Քո դիմաց
Հասակիդ տված մի մեծ համբույրով
Ուզում եմ թողնել քեզ այդ տարիքում,
Որ չմեծանաս…
Ես հայտնվեցի քո առջև կարծես` մի մանկան ձեռքով,
Որ քարշ է տալիս իր ծնողին
Խաղալիքների ինչ-որ խանութում,
Ու ստորին շուրթը սրտի կարիքով նա դուրս է ցցում
Եվ առանց խոսքի հասկացնել տալիս
Որ դա է ուզում:։
Մեկը միշտ էլ կա
Ամեն արածդ շարժումը կարծես,
Բեմից իջեցված մի պիես լինի,
Թեկուզ այս մեկը,
Որ հենց նոր արիր,
Վճարելով գնված ապրանքին`
Չնկատելով թե ոնց դարձրիր
Ինձ հանդիսատես քո այդ շարժումին.
Հանդիսատեսիդ խելառ տղան եմ,
Որ ծափ է տալիս նախապես պահված
Քսաներեք տարվա իր ամբողջ ուժով,
Ու միշտ իմացիր`
Հանդիսատեսդ որքան պակասի,
Մեկը մի՜շտ էլ կա,
Որ ծափ է տալու ամեն բեմելիդ:։
Ուզում էի քեզ լսել
Միշտ խոսում ես,
Բայց քեզ երբեք չեմ լսում,
Նեկտար խոսքդ
Դեղին մեղուն տանում,
Իր փեթակն է զարդարում.
Ու հիմա ես,
Ականջս ափով սեղմած,
Հարց եմ տալիս
Ինքս ինձ.
«Փեթակը քեզ ին՞չ ասաց»:
Պարահանդես
Ինրպե՞ս ես չասեմ,
Որ ամեն անգամ քեզ հանդիպելիս,
Պարահանդեսի շատ թեթև մի վալս
Լցնում է սրտիս ինչ-որ հին սրահ,
Ու միտքս դարձած ֆրակով պարոն`
Գլխարկն է հանում տաքացած գլխից,
Կորցրած գլուխը հազիվ գտնելով
Թևանցուկ անում ու տանում պարի: