***
Օրը ծերացավ։
Կրկին ու կրկին
Զուգերգում եմ ես —
Իմ և քո ձայնով…
***
Ծոցս
Լիքն է
Քեզնով։
Ես
Իմ անցյալում եմ
Գիշերում…
***
Գիշերներդ
Ամենաբուրավետ
Ծաղիկներն են…
Չե՞ս ուզում
Ինձ ծաղկեփունջ
Նվիրել…
***
Իմ որդին
Հանդիպեց քո որդուն
Երկնքում…
Ահա՛,
Թե որտեղ էր
Ժամադրավայրը
Իմ և քո
Ճակատագրերի…
***
Սահմանին
Ղողանջում է
Զորացրման հրամանը…
Զինվորներին
Հայոց բանակից
Զորացրում են
Անօդաչու թռչող սարքերը…
***
Չի եղել,
Դարեր ի վեր
Հայոց աշխարհի
Ո՛չ մի,
Ո՛չ մի մայրաքաղաք
Այսչա՛փ երիտասարդ
Չի եղել,
Որքան
ԵՌԱԲԼՈՒՐԸ՝
Ներկայիս մայրաքաղաքը
Հայոց աշխարհի…
***
Ինձ
Նկարում եմ
Գունավո՛ր մատիտներով.
Գարուն է…
***
Հագիցս
Երկինքն եմ հանում,
Որ գամ մոտդ…
Կեսգիշեր է…
***
Գարուն է. անձրև։
Ամառ է. անձրև։
Աշուն է. անձրև։
Ձմեռ է. անձրև…
Ի՛մ հայրենիքի
Արևն է միայն
Աչքերը հառել
Եռաբլուրին…
***
Իմ հայրենիքը
Եղբոր նկարը շոյող
Հոր սրտին է նայում
Եվ դուրս վազում։
Իմ հայրենիքը
Եղբոր նկարում ապրող
Մոր սրտին է նայում
Եվ դուրս վազում։
Իմ հայրենիքը
Եղբոր նկարին լսող
Իր սրտին է նայում
Եվ դուրս վազում։
Իմ հայրենիքը
Օրական մի քանի անգամ
Դեղատուն վազող
Կրտսեր զավակն է տան…
***
Չորսբոլորս
Աղջիկների բույլեր են՝
Հագներին —
Պատերազմի
Գույնի
Սեր…
***
Պատերազմը
Ավարտվել է,
Սակայն ես
Ամաչում եմ,
Որ
Շուրթերդ
Համբույրներս են նկարում…
***
Մինչև երեկ
Ինձ հարցնում էի,
Թե ինչու
Աշխարհի
Ամենամեծ զորամասը
Հայոց բանակում
Չի գտնվում։
Հիմա այլևս
Չեմ հարցնում։
Բա
Երկի՛նքն
Ինչ է…
***
Ձայնս եմ նկարում,
Որ
Փետրաթափ չլինեն
Աղավնիները…
***
Պապս
Երկնքի տեղը
Հորս ցույց տվեց։
Հայրս
Երկնքի տեղը
Ինձ ցույց տվեց։
Ես
Երկնքի տեղը
Այս բանաստեղծությանը
Ցույց տվեցի,
Որ
Թոռս
Որդուս տեղը
Երկնքից չիմանա…
***
Դեռ ձմեռ չէ,
Բայց հայրենիքս
Սկսել է
Իր շեներն այրել…
Այս ամռան կեսին
Ո՜նց է սարսռում
Հայրենիքս…
***
Մեծ պայթյունը պնդում է,
Որ երկինքը
Ինքն է ստեղծել։
Այլ տեսություններ պնդում են,
Որ երկինքը
Իրենց ձեռագիրն է։
Աստված էլ
Իր հերթին է պնդում,
Որ երկինքը
Իր մատների հյուսքն է։
Ապա
Մինչև հիմա
Ինչո՞վ էին զբաղված
Հեկեկնագույն աչքերը
Հայ մայրերի…
***
Հայաստանյան
Ոչ մի հրատարակչություն
Հայ
Ռազմագիտության
Դասագիրք
Չի տպագրում։
Ասում են՝
Չի վաճառվում…
***
Իմ
Հաց
Հայրենիքում
Վերջին տարիներին
Այլևս հացահատիկ
Աշնանացանք չեն անում։
Իմ
Լաց
Հայրենիքում
Անգամ չի սպառվում
Բերքը գարնանացանի…
***
Վերջերս տատս
Իր մեղրաձայնով
Ստիպված է
Խաբում
Կռթկռթացող
Բոլոր հավերին.
Նա
Թուխս եկող
Հավերի տակ
Բացառապես
Աղավնո՛ւ ձու է դնում…
***
Պատերազմը
Հայերեն չգիտե։
Նրան երբեք չի հաջողվել
Պապիս, հորս և իմ շուրթերից
Թուրքերեն քաղել։
Նրան երբեք չի հաջողվել
Կտրել հայերենը
Պապիս, հորս և իմ շուրթերից։
Պատերազմը
Հիմա էլ փորձում է
Իր մահահոտ լեզուն
Որդուս սովորեցնել՝
Մոռանալով,
Որ որդիս նախահայրն է
Իմ, հորս ու պապիս…
***
Ինձ հարևան
Թշնամի ու բարեկամ
Բոլոր պետությունները
Ամեն տարի
Աշունից լույս են քաղում,
Աշունից երգ են քաղում
Ու՝ բերք։
Նույն աշունն է,
Սակայն ամեն տարի
Միայն ի՛մ հայրենիքն է
Նրանից քաղում
Զինվորի մարմիններ…
***
Մայրս
Երկնքին չի նայում
Պատերազմներից հետո։
Նա երկինքն է դիմավորել
Հոր փոխարեն,
Նա երկինքն է դիմավորել
Եղբոր փոխարեն,
Ամուսնու փոխարեն էլ է
Նա երկինքը դիմավորել։
Ես էլ
Երկնքին չեմ նայում
Այս պատերազմից հետո,
Որ չտեսնեմ՝
Ինչպես է
Երկինքն իմ փոխարեն
Մորս դիմավորում…
***
Երեսուն և մեկ տարի է՝
Ձայնը
Անգո՛ւյն մատիտներն են
Նկարել տալիս,
Սևե՛րը՝ մարմինը,
Կյանքը
Կարմի՛ր մատիտներն են
Նկարել տալիս,
Գո՛րշերը՝ երազանքները…
Երեսուն և մեկ տարի է՝
Անկախությունը
Մատիտները ձեռքին
Իրեն է նկարում…
***
Իմ այգուց
Բարեկամներս
Կակաչներ են քաղում։
Իմ այգուց
Ընկերներս
Նարգիզներ են քաղում։
Իմ այգուց
Հարևաններս
Շուշաններ են քաղում։
Ասում են՝
Հիմա ծաղկերենն է
Մեր որդիների հետ
Հաղորդակցման
Միակ լեզուն…