Խաղաղություն կուլ տված աչքերս հիմա կպայթեն ձայնից քաոսի:
Վերադարձիդ փամփուշտներս գիրկդ կվազեն,
Մատներս կսահեն՝ վերհիշելու գույներդ, ու զգալով կարմիրդ՝ ամուր կկառչեն անմար ժպիտիցդ, որից սառած արցունքն էր կախվել:
Պայքար էր… պատերազմ ու ատելություն խաղաղության, սիրո համար։
Ահաբեկչին անհավատները հարցրին.
— Մեր սիրո աշունն ո՞ւր տարար, պիտի կրկնվեր հազար անգամներ:
— Աշունն արդեն ատելություն տենչացող խաղաղության կոչեր կլինի։ Ձեր սերը թող ամռանը լինի, գարնանը լինի, ձմռանը լինի։ Աշունը՝ շքամուտքից կախված անմար լապտեր:
Սիրտս:
Մարմնիդ վրա տպվել են սառած ընկերներդ՝ սրտներին խրված նրանց սիրելիները…
Զգա՛, զգա՛, թե ոնց եմ փամփուշտ դառնում ես ու վազում դեպի սիրտդ,
կարոտից խեղդված ու անարցունք՝ լուռ գրկում եմ անզարկ սիրտդ,
որ զարկի սիրտս, ու նորից լսեմ ձայնդ:
Կարմիր ներկված դաշտերը լուսնին խելագար են անվանել,
և երբևէ չլսված լուսնի ճիչը ոչ ոքի ականջից չի հեռանա այլևս,
Մեկական ձեռք բոլորի կոկորդից կախված,
Խեղդվածները խելակորույս փախչում էին խուլ փողոցներից:
Իսկ ե՞ս, ես տուն չունեմ գնալու, տեղս քեզ հետ ես տարել…
Լուսինը շշնջում էր միշտ՝ անտուն եմ ես…
բոլորից անտուն, բոլորի տանիքներն էդտեղ է, լուսին, ավելի խաղաղ կարո՞ղ ես լինել:
Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան կիսատ էր գրվել,
Ինչ-որ մեկը ինչ-որ մեկին կիսատ էր գրկել,
Իսկ ես մեղավոր դարձած ժպիտ եմ կորցրել,
Որտե՞ղ մենք կորանք,
Որտե՞ղ ատեցինք առաջին անգամ։
Ներիր մեզ, աշո՛ւն, ներիր մեզ, լուսի՛ն:
Հարց դարձիր, անվերջ փնտրի քեզ քամին
Ինչպես է անձրևը շոյում դատարկ մարմինները ձեր։ Ու ես սպասում եմ, մինչև վերջին կաթիլը կմարի ձեզ վրա, ու դուք կշարունակեք շտապել։
Քո երակներն ամենուր էին, ու անգամ երակներումս քո երակներն էին։ Ես որքան կուզեի, որ դրանք կանգ առնեն մի պահ, ու աղավնիները քեզ հոշոտեին՝ որպես դատարկված, անմիտ երազ։ Ես ուզում եմ՝ դու զգաս ինձ, զգաս՝ որպես երազ։ Ուզում եմ լինել երազիդ տրված մի զոհ։ Պիտի պատուհաններն իմ տան այրեմ, հետո կարգի բերեմ դարակները։ Ես կդատարկեմ քո հայացքների արկղն, ու ինչ-որ մեկի հայացքից դուրս կնետվեմ ինքս։ Կշարունակեմ քեզանից խոսել շատ վստահ ու չեմ կաշկանդվի, որովհետև ինքդ գիտես, որ դու գոյություն չունես։ Ես կհաշվեմ, թե որքան հայացք դու ունես, բծերը շուրթերիդ, կզգամ մատներիդ բարձիկներն՝ ընդգծելով նախշերը մատնահետքերիդ, ու մի գեղեցիկ օր ես կհեռանամ։
Խառնիր ինձ արյանս հետ, ինչպես շաքարը կխառնեիր կաթին։ Ուզում եմ գրկել շուրթերդ իմ արցունքներով ու ևս մեկ անգամ համբուրել աչքերդ։ Մի գավաթ թեյ կուզենամ ըմպենք ու կուզենամ լռենք։ Լռության մեջ մեր ձայները թող գրկեն իրար։ Ուզում եմ ոչինչ չուզենալ։ Որպես քո աչքեր՝ քեզ մի բան ասե՞մ։ Ուզում եմ ասել։ Կյանքում քո վաղուց ոչինչ չի փոխվել, դու արթնացար կեսօրին, թավալվեցիր տեղերիդ մեջ, լվացվեցիր ու սուրճ խմեցիր մեկ գավաթ, դու էլ բոլորի պես նետվեցիր… փողոց։ Զգացիր քամին մազերիդ մեջ ու լուռ քայլերդ շարունակեցիր, անձրևը քեզ էլ հասավ, ու քեզ էլ նայեցի ես. նորից։ Երբ տուն վերադարձար, սուրճի փոխարեն գինին ընտրեցիր: Դու ցանկացար ձևացնել, թե զգում ես ինչ-որ բան, ու չհասկացար, որ մթությունը քո մեջ նստած էր՝ գինին ձեռքին։ Որպես մոխրամանի մեջ թափվող վերջին մտքեր՝ դու նորից խոսեցիր այս կյանքի մասին։ Ի՞նչ է այն, և որտեղից ենք մենք։ Դու նորից մտածեցիր սիրածդ գույնի, թվի ու տառի մասին։ Ինչի՞ էս կյանքում դու հենց էդ սիրեցիր։ Էլի կլինե՞ս, թե՞ կմոխրանաս, ու վաղը քեզ էլ ոչ ոք չի հիշի։ Դու էլի սեր երազեցիր։ Իսկ հետո քեզ հարցրիր, թե ի՞նչ բան է դա։ Իմաստները, երևի, հավերժ փնտրվելու համար են, պատասխանների նման։ Երբեք ոչինչ հստակ չի լինում, երևի։ Ինչևէ, ես կուզեի ամբողջ մարմինդ լիներ, ու կուզեի՝ ես լինեի դու։ Ցավոք, ես չգիտեմ, թե ով ես դու, ու ում աչքերն եմ ես, ու չգիտեմ՝ ինչ կուզենայի հիմա ես։ Կուզենայի գրկել քեզ նորից, ցավով կասեմ, որ դու գոյություն չունես ու երևի չես էլ ունեցել: Ու ի՞նչ։ Ոչինչ։ Որոշել եմ այսօր հետ շարել պատուհանները տան, որ այրեմ ավելի ուժգին։ Հետո կհասնեմ լուսին, կնստեմ ուսին ու կճոճորվեմ հավերժական ճոճանակին։ Կշոշափեմ լուսնի եռման վարսերը ու։ Զարթուցիչի ձայն։