Բուն անթարթ հայացքով հետևում է բոլորի քայլերին։
Ես լույսի տակ նստած եմ և հետևում եմ բուին։ Փախուստ չկա։
Եռացող մարմինս խաղաղություն է գտնում ծառերին գրկելով։
Կորցրած հույսը գտնելու
համար ինքս իմ մեջ թափառում եմ։
Դրախտ եմ որոնում։
Ինքս իմ շուրջն եմ պտտվում։
Օդի, պատերի, հատակի ոլոր ապակիների մեջ ինձ եմ տեսնում, բայց անգլուխ։
Հետո հեռանում եմ վախից, ձեռքերով զգում եմ փակ աչքերիս մեջ ապրող կյանքի և լույսի գոյությունը։
Ես գիտեմ, որ լինում է ու չի լինում։ Կամ չի լինում ընդհանրապես այս աշխարհում չորս
եղանակից բացի ևս երկուսը։ Սեր և ատելություն։
Բայց ճկվում եմ դեպի գույները։
Կարմիր ու կապույտ շշերն աչքով են անում։ Աչքով է անում բաժակը։
Ճկվում եմ դեպի կարմիրը։
Պարաններն օրորվում են օդում, նստում մեջքիս։
Ճկվում եմ դեպի կապույտը։
Աջից ու ձախից կծիկներ են գալիս ինձ ընդառաջ։ Այդ կծիկների մեջ իմ կյանքի
բովանդակությունն է։
Ուզում եմ քանդել։ Մինչև վերջ տեսնել եմ ուզում։
Կծիկը բացելուց հետո ապրել եմ ուզում։

Խանգարում է օդը։ Խանգարում են բոլոր գծային տարածքները։
Խանգարում եմ ինքս ինձ ու գլորվում դեպի
Մարդկությունը։
Մարդկությունը լողում է ծխի մեջ, միայն ձեռքեր են երևում անկանոն շարժումներով։
Ոտնաձայները խլացնում են ինձ։ Ժամացույցն ինձ բանի տեղ չի դնում։
Սկսում եմ չափել գոյությունս։
Սկսում եմ չհաղթել ինձ։
Ուզում եմ հաղթել, բայց միայն մի քանի վայրկյան ավել շնչելուց հետո։

Թափանցիկ վարագույրով ծածկում եմ այն քաղաքը, որը սպիտակ շենքեր ունի։
Ծածկում եմ ու հեռանում։
Հեռանում եմ քամու երգի հետ։ Հեռանում եմ` թողելով ստվերս։

***
Մարդկանց ստվերները թռչում են։
Թռչում են` օդում խախտելով քամու երգը։
Լռություն։ Ձայներ։ Լռություն։
Երեք աղջիկ կարմիր ծաղկի պես բացվում են թևաբախումներով։ Երկինքը կոտրվում է
նրանց վրա։ Կարմիր նետեր են թափվում։
Ես դառնում եմ կախիչ։ Ձեռքերիցս մեկը խաղողի վազ է հիշեցնում։
Աղջիկները իրենց շարֆերը գցում են ինձ վրա ու հեգնանքով հեռանում։
Ծիծաղս գալիս է, բայց չեմ ծիծաղում։ Ես կախիչ եմ վերջապես, ոչ թե հանդերձարան։
Գրում եմ տողեր, բայց միայն ոտքիս մատներն են դրանք արտասանում։
Ձայներ։ Ձայներ։ Լռություն։ Խաղաղություն…
Ես սովորական կտավ չեմ։
Ինձ վրա դեղին զեբրաներով շրջում է սերը։
Սերը չի ուզում հեռանալ։
Պինդ գրկում եմ ինձ և վազում կարմիր ցանցերի մոտ, որոնցով կապկպում եմ իրեն, հետո ինձ։
Քայլում եմ։ Սրտիս տակ ու սրտիս մեջ փոթորիկ է։
Ձեռքերս տանում եմ դեպի գրպաններիս խորքերն ու սերմեր եմ հանում, աջ ու ձախ շաղ տալիս։ Ձեռքերիս մեջ վառվում են գիշերները։
Հայտնվում եմ երկնքում։
Սերմերը մարդիկ են դառնում, պառկում կլոր-կլոր գնդերի վրա, ստվերվում, նմանվում
չորացած ծառերի ճյուղերի։
Սրտիս անհանգիստ թակոցները դանդաղ լռում են։ Հետ եմ քայլում, ես էլ դառնում եմ
նրանցից մեկը։

***
Կարմիր թիթեռնիկներ են ամենուր` գլխիս, այն աղջկա գլխին էլ, մի ուրիշ աղջկա ուսին,
մյուսի քթին ու ձեռքերին։ Բոլորի հագած զգեստները նույնն են, և բոլորն իրար նման են։
Նրանցից մեկը ցածրահասակ է, մյուսները՝ բարձրահասակ։
Նրանք պարանները ձգում են իրենց կողմը, ինձ առնում եռանկյունու մեջ և պտտվում
մոլորակից արագ, պտտվում` անդունդից դուրս եկող լույսին հակառակ։
Ես հերթով փորձում եմ մոտենալ յուրաքանչյուրին։ Ցածրահասակի ձեռքերը պարանից
բռնած դողում էին։
Ես ամուր փակեցի նրա աչքերը և հնարավորինս մոտ գնացի։
Տիեզերքը գողացավ մայրամուտը։ Երկինքը երկիր դարձավ, և աչքերս գտան նույն աչքերից։
Հասկացա, որ սերը քամու հետ չի անցնում։
Իսկ քամին դեռ երգում է բոլորի համար…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն