ՈՒՇԱՑՈՒՄ 
Փողոցում կարոտները խցանվել են
ու անձրևների հետ
բոլոր պայմանագրերս չեղարկել, մամ,
անձրևանոցս չի ենթարկվում ինձ,
որովհետև քամիները տերեր ունեն հիմա,
թռչունները բոլոր
վաճառել են իրենց թևերը`
բաց ու փակ շուկաներում
(առաջին անգամ չէ,
որ մսավաճառը
ճակատագրեր է որոշում)։
ՏՈՒՆ 
Մեզ տողադարձել են,
ու տարվա եղանակները
չեն փրկում։
Մեկ էլ երբ եմ քեզ ունենալով
այսքան անտուն եղել։
ԿԱ-ՉԿԱ
Ծառերը նկարում են մարդ-տխրությանը,
իսկ հողը ջրվեժ է դառնում
ու հոսում դեպի անհայտություն,
որտեղ ապրելու է նա։
ԼՈՒՅՍ
Արշալույսը դուռ է դեպի քեզ.
քանի ամիս է՝ չի բացվում։
ՀՈՒՅՍ
Նա ինձ զանգում է
օրվա բոլոր ժամերին
և խնդրում սպասել անժամկետ։
ՍԵՐ
Չես քնում, երբ գիտես՝
նրա աչքերը չեն փակվում
գիշերվա ծանրությունից։
Եվ քամին քշում է նրա մոտ՝
ծխախոտի ծխին ու սուրճին թիկնած…
ՔԱՐ
Այնտեղ, ուր աստղերը լողում են՝
չզիջելով արևին,
և որտեղ չգտնվածը գտնում է կորցրածը,
քարերի երկիրն է։
Այստեղ խաչքարերը
աղոթում են մարդու մեջ,
հեքիաթներ են պատմում լեռները,
իսկ երեկոն
ծնկներին է դնում մարդկանց…
ՊՏՈՒՅՏ
Ամպերն իրենց ուսերին են դրել աչքերս,
որ ինչքան չերևաս` տեսնեմ քեզ
ու խոսեմ չգրված բառերով
ինձ տար այնտեղով,
որտեղով չեն անցել մարդիկ
և կարկատան արած քարտեզում չկա։
ՆԵՐԻՐ 
Ճանապարհները միշտ
դառնություն են ծնում,
խլում են ամեն ինչ,
դրա համար ես անսպասելի որոշում եմ
հեռանալ բոլորից
ու վերադառնալ ինձ մոտ միայն,
որովհետև ոչ ոք դեռ չի հասել ինձ։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն