Գրպանահատ օրեր
Եվ եղար դու,
Ոչ միայն նրա համար,
որ փրկես ինձ,
Այլ, որ բանաստեղծությունը
չավարտվի։
Սովորաբար,
երկուշաբթիները գալիս են
արագընթաց գնացքով
փոթորկի պես խրվում
ուղիղ սրտիդ մեջ
ու տանտիրոջ իրավունքով
հանգիստ տեղավորվում են։
Նրանց ճամպրուկը միշտ ծանր է,
բերնեբերան՝
կյանքը վերսկսելու
քո փայփայած սին հույսերով,
անվերջ հետաձգած
խոստումներով,
չասված խոսքերով,
քո հազար ու
մի չգրած նամակներով,
այդպես էլ չարած զանգերով,
որ հենց այս Երկուշաբթի
պիտի համարձակվեիր ու անեիր,
բայց վախկոտի
պես էլի հետաձգեցիր՝
այդ ամենը խցկելով
մյուս օրերի գրպանները…
իսկ երկուշաբթիները շատ տխուր են,
դառնագույն լացն աչքերում,
որովհետև վերջում միշտ պարզվում է,
որ իրենք են մեղավոր,
ու դու, անգամ ցտեսություն չասելով,
քո կծու բառերով լի ճամպրուկը
պարզում ես նրանց,
որովհետև ապրելու շաբաթներից ու
քաղցր կիրակիներից հետո
երկուշաբթիները պարզապես
անտանելի ռեալիստ են։
Ու չնայած այս ամենին՝
նրանք այնքա՜ն ներողամիտ են,
միշտ ներում են քեզ քո ցավը,
քո այսչափ թույլ լինելը
և լուռ գնում են,
որ նորից լվան քո բոլոր չարածները,
պարանին փռեն ու արդուկեն
քո այդպես էլ չասածները
և ճամպրուկի մեջ լցնելով դրանք՝
հաջորդ շաբաթվա գնացքով
հետ գան,
հետ բերեն՝
հուսալով, որ մի օր
վերջապես զանգելու ես ու ասես,
«Շուտ արի՛,
ես անհամբեր սպասում եմ
քո ամեն մի վայրկյանին»։
***
Սեր իմ, զգացե՞լ ես՝
այս գրպանահատ օրերը
չտեսի նման գողանում են
մեր կյանքի թանկ րոպեներն ու
առանց մի գրամ ափոսանքի
նետում դրանք
անդարձության աղբանոցն ու
փախչում են մեզնից՝
քահ-քահ ծիծաղելով մեզ վրա,
որ այդպես էլ չհասցրինք
մի կարգին սիրել իրար,
իսկ աղբաբերն արդեն
սրտիդ շեմին է թափում
պահը բաժանումի։
Սե՛ր իմ, հիմա
ինչպես բոլոր բաժանվողները
այստեղ պիտի խոստանանք,
որ կհանդիպենք հաստատ,
կհանդիպենք երևի…
ու ես ամեն օր
սպասելու եմ քեզ
նույն տեղում,
մինչև ուշ գիշեր՝
երբեքին պակաս հինգ։
***
Անձնուրաց նվիրման ծես է.
Շրջանակի մեջ դնելով կյանքս՝
պսակում ես կարգուկանոնով՝
չես թողնում խմել,
չես թողնում չուտել,
ալարել անգամ չես թողնում։
Օրվա բոլոր ժամերը բաշխում ես
արթնացման առավոտի,
ցավի կեսօրի,
ու անզգայացման գիշերվա միջև։
Բոլոր մահերով մեռած,
բայց մերթընդմերթ տրոփող սիրտս
բաժանում ես
երկու անհավասար մասի՝
դե իհարկե, մեծը պահելով քեզ…
իսկ ուրվական մարմինս
հանում ես մահվան մահճից՝
դեղինը դարձնելով
սովորական մարմնագույն։
Հետո հերթը աչքերինս է,
որոնցում կարդացել ես
աննահանջ վախերիս մասին
ու նույնիսկ հասցրել
դաջվել նրանցում։
Եվ հիմա,
երբ շրջանակի մեջ առնելու
հերթը ձեռքերինս է,
որտե՞ղ ես տեղավորելու
դողը մատներիս
քեզ տեսնելիս, կամ
ամենասիրելի գրքի վրա
քեզ ընծայագիր գրելիս…
ինձ համար
քո այդ չափած-ձևած կյանքի մեջ
Որտե՞ղ ես տեղավորելու
Թերևս ամենակարևորը՝
ՔԵԶ։
***
Ու մենք,
որ այդպես էլ չանցանք դու-ի,
պատնեշելով մտքերն ու սրտերը մեր,
կողպեցինք բոլոր հնարավոր
դռներն ու պատուհանները,
թաքնվեցինք
անպատեհ զանգերի, թղթերի,
անիմաստ հարցերի
ու մռայլադեմ մարդկանց ստվերում՝
մոռացության տալով,
որ այս էլ քանի օր է օդում
ինքնահրկիզվող
բառեր են թափառում մեր մասին,
որոնց համար
մի կարգին հրշեջ էլ չեղանք,
ու կյանքից գողացված այս պաղ ծեգին
այդ բարձրավոլտ մտքերով
իրար ջերմացնելու փոխարեն,
դրանք ընծայեցինք
քո լռությանն ու իմ արցունքներին։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն