Հանդկե, ես նորից այստեղ եմ, այս քաղաքում, որ հիշում է իմ երջանկությունն ու քո ներկայությունը: Ես այստեղ եմ, ուր երջանիկ եմ եղել շատ երկար դադարից հետո: Ես այստեղ եմ, ուր չեմ վախեցել ու չեմ ամաչել երջանիկ լինել:
Այս անգամ դու ինձ ավելի շատ կսիրեիր, որովհետև ես ընդունել եմ իմ պարտությունը: Ես բոլորովին մենակ եմ և, ուրեմն, ամբողջական: Այսօր ես նման եմ այն ծաղկամանին, որ ճաք ունի, որ սոսնձվել է մի քանի անգամ, որի մեջ այլևս հեղուկ չի լցվում: Ես նման եմ ծաղկամանի, որ այլևս չի վախենում ինքն իր ճաքերից, որովհետև կարող է նաև դատարկ լինել:
Ես դադարել եմ պահել այն, ինչ սիրում եմ, որովհետև հասկացել եմ` սիրելի ամեն բանի համար հոգուս մեջ տեղ չկա այլևս: Ես սովորել եմ հոգուս մեջ տեղ պահել ինքս ինձ համար: Որովհետև իմ մեջ են աշխարհի բոլոր սերերը` ապրված ու տեսած, թաքուն ու անզուսպ, ու չհաշվարկված, ու շատ կարճատև ու երկար, երկար, երբեք չավարտվող:
Այսօր ես նման եմ քո այս քաղաքին, որ սիրուն է կեսօրից հետո և որում գիշերով վխտում են առնետները: Ես նման եմ այս քաղաքին, որ ապրում է անհագ, որովհետև մեկ անգամ արդեն մեռել է:
Հանդկե, ես նորից այստեղ եմ, այս քաղաքում, ուր ոչ ոք չի շտապում, ուր ընթացքը կարևոր է: Դու ինձ կսիրեիր, որովհետև ես սովորել եմ սիրել կյանքիս ընթացքը, մարմնիս սպիները, ունեցածս, չունեցածս ու կորցրածս:
Որովհետև ես սովորել եմ կորցնել: Ինչո՞ւ ոչ ոք չի սովորեցնում մեզ կորցնել. չէ՞ որ դա նույնքան կարևոր հմտություն է, որքան, օրինակ, կոշիկի քուղերը կապելը կամ ընթացքի մեջ մետրոյի վագոնի դռներին չհենվելը:
Դու ինձ կսիրեիր, որովհետև ես սովորել եմ լռել ու լսել:
Ես սովորել եմ չսպասել, չհուսալ, չմրցել ինձ հետ:
Ես սովորել եմ հանգիստ թողնել ինձ:
Ես այլևս չեմ վախենում մոռացված լինել, որովհետև թույլ եմ տվել ինձ մոռանալ այլոց, նրանց, ում սիրել եմ ու ում սիրում եմ: Որովհետև մոռացության մեջ է ազատությունը:
Դու ինձ կսիրեիր, որովհետև ես հիմա նման եմ քո հրեշտակներին` անկումից հետո: Նրանց, որ սկսում են գունավոր տեսնել, երբ թողնում են հրեշտակ լինելու վեհանձն մղումը ու քայլ անում դեպի անդունդը: Դու ինձ կսիրեիր, որովհետև ես նման եմ սովորական մարդու ու քո քաղաքին, որի պատի երկաթե ողնաշարին կռռում է ագռավը, իսկ քիչ այն կողմ, կողերի արանքով, վազում է փոքրիկ, շիկահեր տղան: