Տղան իր փոքր ոտքով մեծ քայլ արեց։
— Բայց ո՞ւր ես շտապում,- հարցրեց Մայրը։
— Թող դուրս գնամ, Մայրիկ։
— Դրսում ձմեռ է,- Մայրը փակեց տան դուռը։ — Գնա։ — Տղան ձգվեց, ձեռքը չհասավ, ցատկեց, վայր ընկավ։
— Թող դուրս գնամ, Մամ, դրսում արդեն գարուն է,- Տղան մեծ ոտքերով վազեց հինգ-վեց քայլ առաջ, ցատկեց, թռավ վերև՝ հայացքը դեպի երկինք, հասավ տիեզերք, աչքերով հպվեց լուսնին, և ահա-ահա կմտներ դուրս, բայց Մոր ձեռքերը երկարեցին, գրկեցին Տղային։
— Ախր, դրսում անձրև է,- այնքան ամուր գրկեց Տղային և այնքան երկար պահեց նրան գրկած, որ Տղայի ոսկորները փշրվեցին, նա արդեն կաղում էր։
— Իսկ հիմա, ուրեմն, ես արդեն դուրս կգնամ, Մամ։
— Էլի դու շտապում ես, մի գնա։
Բայց մի՞թե Տղան չպիտի գնար, արդեն ժամանակն էր։ Անգետ Տղան դուրս գնաց կաղալով առաջ, և երբ ուզեց հետ գալ, արդեն ուշ էր, դուրսը նման չէր ներսին։ Դուրսը կուլ տվեց Տղայի փշրված ոտքերը, Տղան քար վերցրեց, ուզեց կռվել, բայց չգիտեր՝ ինչպես և ում հետ, փշրված ձեռքերը չդիմացան ծանրությանը, դուրսը կուլ տվեց տղայի ձեռքերը։ Տղան սողում էր առաջ, բայց մարմինը փշրվում էր՝ ինքնակամ հանձնվելով չգիտես՝ ո՜ւմ, չգիտես՝ ինչու…