* * *
Տեսնվում եմ
քո մեջ, դու
էլ` իմ…
Երկվորյակները
նախանձում են,
Տերն էլ
զարմանում` ո՞նց
գողացանք իրար:

ԳՏԱԾՈՍ
Երկար թափառեցի
կորցրածս գտնելու համար
ու Անտառ ընկա…

Այնտեղ տեսա
ամեն-ամենը չտեսածներիս…

Մոռացա
նպատակս. թուփն անգամ
ավելին էր, քան կորցրածս…

Խնդրեցի լինել անտառապան,
պահակ, փայտահատ թեկուզ…

Միայն թե ձուլվեի գտածոյիս,
արձագանքեցին թռչունները
միանգամի’ց…

* * *
Թափառում եմ
դեռ չգտած հասցեի
պատճառով…

Թափառում եմ…

Այս որքա՜ն, որքա՜ն
աչքեր կան հուսահատ
ու շուրթեր կան
որ ո’չ փակ են
ո’չ բաց…

Աղմուկ է, սակայն,
իրարանցում…

ԲԱՌԸ

Հեռացողները բոլոր
թռչուններն էլ
կհիշեցնեն իրենց մասին…

Իսկ գարնանն արդեն
կփնտրեմ բառը`
կես-վերադարձ:

* * *
Հիմա երբ
թափառում եմ ամենուր,
նկուղում պահ տված
հեծանիվս`
երեքակնանի,
բողոքում է ինձնից,
հայհոյում
(երևի)
ու հարցնում անձայն.
«Երեխանե’րդ,
ու՞ր են երեխաներդե:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն