Քաղաքական զզվելի գործընթացների ժամանակաշրջանը սկսվում է, ինչը ենթադրում է, որ ամենազզվելի հարցադրումը մեր վայ-լրագրողների կողմից ավելի շատ ու հաճախակի գործառության մեջ կմտնի. «Եթե մտավորական եք, ինչո՞ւ ժողովրդի հետ դուրս չեք ելել, չէ՞ որ մտավորականը պետք է ըմբոստ լինի, իսկ իսկական գրողը` հավերժ ընդդիմադիր»: Նման տխմար հարցադրումներին անգամ նողկալի է պատասխանելը:
Նմանները քեզ անգամ կարող են խամաճիկ ու անատամ համարել այն դեպքում, երբ քաղաքական այս կամ այն թևի առաջին խամաճիկներն ու կամակատարները հենց իրենք են, երբ զանազան զարտուղի ճանապարհներով փորձում են մտավորականի բերանից մեկ նախադասություն թռցնել և այն ծառայեցնել իրենց մամուլի «դավանանքին», իսկ այդ նախադասությունը չթռցնելու դեպքում հայտարարել` այսօր չկան իսկական մտավորականներ ու արվեստագետներ, որոնք ծառայում են ժողովրդին: Իհարկե, պետք է ընդունել, որ օգտագործած ժողովուրդ բառը շատ հարաբերական կիրառություններ է ունենում:
Մի ասող լինի սրանց, որ նախ իրենց գործը սովորեն և ապա նոր փորձեն հասարակական կարծիք ձևավորել: Մի հարցնող լինի, թե տարիներով գրքի երես չտեսած, ինչպես են հայտարարում գրող և գրականություն լինել կամ չլինելու մասին:
Մի քանիսը աշխատանքի հիմնական սկզբունք են ընտրել. նստել խմբագրությունում և հերթով զանգահարել իրենց ծանոթ-անծանոթ մտավորականներին և հարցնել, թե ի՞նչ կարծիք ունեք այս կամ այն քաղաքական իրադարձության մասին, և եթե այդ ընթացքում կարողացան հակադրել երկու կարծիք, ուրեմն փառք իրենց. սկանդալը ստացվել է: Նման անբարո մեթոդներով աշխատողներին պետք է ասող լինի, թե` այ ախմախ, գիտե՞ս ում և ինչի համար ես անհանգստացնում: Մարդը ճիգը ջանքին գումարելով, ձեր նմանների բթությունից մրմուռով լցված, երկրի ցավով իսկապես տառապելով, տող ու հնչյուն է կցում իրար, որ քեզ նման մանկուրտներին թմբիրից հանի, իսկ դու` ինչո՞ւ այս կամ այն թևում չես, ինչո՞ւ քաղաքական ճառերի կիզակետում չես…
Գրողի խնդիրը ամենից առաջ գեղագիտական է, եթե սա չէ, ուրեմն նա լրագրող է կամ հրապարակախոս, բայց ոչ իսկական արվեստագետ: Թվում է` այս բանը հեշտ հասկանալի է, բայց պարզվում է սա դժվար ընկալելի է գեղագիտությունից ընդհանրապես զուրկ լրագրողների մի ստվար զանգվածի համար, որոնք միասնական ջանքով համահարթեցնում են ամեն ինչ, խեղաթյուրում արժեքները, իրենցից մեծերին նվաստացնելով` փորձում իջեցնել իրենց սանդղակին, տարածում կեղծ արժեքներ, աղանդավորների նման զոմբիացնում մարդկանց ու ամբողջ հասարակությանը` երկիրը տանելով իրական վտանգի:
Համբավն ու տաղանդը նույնացնող նյութաորսները, առանց ասելիքի ու սեփական խոսքի անարժեքությունը չգիտակցող այս խամաճիկները ո՞ւմ են կոչեր անում, թե` եթե մտավորական ես` այստեղ կամ այնտեղ պիտի լինես: Ո՞ւմ վրա են մատ թափ տալիս: Եվ եթե մտավորականները պիտի միավորվեն, ապա առաջին հերթին նման պատեհապաշտների դեմ պայքարելու համար:
Երևի խիստ է ասված: Սակայն այլ կերպ ասել չի կարելի: Պատահել է նաև այսպես: Լրագրողը հրավիրում է իր ժամանակի գրողին հարցազրույցի և պարզվում է` ոչ մի տող չի կարդացել այդ հեղինակից: Աղջիկ ջան, եթե հարցազրույցի ես հրավիրում մարդուն, բարի եղիր ծանոթանալ նրա ստեղծագործություններին, անցած ճանապարհին: Սա դեռ մի կողմ. անպատկառորեն նայում է գրողի երեսին և հարցնում, թե կա՞ այսօր գրականություն: Աղջիկ ջան, եթե չկա, ապա ինչո՞ւ ես հրավիրել, ի՞նչ ես ուզում պարզել, երբ քեզ գրականության գոյությունն ու չգոյությունը չի էլ հետաքրքրում: Եթե հետաքրքրեր, բարի կլինեիր և մի քանի էջ գոնե կկարդայիր: Սեփական ունակություններով գոնե կփորձեիր պատասխանել այդ հարցին: Իհարկե, անչափ դժվար է գրքի երես չտեսած մարդու ունակություններից խոսելը:
Համոզված եղեք, որ մեր մամուլաշատ երկրի ամեն մի լրագրող տարեկան եթե մի գիրք էլ գնի, ապա մեր հրատարակչությունների գործն անսպասելի ձևով առաջընթաց կունենա: Դա հիմա խիստ անհրաժեշտ է մեզ, մանավանդ որ` հաջորդ տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակված: Ցավով, բայց պետք է մեր վայ-լրագրողներին խորհուրդ տալ` գնացեք գոնե գիրք կարդացեք: Նրանց պետք է հասկացնել, որ իրենց մասնագիտական հմտությունները հենց այդտեղից են սկսում, ոչ թե քաղաքական կուլիսներից, և այսօրվա իրենց պահվածքով իսկական մտավորականների ցավին ցավ են ավելացնում և թանձրացնում են առանց այդ էլ գլուխ բարձրացրած խավարամտությունը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն