Եկել է այն տարիքս, երբ չորս կողմից ասում են` էսինչ ծանոթ-բարեկամս մահացել է: Անհավանական է, բայց մինչ այս ոչ մեկի բոթը չէի լսում: Այժմ, ամեն օր գեշ լուր եմ առնում. ես մահվան հայտնության տարիքում եմ, այստեղ է փորձում խեղճացնել ինձ:
-Կրակե շրջանակում դատապարտված կարիճ եմ, որ մահվան մտածմունքներով խայթելու եմ ինձ:
Էվելինան լսում, բայց ծաղրում է, ասում է` ձմերուկ ծախողը սովորեցրել է կեղևի տակի կարմիրն իմանալ, եթե ձայնը դրսից է, ուրեմն խակ է, ներսի հնչյունը հասածինն է: Ասում է` եթե մահը մշտապես կարմիր գույնով է գալիս, ուրեմն ինքը կպարզի, նե ականջը դնում է փորիս` տարբեր տեղերում կտկտացնում, ու որոշում է` մահը դեռ խակ է, որովհետև դրսից է ձայնը:
Սոնե անունով տարեց կնոջ մասին լսեցինք և հեռավոր շեներից մեկում գտանք ներան: Սոնեի դեպքում ինքն է մահվանը ճանաչում ու անսպասելի հարվածից առաջ բռնացնում: Նե գյուղերում իմացված մահվան տեսանող է: Երբ մարդիկ իրենց ծանոթներից մեկի արտաքինում անսովոր փոփոխություն են նկատում` ներան կանչում են, որ տեսնի ու իր կարծիքն ասի, եթե մահն արդեն բնավորվել է, ասում է` քանի օր է մնացել, եթե անտեղի կասկածներ են` հարազատներին խաղաղեցնում է, որ վտանգ չկա: Ներան հրավիրողները մարդու նկարն են տալիս կամ հեռվից ցույց են տալիս, նե կողքից գաղտնատես է լինում, այնպես որ ընտրյալը չիմանա, դե ներան բոլորն են ճանաչում ու հաճելի բան չէ մահվան տեսանողին հանդիպել երեսիդ պլշված:
Հազվադեպ լինում է երկար ժամանակով մահը կրել, նե ասաց` իրենց գյուղի դագաղագործի մասին, ով երկու տարի շարունակ չորս կողմից լսելով իր երիատասարդացման, սիրունության մասին, նույնիսկ Սոնեից ճիշտն իմանալով` կարողացել էր մահվան հետ ապրել:
…Մայրս խնդալով նկարագրել էր ծնվելս. արդուկ էի անում, տանը ես ու Ռիտան էինք, քո հորաքրոջ աղջիկը, ով տասը օր չանցած մահանալու էր, երբ ցավերս սկսվեցին՝ Ռիտան ասում էր` թող արդուկը, իսկ ես շարունակում էի ավելի մանրակրկիտ հարթել հորդ վերնաշապիկը, հայրդ աշխատանքի էր գնացել, մենք նոր էինք տեղափոխվել անծանոթ թաղամաս, վերնաշապիկի թևերը պարզել ու ծալքերը վերացնում էի, որ այդ պահին գրկեր ինձ:
Սոնեին ասացի` ծնվելուս մահացող մարդ է ներկա եղել` երիտասարդ աղջիկ, լսել եմ վատ նշան է, այսինքն՝ ջահել եմ հեռանալո՞ւ, թե՞ անտեղի սնոտիություն է:
Նե չպատասխանեց, բայց մահվան նշաններից պատմեց. քիթը սրվում է, անասելի գեղեցկադեմ է դառնում, եթե հիվանդ է` աշխուժանում է, տրամադրությունը բարձրանում է:
Ասաց` ինձ ատում էին մեր տանը, երբ ջահել աղջիկներ էինք՝ մի առավոտ քրոջս տեսա՝ բերանս բաց մնաց` էնքան էր սիրունացել, երեսը փայլում էր, ծիծաղկոտ էր, անդադար կատակում ու թռվռում էր, նե զվարճանում էր, ուշ թե շուտ ներան նշանելու էին իր սիրած տղայի հետ, բայց ես տեսնում էի իր անսովոր պայծառացումը, մորս ասացի, որ քույրս էսօր չափից դուրս սիրունություն ունի, մերս լացեց, ծնողներս գիտեին վատ շնորհիս մասին, էդ օրը հերս փակեց ինձ նկուղում ու ասեց` էլ ձենդ չլսեմ… Քույրս չիմացավ, բայց նե հոտն առել էր, երբ մայրս սկսեց ներան մեղրով կերակրել, մազերը սանրել ու շուտ-շուտ պաչել, ներանում այլևս կասկած չմնաց, ես իրենից էի փախնում, նե ինձ էր փնտրում, որ նորից հարցնի` վատ բա՞ն ա սպասվում, ասում էի` չէ՜, չգիտեմ ինչ ես ասում, ասում էի` ինձ հանգիստ թողեք: Երկու շաբաթից ներան թաղեցինք: Մահը նույնպես վարակվելու, փոխանցվելու հատկություն ունի, ինչպես բոլոր ցավերը, ու մերս այդ նպատակով էր ջանասիրաբար խնամում քրոջս:
Տնից դուրս գալիս Սոնեն մեղր դրեց մեզ հետ, սանր նվիրեց, շոյեց Էվելինայի մազերը ու ինձ ցույց տալով խոսեց` թույլ տուր երբեմն սանրի, դա սիրո նշան է: Էվելինան ինձ աչքով արեց` մազերը հավաքեց, սանրը խրեց կոսին, ծիծաղելով ասաց` մինչև քաղաք կոտրված լինեն ու դու սանրես:
Ես ոտքից-գլուխ մահվանն ընդունում ու կրում եմ, որպեսզի մոտիկից ուսումնասիրեմ:
Ակնթարթային հանդիպածս մահացած-մահացողներն իրենցից մանրուքներ են թողնում, հիմնականում կենցաղային շարժումներ, թե ինչպես էր խմելիս ջուրը ծորում բերանի անկյուններից ու բաժակի տակինը կաթացնում ճակատին, սրանց հիշում են իրենց սերընդակիցներից մի քանիսը և նույնիսկ վերջիններս կյանքում մեկ անգամ են նրանց մտաբերում, սրանցից շատերին տեսա երազներում, որ մնացել էին մեկ շարժումով, մի ժեստով. կռանալու, վեր կենալու թույլ ցնցումներով, ու վերջ:
Երբեմն ցնդածի պես կպնում եմ Էվելինային, որ զգույշ լինի, հեռու մնա մահվան թակարդից, որովհետև ծանոթներս ասում են` շատ լավիկն է: Նե գլխի կեսը քաչալացնում է, այնպես որ մազերը ընկնում ծածկում են բացը, իր ասելով` մահվանը քշելու նպատակով. ինձ դուր է գալիս, կարևորը սիրտս խաղաղվում է, ու կրկին կենտրոնանում եմ ինձ վրա:
Նե ասում է` մի օր ժամերով նայելու եմ կենդանի աչքիդ ու հետը խոսամ, խաղամ, դու չիմանաս, ինքը տեսնի` խնդա, հրճվի, դու զգաս, որ աչքերդ ինձ գլորում են` վերցնում փոր կլորներում պահում` գլխիվայր շրջում են ու էրեխու պես կչկչում են, դու չհասկանաս աչքերիդ ուրախության պատճառը, ես էլ չասեմ ու մնա իմ գաղտնիքը:
Ամեն օր նկարում եմ երեսս, մյուս օրը նկարը ձեռքս համեմատում եմ հայելու արտացոլանքին, որ ակնհայտ փոփոխությունը նկատեմ ու հասցնեմ կիսատ գործերս վերջացնել:
Երեկվա նկարը ձեռքիս` շտապում եմ Էվելինային հանդիպելու, որպեսզի գյուղեգյուղ շրջենք ու հետաքրքիր պատմություններ հավաքենք. նե հեռվից շուռ է տալիս մազերը, իբր տե՜ս, քանի ճաղատութունս կա՝ մահվանից վախենալ չունենք: Մոտենում եմ. ներա փոքր քիթը, ներա այտերը ներա երեսը, ներա շուրթերը, ներա աչքերը, սրանք, որ մտքումս նկարագրելուց ազատ են մնում, նե տարօրինակ սիրունացել է. շշմած նայում եմ շուրջս. այգու նստարանին անճոռնի ծռմռված թերթով թաքնված Սոնեին եմ տեսնում, ինձ հետաքրքրում է` ո՞վ է սրան իմաց արել:
Բռնում եմ Էվելինայի գլուխը` խառնում մազերը, շրթներկը լղոզում եմ երեսին, այտը կծում, ցավացնում, փորձում եմ ներան տգեղացնել` մահվանը լարել, նույնիսկ գրպանումս դանակն եմ շոշափում, որ մանր գծեր քաշեմ երեսին` այլանդակեմ, նե աչքերը լցնում է, նեղացած պոկվում ինձնից, փախչում է:
Սոնեին չեմ նայում, ինձ հարկավոր է Էվելինային հասնել, որ մեղրով կերակրեմ, մազերը սանրեմ ու կարողանամ մահը դուրս քաշել և փոխանցել ինձ:
——————————
- Աստղագիտության մեջ Նովա-ն այն աստղն է, որն անսովոր, չափից դուրս ուժեղ փայլ է ստանում, այդ արտառոց փայլատակումը կարող է տևել մի քանի օր, որից հետո աստղը վերագտնում է իր սովորական փայլը: