***
Խոսիր ինձ հետ. ես քսան և երկու տարեկան եմ,
տեսել եմ չորս աղետ,
սպանել եմ երեք կյանք,
ու սիրել եմ քեզ:
Վերջին երկու ամսում ժամադրել եմ չորս տղամարդու,
երկուսին՝ համբուրել,
մյուս երկուսին խեղդամահ արել:
Աշխատում եմ կոշիկի խանութում,
ամեն օր անհարմար կոշիկ եմ վաճառում
ու ստեղծում՝ անհարմար կյանքեր:
Խոսիր ինձ հետ.
Ասա ինձ բաներ,
որոնց մասին չես խոսել քսան և ինը աղետ:
Դու քսան և ինը տարեկան ես,
քո կյանքը աղետ է,
դու վարձու մարդասպան ես,
չես սիրել ինձ:
Վերջին երկու ամսում ժամադրել ես ինը կնոջ,
քնել՝ տասնմեկի հետ,
երեքին՝ կյանքիդ կապել:
Դու անհարմար կոշիկ ես,
չես խոսում ինձ հետ:
Ես քեզ ամեն օր վաճառում եմ,
դու ամեն օր ստեղծում ես անհարմար կյանքեր:
***
Պատերազմից հետո բոլորս ցրվեցինք.
բոլորս փնտրում էինք՝
իրար:
Առաջ տարածքում աղավնատուն կար,
հիմա դա էլ ռմբակոծվեց
սիրուս հետ:
Ես համարյա ոչինչ չեմ հիշում
միայն տեսիլքը մեր:
Անշնչացած մարմիններ,
մեքենայաբար փնտրող հայացքներ:
Մենք փնտրում էինք,
գտել էինք,
բայց մեկ է՝ մեկին կորցրել էինք:
Մեզնից մեկը պակաս էր.
աղավնին, որ քեզնից ինձ լուր պիտի բերեր:
***
Ուր է կորել լուսաբացը, սեր իմ:
Հիմա, երբ մեր միջև մղոններ ու ծովեր են,
ինձ մնում է
մեռնել էս գիշերում:
Թվում է թե դուք սուրբ եք, սըր,
բայց եթե կյանքումս կատարեի
ձեր հանցանքներից գոնե երկուսը,
Մի՞թե կարծում եք,
որ Տերը,
ով արդեն երկնքում չէ,
ինձ կպահպաներ:
Եվ ես կարծեցի, թե դուք սուրբ եք, սըր,
հարևանուհիս
ընդունեց Ձեզ, որպես վանական,
համբուրեց,
տրվեց,
նույն օրը մեռավ:
Հուղարկավորությանը
չեկաք,
որովհետև արյունոտ էին շուրթերը Ձեր,
ու ես կարծեցի, թե դուք սուրբ եք, սըր:
Տարի
ու մենք ամուսնացանք,
Եվ ես պաշտեցի
սուրբ անունը Ձեր:
Երբ վերջին անգամ հեռացար,
կարծեցի, թե պիտի գաս,
որովհետև առաջ էր,
Երբ լքում էիր,
նույնքան արագ ետ էիր գալիս:
Չորս ժամ սպանեցի
ինձ՝ քաղաքում,
մեզ՝ հայրենիքում,
քեզ ու հայրենիքը,
Մեզ ու ժամանակը:
Դու չեկար,
և ես կարծեցի, թե
դու չես էլ եղել:
Ու ես կարծեցի,
թե դու սուրբ ես, սըր՝
տեսիլք,
չսահմանված այց ու
արդեն վերհուշ: