերև թեքում: Ռեդբուլը թշշոցով բացվում ա:

— Չէ՛, երևի, մի երկու ամսից, կարողա չխմեմ, պահեմ` քեզ հիշեմ, ասում եմ` փորձելով բռնել կարճ մազերովի հայացքը: Ինքը հիմա ինչ որ նշում ա անում, հետևի գրպանից ճմռթած թուղթ ա հանել ու գրիչով, որի վրա նույն պատկերն ա ինչ ռեդբուլի տարրաների վրա, խզբզում ա: Փոխարենը` մյուսը, որ ուսապարկի հետևում էր մնացել, ինձ ա նայում ու ժպտում: Պահանջելու են` հասկանում եմ:

— Քեզանից ծամոնի հոտ ա գալիս:
— Ծամոնի՞:

Սրանք որ գալիս են, կանգնում են կարմիր գծի վրա, ձեռ-ձեռի տված: Մեկը ցածրահասակ ա, մուգ մաշկով, կարճ սև մազերով, անունը կրծքին կախած ա, բայց մտքովս չի անցել` կարդամ: Մյուսը ավելի լուրջ ա` բարձր չի գոռում, մենակ ծափ ա տալիս, շխշխկացնում ու կարճ մազերովի մեջքի պայուսակից ռեդբուլ ա հանում: Նիհար ա` վրեն բան չկա, մաշկն էլ` գժվելու չափ թափանցիկ:

Մյուսները եզրագծից ավելի հեռու են կանգնում, շատերը նստում են կարմիր աթոռակների վրա, ետ են հենվում, ծխում են ու մոխիրը կտցնում կոշիկների միջև, տրորում են տախտակների արանքը, բարձր ծիծաղում են` հետևելով գնդակի շարժմանը:

Մենք պարտվում ենք, ու մտքովս անցնում ա, որ կարճ մազերովը էնքան մոտ ա, որ եթե գնդակը ուժեղ հարվածից հետո կպնի փորին, կկռանա, կընկնի ուղիղ դաշտի մեջ, ոտատակ կլինի: Ուսապարկի պարունակությունն էլ շաղ կտա մեր առաջ: Գունավոր հեղուկը կտարածվի մանրահատակի վրա` ոնց որ բենզինն ա տարածվում թաց ասֆալտին:

Եզրային մրցավարը առանց շտապելու դաշտի եզրագծով աջուձախ ա անում, երբեմն ստիպված լինելով դիտողներին ետ հրել, եթե թույլատրվածից ավելի են մոտենում գծին, իսկ ռեդբուլ աղջիկներին` ոչ մի խոսք: Իրանց պարզապես շրջանցում ա, կարծես` չի էլ տեսնում: Երևի, ընդմիջմանը եզրայինը, գլխավորը ու չորրորդ պաշտոնյան ռեդբուլ աղջիկների հետ միասին մի սեղանի շուրջ են հավաքվում, հաց են կիսում: Գլխավոր մրցավարը խոշոր, յուղոտ ձեռքը դնում ա թափանցիկ մաշկովի մեջքին, դուրս ցցված ողերի վրա, մյուս ձեռքով էլ աթոռն ա սեղանից ետ քաշում: Կարճ մազերովը չորրորդ պաշտոնյայի կատակների վրա բարձր-բարձր ծիծաղում ա, սեղանը ցնցվում ա, մեջքի պայուսակները շխշխկում են:

Մազերովը ձախ ձեռքի երկու մատը հենում ա կոնքին, աջ ոտքը ազատ ա թողնում: Ռեդբուլը պահում ա մեր միջև` ինձնից ու իրանից հավասար հեռավորության վրա: Հետո ասում ա` որ ես էլ բռնեմ ու քիչ ավելի մոտ կանգնեմ, ասում ա, որ չի կծի: Ես ձեռքս բարձրացնում եմ, առանց նայելու մոտեցնում եմ ու անմիջապես ետ եմ քաշում: Նախշուն եղունգը խրվում ա մաշկիս մեջ` բութ մատիս ու ցուցամատիս արանքը: Մատերս իրարից հեռացնում եմ, մաշկը ձգվում ա` ճղել ա պոռնիկը: Տանում եմ բերանս, արյունս քաղցրահամ ա: Ասում ա` չես մեռնի:

Կարճ մազերովը, ձեռքի երկու մատը կպցնում ա նույն կոնքին ու հենվում ա ձախ ոտքի վրա: Ռեդբուլը պահում ա մեր միջև, ինձնից ու իրանից հավասար հեռավորության վրա: Ես արյունոտ ձեռքս սեղմում եմ իրա դաստակին դրսի կողմից: Ժպտում ենք: Աչքերս թարթեցի: Մտածում եմ` քրտնել-կարմրել եմ, քրտինքը ճակատիցս ներքև ա կաթում` մետաղական տարայի բաց բերանից ներս: Գովազդային չի:

Գնդակը առանց շտապելու իրար են փոխանցում: Խաղակոշիկների ներբանները ճռճռում են` փայլեցրած մանրահատակին քսվելով: Ամեն երկրորդ հարվածը գնդակը ետ ա ուղարկում, ստիպված ենք առաջ գնալ` մեջքի հետևում տարածություն ազատելով: Ես վազում եմ ձախ, երբ գնդակը աջ պաշտպանին ա հասնում: Ձեռքով նշան եմ անում խաղընկերոջս` գիծը: Շունչս չի հերիքում: Ոտքերիս տակ արյան կաթիլներ են: Նայում եմ ձեռքիս` արնահոսում ա: Մտածում եմ` պետք ա զուգարանի թուղթ կպցնել, ոնց որ սափրվելուց հետո են երեսին կպցնում, որ արյունը կտրի: Գնդակը գլորվում ա շարժմանս հակառակ, ոտքս ետ եմ ձգում: Շրմփում եմ հատակին, փորի վրա, ափերիս մեջ մանր ավազահատիկներ են խրվում: Հակառակորդի պաշտպանը մոտենում ա, կպնում ա ուսիս: երբ պաշտպանը ձեռքը հեռացնում ա ուսիցս, գծի մոտ տեսնում եմ ռեդբուլ աղջիկներին: Ծիծաղում են: Բարձրանում վազում եմ մեր դարպասի կողմը:

Արդեն երկրորդ խաղակեսի սկզբում խոշոր հաշվով ենք պարտվում: Ռեդբուլ աղջիկների հակառակ կողմում գլխավոր մրցավարն ա` կողքին սպիտակ մազերով ու կաշվե բաճկոնով մարդ ա նստած: Հաշվում ա դապասային գիծը հատած գնդակների թիվը: Երեքը շրջում ա` չորսն ա երևում, չորսը շրջում ա` հինգը, ու էդպես շարունակ: Դրանց կողքը ավելի մանր թվանշաններ են` խախտումների քանակն ա: Ըդմիջմանը սպիտակ մազերովը ասում էր, որ հաղթելու ենք, որ էս գնդակը ծերով են տշում, ասում էր, որ մի հատ պենալ կլինի: Երբ ծիծաղում էր, բերանի անկյունում մուգ ոսկեգույն ատամ էր երևում, իմաստության ատամից հաշված` չորրորդը:

Սրանք ռեդբուլ ավտոյով են գալիս` գլխին մեծ պլաստմասե գլան ա կպցրած: Ավտոյի համար մարզահամալիրի տնօրինությունը հատուկ կայանատեղ ա առանձնացրել խաղադաշտի մուտքի մոտ: Իրանց սիրած թիմն էլ ունեն` դեղին կարճաթև շապիկներովը: Իրանց խաղերի ժամանակ ձայնալարերը կտրելու աստիճան գոռում են, թռվռում են, ոնց որ պոպկոռնը թավայի մեջ:

Գնդակը աջ պաշտպանի մոտ ա: Ժամանակ չի մնացել: Խաղը փրկելու համար պետք ա հաջորդ փոխանցումը կտրել: Պաշտպանը ցույց ա տալիս, որ գնդակը կուղարկի ձախ: Իրանով թեքվում եմ, ոտքս` ձգում ետ: Հիմա կրունկս կհասնի: Ոտքս ծալվում ա ու ներբաններս սղում են փայլուն մանրահատակի մակերեսին: Ընկնում եմ փորի վրա: Շուրջս ամենինչ լղոզվել ա: Ուզում եմ բարձրանալ` չեմ կարողանում: Ինչ որ մեկը մի քանի անգամ ուսիս ա կպնում: Դեմքը չեմ տեսնում: Սուլիչի ձայնը ականջս ցավացնում ա:

Հիշում եմ, որ ասեց` չեմ մեռնի: Շուրջս մարդիկ են խմբվել: Միանման համազգեստով երկու հոգի կռանում են վրաս: Քրտինքի հոտից ու արագացած շնչառությունից հասկանում եմ` խաղացողներ են: Հետո օծանելիքի ու ռեդբուլի հոտ ա լցվում քթանցքներս: Կարճ մազերովը մոտենում ա, մյուսը, որ թափանցիկ մաշկ ուներ ու վրեն բան չկար, մեջքի պայուսակից բռնել ու ետ ա քաշում:

Շուրջս արյունը լճացել ա: Մատներիս արանքից ա ծորացել: Մտածում եմ, որ երակային արյունը ավելի մուգ ա, քան զարկերակային արյունը. զարկերակային արյունը թթվածնով ա հագեցած: Հիշում եմ` կարտոֆիլի տերևները ջրելուց հետո մգանում են: Կարճ մազերովը ոտքերը լայն բացում ու նստում ա փորիս: Ասում ա` մտի՛ մեջս: Հետո մտքիս գալիս են գարնան զորակոչի զինվորների արևից խանձված թարթիչները, կարմրած պարանոցները այտերն ու ականջները: Հորս մեզից դեղնած, կապրոնե կես շիշը, որ անկողնու տակ էր դնում` ոտքով շուռ չտայի: Հիշում եմ բոլոր խավարասերներին որ ընկել են վաննայի մեջ ու դուրս չեն կարողացել գալ: Ցնցուղի շիթը, որ դրանց սրբում տանում էր: Ռեդբուլ-աղջիկներից մյուսը, որ վրեն բան չկար, գլխիս վերևում ա: Հետևում եմ մանուշակագույն երակին, որ ձգվում ա արմունկից մինչև դաստակ, ճյուղավորվում ա, վերածվում հարյուրավոր մազանոթների:

Կարճ մազերովը ոտնաթաթերիցս բռնում, բարձրացնում ա վերև: Լերդացած կպչուն արյունը ներծծվել ա համազգեստիս մեջ, նստատեղս սոսնձվել ա հատակին, չի առանձնանում: Մյուսը, որ վրեն բան չկար մազերիցս բռնել, քաշում ա հակառակ ուղղությամբ: Ծամոնի նման ձգվում եմ: Հերս ինձ վզքաշ ա անում, լացս գալիս ա` չեմ լացում: Գլուխս սեխի նման երկարել ա, ծիծաղալու բան ա ստացվել, թափանցիկ մաշկովը սկսում ա ինձ փաթաթել` գլանակի նման: Դնում ա կարճ մազերովի մեջքի պայուսակը ու փակում:

-Մեկ սերն ա թևեր տալիս, մեկ` ռեդբուլը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն