***
աշխարհը լիքն է
հետպատերազմյան մարդկանցով,
հետպատերազմյան իրերով

նամակներիս արանքում
մինչպատերազմյան օճառի մի կտոր գտա
չգիտեի՝ ինչ անել.
լվացվե՞լ
լա՞ց լինել

Մինչպատերազմյան դարաշրջան-խորտակված Անտարկտիդա

և մենք՝ փրկված հրաշքով

***
հետաքրքիր է՝
ի՞նչ էի անում ես այն ժամանակ,
երբ դու դառնում էիր այսքան հասուն

ի՞նչ էի ես անում

կարծես վազում էի հացի
ո՛չ
քար էի դնում քարի վրա
իսկ միգուցե քայլում էի աստիճաններով
կանգնում էի
հագնվո՞ւմ էի
շուրջս էի նայում
մանր էի փոխանցում
եկող փոխադրամիջոցն էի բաց թողնում
նստում էի ճաշի
մորս էի թաղում
ութը տարի մորս էի թաղում
վազում էի հացի

ինչ տարօրինակ է.
մենք մոտ ենք
դու երբեք չես կարող հասնել և անցնել ինձ այս վազքի մեջ
ես չեմ կարող քեզ սպասել
ես ունակ եմ միայն սլանալ

դու հիասքանչ ես
բայց ի՞նչ անեմ ես քեզ հետ.
քեզ հետ չի կարելի լացել անցյալի վրա,
ոչ էլ հույսով նայել գալիքին,
որ ավելի է փոքրանում

մենք ձեռքերով թափահարում ենք միմյանց՝
ինչպես լողաթևերը՝
ջրջող տրամվայների ջրավազաններում

***
ահա դու հասար նրան
ինչին ուզում էիր.

դարձար քո և
ժամանակի տերը

նստեցիր սեղանի շուրջ,
որտեղ հայրդ էր նստում

բայց մեծերի աշխարհ կա,
կա աշխարհ՝ մեռածների

Թարգմանությունը՝
Կարինե Նահապետյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն