Կար-չկար մի նկարչուհի: Նա կարողանում էր կախարդել իր արվեստով:
Մի անգամ` իր նկարների ցուցահանդեսի ժամանակ, որին հրավիրված էին բարձրաշխարհիկ մարդիկ, նկարչուհին տեսավ քաղաքապետին և ցանկացավ նրան. բայց քաղաքապետը ընտանիք ուներ:
Նկարչուհին մի քանի անգամ քաղաքապետարան այց կատարեց և «գործով» հանդիպեց քաղաքապետին: Հետո սկսեց տարբեր շրջապատներում գովերգել քաղաքապետին: Մարդիկ արդեն նույնիսկ կարծում էին, որ նրանք լավ ընկերներ են:
Այնուհետև նկարչուհին մի նկար նկարեց, որտեղ ինքն ու քաղաքապետը կենակցում էին, և հրապարակեց նկարը հաջորդ ցուցահանդեսին:
Նկարի հրապարակումից հետո քաղաքապետի պատվասեր կինը խանդեց, վերցրեց երեխաներին ու քաղաքապետին լքեց:
Քաղաքապետը բարկացավ. գնաց նկարչուհու արվեստանոց, որ սրտինը անպատկառի երեսին ասի, բայց թույլ տվեց, որ նկարչուհին իրեն գայթակղի…
Նկարչուհին մի նոր նկար նկարեց, որտեղ քաղաքապետն ու ինքը ամուսնանում էին. դրեց նկարը փաթեթի մեջ և ուղարկեց քաղաքապետին:
— Սա արդեն չափազանց է ! — զայրացավ քաղաքապետը, երբ բացահայտեց փաթեթի պարունակությունը: Նորից գնաց նկարչուհու արվեստանոց. «Այս անգամ ես թույլ չեմ տա, որ նա ինձ գայթակղի», — վճռեց նա:
Երբ նա հասավ այնտեղ և ուզում էր զայրույթը թափել նկարչուհու վրա, նկատեց նկարչուհու մեկ այլ նկար, որում պատկերված էր նկարչուհին` արդեն հղի…
«… մարդիկ կմտածեն` իրենց քաղաքապետը անպատկառի մեկն է և վազում է ամեն պատահած նկարչուհու փեշի հետևից… թարգը տալ է պետք…», — անցավ քաղաքապետի գլխով:
Որոշ ժամանակ անց նկարչուհին, հարսի ճերմակ զգեստով և գոհ ժպիտով, եկեղեցու խորանի առջև համաձայնեց դառնալ քաղաքապետի կինը և հնազանդ լինել նրան մինչև մահ: