Հանդիպում
մաս առաջին
քամին մեղմ կնոջ պես
շոյում է այգու իրանը,
ծառերի հոտը խտացել է օդի մեջ,
խոտերը հպվում են երեկոյան զգեստիս`
դեղին, ինչպես աշունը
ու թեթև, ինչպես ցողը մարմնիս
վերևից ու ներքևից,
թափվելով ու թռչելով,
տերևները նայում են նրան,
ում այգուց դուրս կսպանեն մի օր
մտածեցի տղամարդ է,
ում սիրելիս մոռանում ես
ինքնասպանության անհաջող փորձերդ,
ցեցի պես բզկտող անհանգստությունդ,
ու նվաղուն,
սուր ձայնով հիստերիան,
որ բռնել է կոկորդիցդ
ու քարշ է տալիս
փողոցներով,
տներով,
գրախանութներով
ու վերջապես հասցնում այգի
ինձ համար չէ,
շատ եմ խառը
դեղի պես կթառի վերքերիս,
աստծու պես կների,
մեղմ ժպիտով կհանդարտեցնի
շարժումներս, բառս, ներսս, միտքս
ձյունը կամաց իջնում էր
մազերին,
հավատարիմ շան պես,
գլուխը կախ քայլում ետևից
տղամարդը փակ էր, ինչպես խեցի…
ու մենակ, ինչպես գիրք…
մաս երկրորդ
-տխուր եք երևում ,մի տեսակ…մենակ եք,-
կմկմում էի,
որովհետև անծանոթ տղամարդկանց հետ
միշտ այդպես է լինում,
մանավանդ, երբ ժպտում են աստծո պես
ու թվում է` ամեն ինչ գիտեն
-սիրուն ես,-ասացիր,
ու հայացքդ սահեց աչքերիս մեջ,
ես էլ ժպտացի երևի,
ու խոր լռություն իջավ,
խոր, ինչպես ձմեռը արջի
անունդ ինչ է.
-Հիսուս,-ասացիր, ու հիշում եմ`
չժպտացիր, չհպարտացար,
երկնային տարածքներիցդ չխոսեցիր,
ես էլ թե`
ճիշտ ինչպես..Հիսուս..
ծիծաղեցիր, երևի միամիտ թվացի
այգին մի տեսակ գլխիկոր էր,
ու ծառերն էին ուրիշ
մաս երրորդ
-այգուց դուրս կսպանե±ն քեզ
-դե չգիտեմ, եթե չասես ոչ մեկի…
ծիծաղեցինք.
օդը կապարի պես ծանր էր
-բայց քեզ իրոք սիրում են
— ովքե±ր
— գրեթե բոլորը
-ի±սկ կացինը?
— կացինը հոգի չունի
-ի±սկ փայտահատը?
լռեցի,
ժպտացիր,
հոգնած էիր թվում
այգին փախստականի պես հավաքեց
իրերը,
քամին սուլում էր `
քշշշշ քշշշշշշշշշ…
թռչունները խելագարված ճեղքեցին
մարմինդ…
չգիտեի` ոնց փրկել քեզ,
հուսահատությունից գրկեցի ոտքերդ,
դողը երկրաշարժի պես ցնցեց մարմինդ