***
Հոգ տար իմ մենակությանը,
Տու՛ր ձեռքդ, որ դուրս գամ
Քո հորինած ճահիճներից,
Մինչև քնելը մտածիր իմ մասին,
Որ գիշերը գամ ու գրկեմ երազդ։
Սիրտդ փակիր մեծ քարերով
Եվ դիս Քրիստոսի պես մեջը թաղիր,
Արևին նայիր կոպերիցդ զզված
Ու դուրս պրծած աչքերով,
Եվ երրորդ օրը հարություն տուր ինձ,
Որ էլի սիրեմ,
Որ խաչես ինձ քո՛ մեղքերի համար։
***
Կտամ քեզ իմ երազները,
Որ ծնվեցին միամիտ,
Քնած ժամանակ,
Ու բաց կապույտ են՝ խաղաղ։
Կտամ նաև տաք,
Բայց չհագեցնող համբույրներ,
Որ արևից են գողացված ու դեղին։
Կտամ երազանքներ,
Որոնք մառախուղներից հետո
Մոխրագույն են դարձել։
Կտամ բոլոր ժպիտները՝
Շուրթերի պես վարդագույն ու փափուկ։
Կտամ քեզ երակներ,
Որ հոսես հանգիստ՝
Մանուշակագույնի պես։
Կտամ քեզ արյուններ,
Որ կարմիր ներկվեն անգույն այտերդ։
Քեզ կտամ հոգի,
Անգույն ու պարզ, ինչպես նորածնի միտքը,
Որ կարողանաս քո գույնը գտնել։
Եվ վերջում
Բոլորը սևով կհամադրեմ՝
Քեզ իմ սիրտը տալով,
Որ անդադար ճաքեն գույներդ,
Որ անվերջ խառնվես ինձ։
***
Կկարկատեմ վերնաշապիկդ
Թել ու ասեղով,
Մանր կարվածքով ու նուրբ,
Որ չփչացնեմ բամբակե գործվածքը,
Չեմ շտապի,
Ինչպես հոգիդ կարելու հարցում։
Կկարեմ դանդաղ,
Զգույշ ու առանց մատս ծակելու,
Որովհետև հոգումդ թողած
արյուններս բավարար են։
Բարակ ու հասարակ թելով կկարեմ,
Որ չպատռվի,
Հոգիդ ճոխությունիցս պատռվեց։
Կփորձեմ փակել բոլոր անցքերը
Ու վերացնել պատռածի հետքերը,
Կփորձեմ ջնջել պատռածը
Գոնե վերնաշապիկից,
Հոգուդ պատռածը չհաջողեցի։
***
Հանկարծ կհայտնվես աչքերիս առաջ,
Կծակես ոտնաթաթերս, ու
Հայացքդ կստիպի քայլել քո հետևից։
Կվազեմ հետևիցդ՝ հակառակ հանգիստ քայլերիդ,
Ձեռքերս երկինք կպարզեմ,
Հայացքս՝ ծակված ոտնաթաթերիս։
Չեմ արտասվի
Ու արցունքներիս աղերը կուղարկեմ վերքերիս։
Կմռմռա, կցավա, կցավեցնի…
Կկանգնեցնի։
Կմնան միայն անցքերը։
Ցավը կչքանա ու իր հետ քեզ էլ կտանի։
Ձեռքերս կթուլանան,
Հայացքս երկինք կնայի։
Կմնան միայն ծակծկված ոտնաթաթերս։
***
Ես էլ չեմ հագնում ծաղկավոր զգեստներս,
Բոլորը այրել եմ քմահաճույքներիդ կրակներում։
Չեմ բողոքում.
Սրահները՝ լիքը մարդկանցով
Ու դատարկ, քեզնից հեռու ու կարոտ հեռանալուդ։
Չեմ բողոքում.
Հագնում եմ հարմար կոշիկներ,
Կրունկներս հետ են վարժվում բարձրությանը։
Տարօրինակ երջանկությունները
հարազատներս են դարձել
Ու սովորեցնում են ճանաչել թշնամիներիս։
Չեմ բողոքում.
Արդեն կարողանում եմ վախենալ,
Իսկ վախը ամենամաքուր ու
ամենաինքնուրույն զգացողությունն է։
Սրահները դատարկվում են քեզնից,
Կարոտները վերածվում են սպասումների։
Չեմ բողոքում.
Ժամանակն է ազատել կրունկներս.
Կապերը քանդելու համար՝ ցանկություն,
Իսկ ձեռքերին ուժ է պետք։
Կապված ոտքերով էլ չեմ բողոքում։
***
Խնդրում եմ,
Երբ որոշես գնալ,
Քեզ հետ կվերցնես ինձ նվիրած
առաջին համբույրդ,
Որ մաշկս մաքրվի քեզնից։
Կտանես կոստյումդ
Ու կլվանաս թանկարժեք օճառներով,
Որ մաշկիս բույրը անցնի վրայից,
ու դադարես խենթանալ։
Կտանես նաև սափրիչդ,
Որից էդպես էլ չօգտվեցիր,
Որովհետև սիրում էի դեմքիդ
ծակծկող մազիկները։
Խնդրում եմ,
Չմոռանաս մոտս թողնել
աչքերիդ փայլն ու անկեղծությունը,
Որոնք էլ չի տեսնի ոչ ոք։
Անպայման մոտս կմոռանաս երգերիդ այն ցանկը,
Որոնց վրա վատնում էինք մեր
անպետք ժամանակը։
Ուզած-չուզած՝
ինձ մոտ կմոռանաս նաև հումորիդ զգացումը,
Դրանց վրա ծիծաղելու
ճիշտ ժամանակը գիտեմ միայն ես։
Չթողնե՛ս ոչ մի հիշողություն,
Քեզ հետ կապված մտքերի համար
այլևս ժամանակ չեմ ունենալու։
Խնդրում եմ,
Երբ որոշես գնալ,
Քեզ հետ ինձ էլ վերցրու։
***
տաքուկ մի անկյունում փակված ու շնչահեղձ մարմիններից ոչ մեկը չմնաց ու չեկավ,
վերադարձներից ու սպասումից հոգնած հոգիները
փակվեցին սառցախցիկներում.
ու հանգիստը եղավ ամենամեծ վախը սրտերի,
սիրելիները կորան,
հարազատները մեռան ճառերի՞ց,
թե՞ վախից կորուստների.
մի տեղ, մի անկյունում մնացին փոշիները
կորած կարոտների ու
յուղաներկերի մաշված ծակոտիներում՝
պատերի տակ, մնացին լուսաբացների հուշերը.
առաստաղներում սարդոստայնների մեջ կորան
բորբոքված կրքերն ու սատկած ապրումները.
բողոքներից
տագնապներից
զառանցանքներից
տենդերից
ոչնչից հետո գնացին բոլորը
կորան մեղադրանքների մեջ
կորան
գնացին
կորան
բոլորը
***
Իմ բոլոր վերածնունդներում՝ տարաբախտ,
բոլոր հույսերը հոտերի պես քթիս մեջ մնացին,
ու ես սկսեցի փնտրել
հույսերս բոլորի օծանելիքներում։
Բոլորի վերադարձներում կարոտներ փնտրեցի,
ու չգտած իմ կարոտների արժեքը կրկնապատկվեց։
Դատարկ փողոցներում
ոտնահետքեր փնտրեցի ու գտա,
սխալ ճանապարհներիս մնացել էին
կեղտոտ ոտնահետքերս։
Դատարկվեցի
Դատարկվեցի
Դատարկվեցի
Ու չփորձեցի լցվել.
Գնացի հետքերի հետևից
ու վերադարձի նեղ ճանապարհում
խեղդվեցի իմ մեջ։
***
հիասթափվելը մատը կտրելու պես բան է.
սկզբում ոչինչ չես զգում,
հետո սկսում է իրեն զգացնել տալ,
երբ փորձում ես ուշադրություն չդարձնել,
սկսում է մրմռալ.
տանջում է քեզ,
նայում ես՝ փոքրիկ բան է,
արյուն չկա,
միայն կաշիդ է վնասվել,
բայց մրմռում է,
ու ցավացողը հեչ էլ մատդ չի,
ամբողջ մարմինդ է սկսում ցավալ,
տագնապի մեջ ես,
փշաքաղվում ես,
մրմռում է։
Ախր, փոքր վերք է, աննշան,
Ու գրեթե չի էլ երևում,
Բայց տպավորություն է, թե մատդ ես կտրել։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն